ԿարևորՀասարակություն

Ռոբոտներ և հեռակառավարվող մեքենաներ՝ ռադիոակտիվ նյութերից հեռու լինելու համարառաջարկում են հայ գիտնականները

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ռադիոակտիվ իզոտոպների արտադրությամբ են զբաղվում, նաև մշակում են իզոտոպների արտադրության տեխնոլոգիաներ։ Դրանք կիրառվում են բժշկության մեջ՝ որոշելու տարատեսակ հիվանդությունները, կիրառվում են նաև բուժման մեջ ։

Իզոտոպները կարող են կուտակվել մարդու օրգաններում, նաև՝ քաղցկեղի բջիջներում եւ ճառագայթելով հիվանդությունների վերաբերյալ ինֆորմացիա հաղորդել։ Բայց իզոտոպների արտադրությունն անվտանգ չէ։ Այստեղ բարձր է ճառագայթման մակարդակը։ Ուստի փորձում են արտադրական տեխնոլոգիաները նոր մակարդակի բերել՝ ռոբոտներ ու հեռակառավարվող մեքենաներ նախագծելով։ Այս աշխատանքն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ։

Ռոբոտներ և հեռակառավարվող մեքենաներ՝ արտադրական-աշխատանքային պրոցեսում ռադիոակտիվ նյութերից հեռու լինելու համար։ Դրանք ստեղծվում են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի իզոտոպների հետազոտման ու արտադրության բաժնում՝ նոր տեխնոլոգիաներով իզոտոպների արտադրության մեջ կիրառելու համար։ Հիմնական նպատակն այս ատումով այն է, ըստ մասնագետների, որ իզոտոպների հետ աշխատող մարդը հնարավորինս ճառագայթման չենթարկվի։ Ինժեներ–ֆիզիկոս Անդրանիկ Մանուկյանը նախագծի հեղինակներից է։ Հիմնական խնդիրը, որ լուծել են, այն է, որ մարդը չմասնակցի իզոտոպների արտադրությանը։Աշխարհն արդեն ավտոմատացման է գնում՝ ասում է․

«Երկու տարբեր համակարգեր են․ մեկը՝ տեղափոխողը մեքենայի նման է, որտեղ մարդ չի կարող մտնել։ Ամբողջացված ավտոմատացված է։ Քանի որ ռադիացիայից շատ արագ են սարքերը շարքից դուրս գալիս, ուստի հատուկ պաշտպանություն կունենա»։

Իզոտոպների արտադրության լաբորատորիայում ճառագայթման մակարդակը բարձր է․աշխատողների համար դա առողջական լուրջ հետեւանքներ կարող է ենթադրել։ Որպեսզի մարդն արտադրական պրոցեսին հնարավորինս քիչ մասնակցություն ունենա, նախաձեռնել են իզոտոպների արտադրությունն այնպիսի պատնեշների հետեւում կազմակերպել, որտեղից ճառագայթումն ավելի քիչ կհասնի.

«Ունենք երկու գոտի՝ ճառագայթման ու անվտանգ։ Ճառագայթումից հետո ակտիվ նյութը պետք է պաշտպանված խցի մեջ անվտանգ գոտի հանել։ Դրանից հետո էլ պետք է տեղադրեն նորից պաշտպանված այլ խցի մեջ, որտեղ պետք է քիմիական պրոցեսը տեղի ունենա։ Այս գործընթացն էլ պետք է ավտոմատացվի»։

Իզոտոպների հետազոտման ու արտադրության բաժնի լաբորատորիայում փորձարկումների համար պաշտպանված խցիկներ կան․ այստեղ առկա տուփերը ներսից կապարի շերտերով են ամրացված։ Գիտնական Դալլաքյանը պարզաբանում է` քանի դեռ հետազոտական փուլում են, ռեալ արտադրություն չեն մտել, ռադիացիոն ակտիվությունը մեծ չէ։ Բայց ներսում արդեն իրավիճակը փոխվում է ու թելադրում հստակ կանոններ՝  ոչ բոլորի մուտքն է թույլատրելի։ Բաժնի ղեկավար Ռուբեն Դալլաքյանն ընդգծում է․

«Աշխատակիցը մտնում է ներս, փոխում է հագուստը, անցնում է խցիկով։ Երկու դռներն այնպես են պատրաստված, որ եթե համակարգն աշխատում է, բացվում է միայն մեկը։ Սա նրա համար է, որպեսզի ներսում բացասական ճնշում ապահովվի, որպեսզի ռադիոակտիվ գոլորշին կամ փոշին այլ սենյակներ չմտնի»։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում զբաղվում են ռադիոակտիվ իզոտոպների հետազոտման ու արտադրության տեխնոլոգիաների մշակմամբ։ Իզոտոպները կիրառվում են բժշկության մեջ՝ տարատեսակ հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար։ Դրանք կարող են կուտակվել մարդու օրգանիզմում՝ տարբեր օրգաններում, քաղցկեղի բջիջներում եւ ճառագայթելով ինֆորմացիա տալ այս կամ այն հիվանդության վերաբերյալ։

Գիտնական Ռուբեն Դալլաքյանը բացատրում է՝ իզոտոպների տարբեր տեսակներ կան, առանց որոնց, օրինակ, քաղցկեղի որոշ հետազոտություններ պարզապես չէին արվի։  Նախկինում՝ մինչ կորոնավիրուսի համավարակը, պացիենտները ստիպված մեկնում էին արտերկիր՝ թանկարժեք հետազոտության։ 2020-ին, երբ սահմանները փակվեցին, խնդիրներն ավելի սրվեցին։ Հենց այդ ընթացքում էլ բացը սկսվեց լրացվել իզոտոպների արտադրության կենտրոնում կատարվող հետազոտություններով՝ աշխարհում հայտնի պատրաստի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այժմ արդեն հայ գիտնականները տարբեր տեսակի ռադիոիզոտոպների արտադրության համար այլընտրանքային մեթոդներ են փնտրում։

«99M տեխնիցիում իզոտոպն աշխարհում ամենալայն կիրառություն ունեցող իզոտոպներց է, ունիվերսալ է, այս իզոտոպը երկար տարիներ միջուկային ռեակտորներում էր արտադրվում, աշխարհի մի քանի կենտրոններ կարողանում էին սպառել այն։ Սակայն երբեմն մատակարարման շղթայի ընդհատումներ էին առաջանում»։

Նախկինում տեխնոլոգիաները մշակում էին էլեկտրոնային արագացուցչի վրա, սակայն ցիկլոտրոնային արտադրությունն ավելի հեռանկարային է։

Բժշկության կողմից ռադիոիզոտոպների համար դրված չափորոշիչները՝ մաքրության, որակի վերահսկման խիստ են, սակայն հիմնական արտադրական տեխնոլոգիան կհասցնեն մշակել։ Ծրագրի վերջնարդյունքում կստանան ռադիոակտիվ գալիումի քլորիդ։ Սա, մասնագետների պնդմամբ, պահանջված ռադիոակտիվ բժշկական իզոտոպ է։

Back to top button