ԿարևորՔաղաքական

Իրավունքներ, որոնց անունն է Արցախ

Իրավունքների մի ողջ փաթեթ, որն ամրագրում է Արցախի եւ արցախահայության գոյության, պահանջների եւ սեփական հողում սեփական պետականությունը կերտելու արդարացիությունը։ Իրավունքների փունջ, որը, սակայն, որքան էլ ամրագրված է միջազգային փաստաթղթերում, հաճախ անտեսվում է միջազգային հանրության եւ իրեն քաղաքակիրթ համարող աշխարհի կողմից։  

Գրված իրավունքների կողքին՝ ինքնորոշում, ազատ ապրելու իրավունք, նաեւ վաստակած իրավունքներն են՝ սեփական բնօրրանում ապրելու, ժողովրդավարական պետություն կառուցելու իրավունքները, որոնք մեկը մյուսին լրացնելով ու ամրացնելով պետք է երաշխավորեն ազատ Արցախի գոյության իրավունքը։

Իրավունքներ, որոնց անունն է Արցախ։ Իրավունքների փունջ, որը միջազգային իրավական ամրագրումներով ամրագրում է Արցախ պետության եւ այնտեղ ապրող ժողովրդի ինքրորոշման պահանջի արդարացիությունը։

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ Արցախի իրավունքները դիտարկվում են որպես արցախահայության իրավունքներ։ Առաջին կարևորագույն իրավունքը, որի համար այսօր էլ պայքարը շարունակվում է, ինքնորոշման հարցն է։ Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ–ի կանոնադրության հենց առաջին հոդվածում և  համարվում է միջազգային իրավունքի հիմնաքարը՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Նույնիսկ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի ընդունած միջազգային իրավունքի սկզբունքներն են սկսվում այդ իրավունքով։
 
Արցախի և աշխարհի մյուս ժողովուրդների իրավունքներն ամրագրված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 1975 թվականի եզրափակիչ ակտում, որը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային իրավակարգի սկզբունք է։ Արցախի ժողովուրդը 31 տարի  առաջ որոշում կայացրեց, որ պետք է օգտվի իր այդ իրավունքից՝ ապրել անկախ ու ազատ․

«Այսօր թեև  մենք տեսնում ենք բազմաթիվ դժվարություններ։ Այս իրավունքը ամրագրված է ոչ միայն կանոնադրական  փաստաթղթերում, այլև  միջազգային դատական ատյաններում արևելյան թիմերի վերաբերյալ գործով,  Կոսովոյի խորհրդատվական եզրակացությամբ, որոնք  ընդունվել են ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Կա նաև դատական պրակտիկա ՝ այս իրավունքը ամրագրող և երաշխավորող։  Եվ այստեղ խնդիրը, որ առաջանում է, այն է, թե որ ազգն է ավելի համառ իր իրավունքի իրացման  պայքարում և ինչ համառությամբ է կարողանում  համոզել միջազգային հանրությանը, որ ինքն արժանի է այդ իրավունքը կենսագործելուն»։

Սեփական իրավունքների համար պայքարում հաջողում են այն ազգերը, որոնք սեփական կազմակերպված, համառ ու տքնաջան աշխատանքն են տանում այս ուղղությամբ, հակառակ նրանց, ովքեր հույսը դնում են միջազգային հանրության վրա՝ ասում է միջազգային իրավունքի փորձագետը։ Տարոն Սիմոնյանն ակնկալում է, որ 30 տարում կուտակվածն ու այսօրվա իրավիճակը զգոնության կոչ պետք է լինեն՝ ավելի գիտակից պայքարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար։

Մյուս հիմնարար իրավունքն, ըստ փորձագետի, արցախահայության ազատ, անկախ ապրելու իրավունքն է։ Ադրբեջանը, Թուրքիան ու մի քանի այլ պետություն ակնհայտորեն ոտնահարում են միջազգային իրավակարգի կարևորագույն սկզբունքները։ Բացի այս՝ եղբայրական պետությունները խախտում են ուժի կիրառման և դրա սպառնալիքի արգելքի սկզբունքը․

