ԿարևորՀասարակություն

«Պատժել չի կարելի ներել»․  Հայաստանում քննարկում են՝ որտեղ դնել ստորակետը

Պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու վերաբերյալ գլխավոր դատախազի առաջարկը շարունակում է թեժ քննարկումների առանցքում մնալ։ Գնահատականները միանշանակ չեն, վերապահումները ոչ միայն իրավական, այլև քաղաքական ու բարոյական հարթություններում են։ Արթուր Դավթյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։ Գլխավոր դատախազը կարծում է, որ  այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու և պատժողական քաղաքականությունը խստացնելու կարիք կա։

Առաջարկը խնդրահարույց է ոչ միայն իրավապաշտպանների, այլև իրավագետներն ու միջազգային իրավունքի մասնագետների համար։ Վերջինները պնդում են՝ Հայաստանը՝ որպես ԵԽ անդամ, ենթարկվում է եվրոպական ընտանիքի կոնսենսուսին,  որով  մահապատժի բացառումը պարտադիր է կառույցի  անդամ երկրների համար։

Պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու վերաբերյալ գլխավոր դատախազի առաջարկը հրապարակվելուց րոպեներ անց հայտնվեց թեժ  քննարկումների առանցքում և դեռ շարունակում է քննարկվել։ Կարծիքները միանշանակ չեն,  գնահատականները սուր են և կտրուկ։

Գլխավոր դատախազը կարծում է, որ պետական դավաճանության դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու կարիք կա։ Նախաձեռնության հիմքում 44–օրյա պատերազմից հետո  այս հանցակազմով հարուցված քրեական գործերի մտահոգիչ վիճակագրությունն է։ Դատախազությունը կարծում է, որ այդ գործերի քանակն ու որակը   անվտանգային լուրջ սպառնալիքներ է պարունակում։

Այդ սպառնալիքները պետք է չեզոքացնել, բայց ոչ ժողովրդավարությունից նահանջի  ու միջազգային պարտավորություններն անտեսելու գնով՝ առաջարկին արձագանքում են իրավապաշտպանները։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ որպեսզի ՀՀ–ում մահապատիժը նորից գործի,  Հայաստանը պետք է հրաժարվի Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններից․

«ՀՀ–ն միջազգայնորեն ստանձնել է պարտավորություն՝ արգելելու մահապատիժը։ Մահապատժի իսպառ արգելման վերաբերյալ մենք Եվրոպական կոնվենցիայի կողմ ենք, եւ քանի դեռ ՀՀ-ն անդամակցում է  ԵԽ-ին, չի կարող ունենալ մահապատիժ։ Այսինքն, երկրում մահապատիժ լինելու համար ՀՀ-ն նախ պետք է դուրս գա ԵԽ-ից, դադարի լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ եւ Սահմանադրության մեջ փոփոխություններ անի, որով չբացառվի մահապատիժը որպես պատժատեսակ։ Ես անձամբ դեմ եմ մահապատժին որպես պատժատեսակ»։

Առաջարկի հարուցած բուռն արձագանքն ու հնչած կոշտ գնահատականները գլխավոր դատախազությանը ստիպեցին հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նախ արձանագրել է քննարկումների անսպասելի կողմը։  Դատախազությանը զարմացրել է, որ «պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ»։

Ի պատասխան հանրային քննարկումներում բերվող  հակափաստարկներին, թե ներկայացված առաջարկը հակասում է ԵԽ անդամակցությամբ մահապատժի վերացման հարցում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, Գոռ Աբրահամյանը հստակեցրել է՝ Հայաստանը 2001թ. հունվարի 25-ին ստորագրել և 2003թ. սեպտեմբերի 29-ին վավերացրել է Մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունը ,  որի առաջին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց: Սակայն նույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, ըստ որի՝ պետությունները ԿԱՐՈՂ ԵՆ մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում:

