ԿարևորՀասարակություն

Զենքի իրավունքի տեղեկանք ստանալը թանկացել է ավելի քան 6 անգամ 

Մինչ պատգամավորները լրամշակում են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության նոր նախագիծը, զենք ձեռք բերելու թույլտվությունն անհասականալիորեն թանկացել է՝ ահազանգում են «Ազատազեն» ռազմամարզական ՀԿ խորհրդի անդամները։ Անհրաժեշտ մեկ հետազոտությունը նախկին 3000 դրամի փոխարեն մի քանի օրում թանկացել է ավելի քան 6 անգամ՝ հասնելով 20.000-ի։  Առողջական այս կամ այն խնդիրը չունենուլ մասին հավաստող տեղեկանքն անհրաժեշտ է ամեն զենք գնելուց, զենքի իրավունքը 5 տարին մեկ երկարացնելուց, հավաքածուի մեջ հանել-դնելուց։

Գների նման «թռիչքը» նման հետազոտություն անցկացնող բժշկական կազմակերպությունները բացատրում են ավելի լուրջ հետազոտությամբ։ Ի դեպ, վարորդական իրավունքի թույլտվության համար հին գներն են գործում, նոր գները վերաբերում են միայն զենքի իրավունքին։

Վերջին զենքը ձեռք է բերել 2 ամիս առաջ։ Դրանից անմիջապես առաջ  նաև զենք ձեռք բերելու նոր թույլտվություն էր ստացել։ Միայն թե չգիտեր, որ թույլտվության համար վերջին անգամ է հետազոտվում հին գներով։ Բժշկական տեղեկանքը դեռ մեկ ամիս առաջ արժեր 3000 դրամ, այսօր արդեն՝ 20-30.000՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Ազատազեն» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Իշխան Գևորգյանը․

«Մեկը նարկոն է՝ Կախվածությունների կանխարգելման կենտրոնը, մյուսը՝ հոգեկան առողջության։ Երկուսից էլ տեղեկանք է պետք զենք գնելու համար, որ գիժ չենք ու թմրամոլ չենք։ Դրանք ժամանակին 3000 դրամ արժեին, արագ՝ մեկ օրում տրամադրելու դեպում 5000-6000։ Մեկ ամիս առաջ պարզվեց, որ նարկոյի թուղթը դարձել է 15000, հետո ավելի թանկացավ՝ դառնալով 20.000, իսկ մեկ օրում ՝30.000։ Պսիխոյի գինն էլ նույն կերպ թանկացավ։

Այս տեղեկանքն, ի դեպ , անհրաժեշտ է ամեն զենք գնելուց, զենքի իրավունքը 5 տարին մեկ երկարացնելուց, հավաքածուի մեջ հանել-դնելուց՝ նկատեց զրուցակիցս։ Իսկ թույլտվության տեղեկանքն ուժի մեջ է ընդամենը մեկ ամիս։ Մեկ ամիս հետո մեկ այլ զենքի համար պետք է կրկնել հետազոտություը։ ՀԿ–ն նույնիսկ նամակով դիմել է առողջապահության նախարարության՝ խնդրելով պարզաբանել, թե ինչն է մեկ ամսում նման թանկացման պատճառը։ Պատասխան նամակում գերատեսչությունը նշել է, որ նշված հետազոտությունները, ինչպես նաև բժշկի զննությունը  պետպատվերով չեն, եւ ամեն բուժհիմնարկ ինքն է հաշվարկում և հաստատում է վճարովի այս ծառայության գինը՝ ըստ ինքնարժեքի։ Իշխան Գևորգյան․

«Խնդիրն այն է, որ այս կառույցները փոխարինող չունեն, և մենք ընտրության մեծ հնարավորություն չունենք։ Հայաստանում նման բան չկա, որ միանգամից ավելի քան վեց անգամ թանկացում լինի։ Ու հենց այն ժամանակ որ ողջ ազգը զինվելու, մարզվելու կարիք ունի, հենց այդ ժամանակ է թանկանում»։

Հատկանշական է, որ վարորդական իրավունք ձեռք բերելու համար ահրաժեշտ նույն տեղեկանքի տրամադրումը գնային փոփոխության չի ենթարկվել։ Բուժզննման կտրուկ թանկացումը միայն զենք բերելու ցանկացողներին է վերաբերում՝ նկատում է ԴՕՍԱՖ–ի ռազմատեխնիկական մարզաձևերի մասնագետ, որսորդ Սամվել Խաչատրյանը․

