ԿարևորՀասարակություն

Նոբելյան մրցանակակիր Դոննա Սթրիքլենդի դասախոսությունը՝ Հայ-Ռուսական համալսարանում

Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) շրջանակներում (օգոստոսի 29 — սեպտեմբերի 3) Հայ-Ռուսական համալսարանում «Բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Նոբելյան մրցանակակիր, «StarmusVI» միջազգային փառատոնի հրավիրյալ մասնակից, մեծանուն ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդը:

Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը և ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Հայ-Ռուսական համալսարանում։ Դուք ֆիզիկայի գծով երկրորդ Նոբելյան մրցանակակիրն եք, որին պատիվ ունենք հյուրընկալել մեր համալսարանում․ առաջինը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովն էր, որը 2011թ․ հոկտեմբերի 11-ին ՀՌՀ-ում հանդես էր եկել «Կիսահաղորդիչների հեղափոխությունը 21-րդ դարում» թեմայով դասախոսությամբ»,- նշել է Հայկ Սարգսյանը։

Դասախոսության ավարտից հետո հանդիպմանը ներկա ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրենց հարցեր են ուղղել պատվավոր հյուրին։

«StarmusVI» միջազգային փառատոնի (սեպտեմբերի 5-10) շրջանակներում, որի գործընկերներից է նաև Հայ-Ռուսական համալսարանը, մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները դասախոսություններ են կարդալու ՀՌՀ-ում:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՌՀ-ում կայանալու է աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական ​​ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկերի դասախոսությունը, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունինը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլինինը։

Back to top button