Մտքի ուժը

Առաջիններն ու բացառիկները` Հայաստանում. ի՞նչ կարելի է տեսնել ու լսել «Սթարմուս VI»-ի շրջանակներում․«Մտքի ուժը»

Ինչպիսի՞ն կլինի Ծիր կաթին համաստեղության արտացոլումը Սևանա լճի վրա։ Հարցը զարմացրե՞ց. ամնեևին զարմանալ պետք չէ։ Սա ոչ միայն հնարավոր է, այլ մասնագետների պնդմամբ, հրաշալի ու աննկարագրելի է։ Թե ինչպես կարելի է այս ու ոչ միայն այս պատկերը ստանալ, առաջիկա օրերին հնարավարություն կտրվի առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք աստղալուսանկարչության եռօրյա դպրոցում։

Իսկ այն կազմակերպվում է «Սթարմուս VI» գիտության ու տեխնոլոգիաների փառատոնի շրջանակներում։ Այլ կերպ ասած, զրույց է լինելու աստղերի հետ, բայց ոչ թե մեզ հայտնի, այլ՝  լուսանկարների «լեզվով»։

Փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն աշխարհում հայտնի աստղալուսանկարչությունն է հասանելի դարձնում Հայաստանում: Համաշխարհային գիտական փառատոնի համահիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը նշում է՝ փառատոնի հիմնական նպատակը գիտության նկատմամբ երիտասարդների մոտ ոգեշնչում ու սեր արթնացնելն է։ Բացի այդ, նաև ապացուցելը՝ պատերազմներից ու քաղաքականությունից բացի աշխարհում ու հատկապես Հայաստանում, այլ բաներ էլ կան։

Գաղտնիք չէ, որ գիտական տոնը հրաշալի կանցներ եվրոպական ցանկացած երկրում, բայց որոշվեց  այն Հայաստանում անցացնել։ Անցյալ տարի համավարակը խանգարեց, այս տարի արդեն խանգարող ոչինչ չկա։

Աշխարհահռչակ գիտնականների դասախոսություններ մարզահամերգային համալիրում, այցելություններ ու հանդիպումներ տարբեր համալասարաններում։

Գիտության ճամբար՝ օպերայի հարակից հրապարակում։ Այստեղ արդեն հնարավոր կլինի  տեսնել, սովորել ու ապագայի մասը կազմել։ Շուրջ 20 թեմատիկ տաղավարներում ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները բոլոր այցելուներին կներկայացնեն մասնագիտությունների տենդենցները, վերջին նվաճումներն ու ամենակարևոր գաղտնիքները՝ մասնագիտությունն ընտրելիս։

Գիտությամբ հագեցած երեկոյան ժամերն էլ կամփոփվեն անհավանական համերգային ծրագրերով։ Գիտության նկատմամբ նաև հետաքրքրություն կառաջացնի բարձրակարգ երաշտությունը՝  ընդգծում է աշխարահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

Տիեզերական տեխնոլոգիաների երկօրյա կոնֆերանսը միավորելու է ոլորտի լավագույն մասնագետներին։ Դասախոսություններ՝ ներկայի ու ապագայի, արհեստական արբանյակների, բարձր որակի պատկերներ ստանալու, անգամ՝ Մարսի վրա գտնվող ռոբոտների մասին։

Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է լեգենդար պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի անվան մեդալ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում:

Այս տարի այդ միջոցառումն էլ է Հայաստանում՝ «Սթարմուս VI»-ի շրջանակներում։  Սթիվեն Հոքինգի անվան մեդալը շնորհվում է նրանց, ովքեր գիտության մասսայականացմամբ են զբաղվում։

Համերգ՝ Տիգրան Համասյանի մասնակցությամբ, մինչ այդ էլ Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերի դասախոսություն՝ ուղեղի ու երաժշտության մասին. այստեղ մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն՝ օրինակ՝ ինչո՞ւ է մարդկանց մի մասը բարձրակարգ երաշտություն սիրում, մյուսները՝ ոչ․ ի՞ նչ է  կատարվում ուղեղում՝ «Սթար Փարթի» կամ «աստղային գիշեր» ներկայացում՝ Գառնիում. ամեն ինչ աստղերի, մոլորակների մասին. կրթական բաղադրիչ ունեցող միջոցառումը կհետաքրքրի բոլորին, համոզված է Գարիկ Իսրայելյանը։

Ոգևորություն կա՝ հատկապես երիտասարդների շրջանում, ասում է ասղաֆիզիկոսը։ 100-ից ավելի կամավորների աչքերում Գարիկ Իսրայելյանը կրակ ու փայլ է տեսել, ոգևորված են ոչ միայն հայ երիտասարդ կամավորները, այլև հարևան երկրի՝ Վրաստանի գիտնականները։  

Մի քանի օր ու «Սթարմուս VI»-ի շնորհիվ գիտական աշխարհի քարտեզի վրա Հայաստանն ավելի ամուր դիրքեր կգրավի։

Նկարները՝ facebook.com/StarmusArmenia/

Back to top button