«Որևէ պետություն երբ ուժ է կիրառում, կարող է արդարացնել ուժի կիրառումը միայն երկու պարագայում, մեկը՝ երբ ինքնապաշտպանության է դիմում, և երկրորդը՝ երբ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի որոշման կատարումն է ապահովում։ Իսկ Ադրբեջանն այս երկուսից որևէ մեկով չի առաջնորդվում։ Առաջնորդվում է ագրեսիայով, որը, համաձայն  միջազգային քրեական իրավունքի, միջազգային հանցագործություն է։ Եվ դա ամրագրված է միջազգային  քրեական դատարանի կանոնադրությամբ, որի համար պատասխանատվություն է հասնում։ Պարզապես Ադրբեջանն այս իրավունքի խախտումները կարողանում է ինչ-որ առումներով  այսօր «մարսել», որովհետև միջազգային հանրությունը  կուլ է տալիս այդ վարքագիծը՝ հաշվի առնելով տարբեր շահեր, և, որ ամենակարևորն է, օգտվելով մեր անգործությունից»։

Արցախում այսօր սեփական իրավունքների հանդեպ հատուկ զգայուն մոտեցում ունեն․ այստեղ խոսում են ժողովրդավարական պետություն կառուցելու իրավունքը որոշում դարձնելու մասին։ Սա, փաստացի, նաեւ անկախության իրավունքի հարց է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի հռչակման 31–ամյակի շնորհավորական ուղերձում ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումն է շեշտում՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Ճանապարհը լի է անասելի փորձություններով ու դժվարություններով, բայց 31 տարի առաջ ունեցած կամքն ու վճռականությունն այսօր էլ չեն նահանջել՝ գրում է Հարությունյանը։ Մեջբերում․

«Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան: Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»։

Արցախն այսօր ծանր կացության մեջ է, քանի որ չեն գործում ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների մասին միջազգային օրենքները։ Դիտարկումն Արցախյան շարժման առաջամարտիկ, առաջին գումարման գերագույն խորհրդի և երրորդ ու վեցերորդ գումարումների ԱԺ պատգամավորԱլյոշա Գաբրիելյանինն է։ Նա ամենաշատը մտահոգված է Արցախում ազատ ապրելու իրավունքով, որի պակասը յուրաքանչյուր արցախցի գնալով ավելի է զգում։ Խախտվող այս իրավունքի կողքին դիտարկում է բռնի տեղահանվածների չիրացված իրավունքները․

«Ադրբեջանի կողմից անընդհատ ճնշումներ են լինում մեր սահմանների, բնակավայրերի վրա։ Բռնի տեղահանվածների հարց կա, որոնք գտնվում են տարբեր տեղերում, և հարցը չի լուծվում։ Ազատ ապրելու հետ միասին կա  նաև կոմունիկացիաների հարց։ Երբ դու զրկված ես կամ վախենում ես, որ կզրկվես գազից, լույսից կամ մի օր ճանապարհը փակելու վտանգի առաջ կկանգնես։ Մենք գտնվում ենք ահավոր ճնշման տակ։ Միջազգային նորմերը մեզ վրա չեն ազդում»։

Արցախցիներն այսօր մեկ այլ անքննարկելի իրավունք էլ ունեն՝ սեփական բնօրրանում ապրելու իրավունքը։

31 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։  Այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը՝ իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս որոշումը կայացվել է  որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիք՝ ձեւակերպել է Փաշինյանը։

Մեջբերում․ «Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը»։

Արցախի եև արցախահայության՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքները միանշանակ կարող ե ն կենսագործվել՝ կարծում են զրուցակիցներս։ Ե՛վ արցախահայությունը, և՛ հայ ժողովուրդը գիտակցում են, որ այստեղով է անցնում քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ  աշխարհների սահմանը։ Եվ եթե այս տարածաշրջանում իր հաղթանակը տոնի ոչ քաղաքակիրթ աշխարհը, եւ թուրքական պետությունները շարունակեն հաջողել ուժի միջոցով իրենց խոսքն ասել միջազգային հարաբերություններում, դա կլինի  իրեն քաղաքակիրթ համարող աշխարհի   վերջի սկիզբը։

Back to top button