ԿարևորՀասարակություն

Երաժշտական աստղերը՝ Երևանում, «Սթարմուս» խառնարանը՝ Մարսում․ ինչպե՞ս են ռիթմերը հանրայնացնում գիտությունը

Կիթառը, դաշնամուրը և թմբուկը STARMUS փառատոնի ժամանակ հնչելու են գիտության հանրայնացման համար։ Ուղիղ մեկ շաբաթ գիտությունն ու երաժշտությունը միահյուսվելու են  հատկապես այդ նպատակով։ Երևանն այսօր հյուրընկալել է Ռիք Վեյքմանին, ռոք երաժիշտ Դերեկ Շիրինյանին, Սերժ Թանկյանին, Գրեմմիի մրցանակակիր Սայմն Ֆիլիպսին։

STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նկատում է՝ այն, ինչ կատարվելու է Սթարմուսի ընթացքում, միայն մեկ անգամ տեսնելու ու լսելու հնարավորություն է։ 

«Սթարմուսի բոլոր կոնֆերանսները մեկ անգամ են լինում,  մենք երբեք չենք կրկնում դրանք։ Եթե դուք բաց թողնեք այս Սթարմուսը, այլևս երբեք այն չեք տեսնելու։ Սա ոչ միայն համերգներին է վերաբերում, այլև դասախոսություններին»։

Գրեմմի մրցանակակիր աշխարհահռչակ System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը պատմում է, որ Գարիկ Իսրայելյանի հետ հանդիպել են 2019-ին՝ WCIT կոնֆերանսի ընթացքում։ Հենց այդ ժամանակ էլ իմանում է Իսրայելյանի ֆանտաստիկ ծրագրի՝ Սթարմուսը Հայաստան բերելու մասին։

Ավելի ուշ՝ Բրայան Ինոյը և Սերժ Թանկյանը հատուկ «Սթարմուս» փառատոնի համար երաժշտություն են գրում՝ աստղերի ու տիեզերքի մասին երազողներից մեկի՝ «Լուսնագնաց 1» և «Լուսնագնաց 2» ծրագրերի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյա հիշատակին։

«Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք: Ուղեղի մի կիսագնդով դուք այն կարող եք բացահայտել արվեստի միջոցով, մյուս կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ մեկ ուղեղի մաս են կազմում: Հատկապես փոքր պետություններին, որոնք չունեն խորը պետական ռեսուրսներ, հաղթահարել այդ ամենն օգնում են գիտությունը, տեխնոլոգիաները և կրթությունը»

Փառատոնի հնաբնակներից  է Ռիք Վեյքմանը։ Պատմում է՝ փառատոնին միացել է «Քուին» (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյլի հրավերով։

Վեյքմանին հատկապես տպավորել է Սթիվեն Հոքինգի հետ հանդիպումը։ Կիթառահարն անկեղծանում է․ «Ես պատիվ ունեցա Սթիվեն Հոքինգի դասախոսություններին ներկա լինել և անկեղծ ասած՝ ոչ մի բառ չհասկացա դրանցից, բայց չափազանց հետաքրքիր էր անվասայլակին  գամված, բայց հրաշալի մարդուն նայելը»։

Գրեմմիի մրցանակակիր, թմբկահար Սայմն Ֆիլիպսը հիշում է՝ ինչպես էր դեռ երեխա ժամանակ սև-սպիտակ հեռուստացույցով, շունչը պահելով հետևում Լուսնի վրա իջնող Նիլ Արմսթրոնգին։ Չգիտես ինչու, 50 տարի անց, այդ իրադարձությանը թերահավատորեն են մոտենում՝ ասում է։

«Երիտասարդ սերնդի շատ մարդիկ չեն հավատում դրան։ Նրանք չեն հավատում, որ մենք Լուսին ենք գնացել։ Եվ այնպես չէ, որ դա մի անգամ է եղել, անգամ չեմ հիշում՝ քանի առաքելություն է Լուսին հասել մինչև «Ապոլլոն 17-ը»»։ 

Ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը տեսակապով միանալով նշում է՝ երաժշտությունը բարդ կառուցվածք ունի, և դրանում քիչ չէ  գիտության բաժինը: Երաժշտական գործիքն ինքնին գիտություն է՝ նկատում է փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։ Նրա դիտարկմամբ՝ գիտության հանրայնացման համար պետք է տարբեր օղակներ գործեն․ ոչ միայն  գիտնականները, որոնցից շատերը կարող են աշխատասենյակում հայտնագործություն անել, սակայն մոռանալ այն հրապարակելու մասին, այլ նաև կառավարությունը՝ դաշտն ակտիվացնելու և կայացնելու համար։

Իսրայելյանը վստահեցնում է՝ առաջիկայում փառատոնի անունով Կարմիր մոլորակի վրա հայտնաբերված խառնարան կամ էլ աստերոիդ կանվանակոչեն։

«Աստղ չէ, բայց շուտով աստերոիդ հաստատ կլինի։ Ինձ թվում է աստերոիդներից մեկը Սթարմուսի անունով կանվանեն կամ գուցե ինչ-որ խառնարան Մարսի վրա։ Սթարմուսի անունով վստահ եմ ինչ-որ մեծ բան կլինի։ Արդեն կան առաջարկներ, քննարկվում են»։

Փառատոնը «գիտական Օսկարով»՝ Սթիվեն Հոքինգի մեդալով է պարգևատրում գիտության հանրայնացմանը նպաստած մարդկանց։  Մինչ օրս այդ մեդալով պարգևատրվել է  7 մարդ, այդ թվում՝ Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։ Սթիվեն Հոքինգի անվան մեդալի այս տարվա հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 5-ին։ 

Back to top button