Բացի դրանից՝ կա նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունը, որի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետություններն իսկապես պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց: Այս պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացի Հայաստանից՝  հիշեցնում է դատախազությունը և հստակեցնում՝  թեև արձանագրությունը 2006-ին ստորագրվել է,  բայց այդպես էլ չի վավերացրել, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:

Գլխավոր դատախազի խորհրդականի այս պարզաբանումից հետո միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ  հակադարձեց  ներկայացված փաստարկներին, իսկ  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ԵԽ 47 անդամներից ընդամենը 2-ը չեն վավերացրել այդ պայմանագիրը, սակայն ԵԽ 45 երկրներ կոնսենսուսով որոշել են, որ մահապատիժը համարվում է արգելված ԵԽ անդամ երկրներում։

«Հենց այդ թիվ 13 արձանագրության մասին է Եվրոպական դատարանը ասում, որ անկախ այն բանից, որ երկու պետություն չեն վավերացրել՝ ըստ կոնվենցիայի համարվում է, որ 2–րդ հոդվածը՝ «կյանքի իրավունքը», փոփոխված է տեքստում եւ այսուհետեւ այդ տեքստը պետք է կարդալ այնպես, որ մահապատիժը արգելված է ցանկացած հանգամանքում, նույնիսկ պատերազմի ժամանակ ու նույնիսկ պատերազմի սպառնալիքի դեպքում։ Այսինքն՝ գլխավոր  դատախազը իրերը պետք է մեկնաբանի՝ ըստ եվրոպական դատարանի մեկնաբանության, հակառակ դեպքում ստացվում է, որ միայն արտաքին տեսքին է նայում, բայց բովանդակային մասով վաղուց որոշվել է, որ մահապատիժը բացարձակ արգելելը դա եվրոպական հասարակական կարգ է»։ 

Առաջարկն անընդունելի է Մարդու իրավունքների պաշտպանի համար։  Քրիստինե Գրիգորյանը կողմ է պետական դավաճանությունը  բացառելու ուղղությամբ արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներին, բայց չի կարծում, որ ելքը մահապատժի կիրառումն է։ ՄԻՊ որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, տեղին չի համարում  նման առաջարկի անգամ քննարկումը:

Առաջարկի հիմքում պետական դավաճանության դեպքերով հարուցված գործերի մտահոգիչ վիճակագրությունն է՝ պնդում է դատախազությունը։ Գլխավոր դատախազի խորհրդականը «Ռադիոլուր»–ին փոխանցում է  վերջին տվյալները․

«2020–ի սեպտեմբերի 27–ին սկսած 44–օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում այս պահի դրությամբ քննվում է 7 քրեական գործ։ Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավված 40 անձ, նրանցից 7–ը գտնվում է կալանքի տակ։ Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ պետական դավաճանության դեպքերով հարուցված, քննված 7 քրեական գործ 16 անձանց վերաբերյալ արդեն իսկ ուղարկվել է դատարան, որոնցից 15 անձ գտնվում է կալանքի տակ։ Այդ գործերով ներկայում ընթանում է դատական քննություն»։

Մինչ իրավունքի մասնագետները   վիճում են իրավական փաստարկներով ու հակափաստարկներով, իսկ քաղաքական ուժերը խոսում են առաջարկի քաղաքական ենթատեքստերի մասին ,  բաց է մնում խնդրի բարոյական ու մարդասիրական կողմը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյան․

«Եկեղեցին չի կարող մահապատժին կողմնակից լինել, բայց պետական դավաճանության հարցերում չի կարող իր սկզբունքը պարտադրել։

Հայաստանում  վերջին մահապատիժն իրականացվել է 1991 թ-ին, երբ  քրեական դատավարության օրենսգրքով օրինական պատժատեսակ էր՝ ծանր հանցագործություններից մի քանիսի  դեպքում։ Հայաստանում մահապատիժը վերացել է  2003 թ-ից Եվրոպայի խորհրդին  անդամակցելու գործընթացի շրջանակում, ինչից հետո առավելագույն պատիժը հանրապետությունում ցմահ ազատազրկումն է:

Back to top button