«Վարորդների մոտ թողել են նույնը, զենք գնողի համար 35000 դրամ պետք է տաս, մի քանի օր էլ համբերես, որ քեզ մի տեղեկանք տա, որ դու ոչ գիժ ես, ոչ էլ թմրամոլ։ Երբևէ գրանցված չես եղել իրենց մոտ, միայն բացում, նայում են՝ ցուցակում կաս, թե չկաս։ Արհեստականորեն խոչընդոտում են զենք ունեցողի իրավունքը»։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնից չեն հերքում՝ ծառայության գնի բարձրացում իսկապես կա։ Փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է գների վերանայման պատճառները․

«Զենքի թույլտվության հետազոտությունն իրականացվում է բուժանձնակազմի կողմից, որտեղ երկուսը հոգեբուժական հետազոտություն են իրականացնում։ Իսկ կլինիկական հոգեբանն իրականացնում է փորձարարահոգեբանական հետազոտություն։ Այսինքն՝ ավելի խորը հետազոտություն ենք անցկացնում, որպեսզի բացառենք այն հոգեկան խանգարումները, որոնք կարող ենք արգելք հանդիսանալ զենքի թույլտվության համար»։

Գները փոխվել են արդեն շուրջ 2 շաբաթ։ Նախկինում այլ գին էր, որովհետև մինչ այդ փորձարարահոգեբանական հետազոտություն չէր իրականացվում՝ բացատրում է Փաշիկյանը։ Այժմ ոչ միայն հետազոտությունների ծավալն է մեծացել, այլև ստուգող բժիշկների թիմն է ընդլայնվել։ Խստացումները նաև նոր տնօրենի որոշումն են, իսկ զենքի թույլտվությունը կատակ բան չէ՝ նկատում է զրուցակիցս․

«Դա բավականին ծանր հետազոտություն է։ Մարդիկ հաճախ գալիս, ասում են, օրինակ՝ ի՞նչ են անում, որ։ Մեզ հետ ուղղակի զրուցում են։ Բայց այդ զրույցի ընթացքում հոգեբույժը անձի բոլոր ոլորտներով անցնում, գնահատական է տալիս, հուզական վիճակն է պարզում»։

«ՈՄԱ» հրաձգային գումարտակի դիպուկահար Իշխան Գևորգյանը շուտով հերթական զենքն է գնելու և կրկնելու հետազոտությունը, միայն թե արդեն վեցակի բարձրացած գներով։ Իսկ զենքն իր ամենօրյա գործիքն է՝ մաշվում է, պարբերաբար պետք է փոխել։  

«Քանի որ մենք հիմա նորմալ հրաձգարաններ չունենք երկրում, ես իմ զենքով եմ մարդկանց մարզում, իսկ դրանք մաշվում են, դրանք ռեսուրս ունեն՝ 5000, 10000,15000 կրակոց։ Մաշվում է, պետք է նորը ձեռք բերեմ։ Իմ դեպքում անընդհատ պրոցես է մինչև հրաձգարան կունենանք։ Հիմա մի ուրիշ ակտիվություն է նկատվում զենք գնելու, որովհետև մարդիկ գիտակցում են, որ զինված պետք է լինեն։ Ոլորտը աշխուժանում է և դա գովելի է»։

Ոլորտի աշխուժանալուն զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից առաջարկում են փոփոխել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու նոր կանոններ սահմանելով: Ըստ նախագծի՝ քաղաքացիական զենք կարող է ձեռք բերել Հայաստանի  21 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանության թույլտվությամբ։

Թույլատրվում է ձեռք բերել, գրանցել և հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն և մարտական սառը զենք: Ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման և հաշվառման ոստիկանությունում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր: փաթեթի քննարկմանը մասնակցել են նաև «Ազատազեն» ռազմահայրենասիրական ՀԿ անդամները Իշխան Գևորգյանի գլխավորությամբ։ Միայն թե նախագիծը մշակելիս «Ողջ մնալու արվեստի» կամավորները դեռևս չգիտեին, որ օրենսդրական փոփոխությունից առաջ նախ գնային հսկայական փոփոխություններ են սպասվում։

Back to top button