Արփինե Լևոնյանը սկսել է ստեղծագործել 6 տարեկանից, առանց նոտաներն իմանալու նվագել է դաշնամուր, գրել փոքրիկ մեղեդիներ և երգեր: «Արենիի շքեղ բնության գրկում ծնված լինելով` հնարավոր չէր, որ քիչ թե շատ երևակայություն ունեցող փոքրիկը հեռու լիներ ստեղծագործելուց»,- ասում է Արփինեն:
ԵՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի «Երաժշտական կրթություն» բաժինն ավարտելուց հետո մանկավարժի աշխատանքին զուգընթաց ծնվեցին բազմաթիվ երգեր, հեքիաթներ, սցենարներ, պատմություններ, չափածո ստեղծագործություններ:
Անցյալ տարի լույս տեսավ նրա առաջին «Խատուտիկ» գիրքը: «Ոգևորությունից գլխումս նոր մտքեր են հղանում, որոնք պետք է դեռ երկար ժամանակ հասունանան ու հիմք դառնան իմ երկրորդ գրքի արարմանը»,- խոստովանում է Արփինեն: