ԿարևորՀասարակություն

Ելակը քիչ էր, գինը՝ թանկ. Գեղակերտում մեր վաղվա սեղանի ելակն են սածիլում

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հիմնական մշակաբույսը ելակն է: Գարնանային ցրտահարությունից  վնասվել էր, գյուղացիները՝ տուժել: Եթե ամեն բերքահավաքի ելակի ջերմոցներից ունեցել են 30 կգ բերգ, ապա այս տարի ամենաշաը 6կգ-ն է եղել: Գեղակերտցիները գրեթե ողջ տարին են զբաղված ելակով, մշակության նախապատրաստական աշխատանքները սկսում են սեպտեմբերից, շարունակվում մինչև բերքահավաք, երբ մեր սեղանը սկսում է զարդարել է անուշ պտուղը, իսկ գյուղում հասցնում են շունչ քաշել։

Խոյ խոշորացված համայնքի Գեղակերտ գյուղը հայտնի է ելակի մշակությամբ․ սեփականաշնորհված ու տնամերձ հողամասերում կողք կողքի ձգվում են ելակի ջերմոցները: Գեղակերտում հիմնական եկամուտը ելակից են ստանում, բայց տարին անբարենպաստ էր. գարնանային ցրտահարությունը նվազեցրեց «ելակային» եկամուտը։

«Էս տարի ջերմոցների բույսերը ցրտահարվեցին ապրիլի կեսին: Բերքի 90 տոկոսը փչացավ, ցելոֆոնները պատռվել էին լրիվ, և՛ քամի էր, և՛ ցրտահարություն: Այս տարի ջերմոցներից բերք չենք հավաքել»

«Դաշտերում ելակը ցուրտը տարավ, ով ինչ ուներ ցանած՝ ցրտահարվեց, կարտոֆիլը ծլել էր՝60 տոկոսով ցրտահարվեց»։

«Տարին շատ անբարենպաստ էր, ես մի ջերմոցից հավաքում էի 10 աման ելակ՝ 3 կգ-ոց, այս տարի հավաքել եմ ընդամենը 2 աման, այսինքն՝ ամեն բերքահավաքին 6կգ ելակ եմ հավաքել, բերք չկար»։

Ելակի ջերմոցները գյուղապահովագրություն չունեն։ Գյուղացիներն ասում են՝ մինչև հիմա չեն կարողացել մարել ջերմոցների պոլիէթիլենային թաղանթների պարտքը. 1 կգ՝ 1500 դրամ: Իսկ ելակի ջերմոցների երկարությունը  մինչև 20մ է: Ալեքսան Ալեքսանյանն ամեն տարի 50 ջերմոց է հիմնում: Արդեն սկսել են սածիլների մշակումը.

«Ելակի մշակման աշխատանքները սկսում ենք սեպտեմբերից մինչև բերքահավաք: Հիմա արդեն սկսել ենք սածիլներ դնել, մշակում ենք մինչև խոր աշուն, իսկ հունվարի վերջից՝ ջերմոցներն ենք կապում»:

Ալեքսանը կես հեկտարի վրա է ելակ մշակում, հողի մյուս կեսը կարտոֆիլի ցանքի տակ է: Ասում է՝ ամեն տարի փոխում է․նույն մշակաբույսը նույն հողում չի դնում: Զրույցից հետո շտապում էր դաշտ, տրակտորով վարելու է հողերը՝ ցանքին ընդառաջ: Ելակն ընտանիքով են մշակում, օրավարձով աշխատողները միայն բերքահավաքին են գալիս: Ցածր ջերմոցներում ամռանն աշխատելը թանկ արժե.

«Առավոտյան աշխատուժին վճարում եմ 6000 դրամ, երեկոյան՝ 4000 դրամ, օրական՝ 10000 դրամ: Առավոտյան ջերմոց  են մտնում ժամը 5-ից մինչև 11-12-ը, ցերեկը՝ 4-ից մինչև մութն ընկնելը»:

Ելակի 3 տեսակ են մշակում, ալբիոնը հիմա ամենատարածվածն է՝ խոշոր է, պինդ ու խրթխրթան: Բայց իրենց համար ամենահամեղը ոսկեվազ տեսակն է: Ալեքսանն աում է՝  ռուսական սորտը ողջ տարին բերք է տալիս:  Նա շուրջ 3 հա հող է մշակում, բացի ելակից՝ բամջարեղեն դնում, նորատունկ պտղատու այգի էլ է հիմնել: Ելակից բերք չէր ստացել, բայց հացահատիկից դժգոհ չէ՝ 1.5 հա-ից 10տ ցորեն է հավաքել:

Գեղակերտ գյուղի հողերը ոռոգվում են ստորին Հրազդան ջրանցքից և խորքային հորերով: Գարնանը ջրի խնդիր գրեթե չի լինում, իսկ հիմա ջրանցքի ջուրը սակավ է: Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան.

«Ելակի սածիլների սեզոնը սկսվել է, գյուղում տնամերձ հողամասերի մի հատված կա, որն օգտագործում են գյուղտնտեսական նպատակով, ոռոգման ջուրը դժվար հասանելի է և այս պահին էլ սակավ ջուր ունենք: Փորձում ենք Էջմիածին ՋՕԸ-ան հետ խնդիրը լուծել»:

Գեղակերտում ոռոգման ցանցերը լցված են պլաստիկով: Գոհար Հայրապետյանն ամեն օր ստիպված մաքրում է տան մոտով անցնող առուն, որը պլաստիկատներից անընդհատ խցանվում է.

«Մեր գյուղից չի, Աղավնատնից, վերևի գյուղերից լցնում են ոռոգման ցանցը, գալիս է մեր գյուղ՝ խցանվում է: Ճանապարհի տակի խողովակը նեղ է, խցանվում է ու ջուրը բարձրանում լցվում է իմ հողամասը, տան նկուղը»:

Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ ամեն  երեկո աղբը մաքրվում է: Գյուղի ներսում՝ տան դիմաց հողամասերը պոմպերով են ջրում, այլապես ջրի սակավությունից ծառերն ու մշակաբույսերը կչորանան՝ ասում է Գոհար Հայրապետյանը.

«Ոռոգման ջուրը շատ քիչ է.օրերով ջուր չի լինում, բայց էս մի քանի օրը ջուր է երևում: Ես տան դիմաց 8 մ խորությամբ հոր ունեմ փորված, պոմպ ենք դրել: Այստեղ բոլորը հոր ունեն, եթե չլինի՝ շատ դժվար կլինի»:

Գոհար Հայրապետյանը թոշակառու է, իր այգում բազմատեսակ պտղատու ծառեր ունի: Պոմպով ժամանակ առ ժամանակ ջրում է այգին, բերքը հավաքում ու քաղցր չրեր պատրաստում: Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ասում է, որ այս տարի սուբվենցիոն ծրագրով վերականգնելու են 19 խորքային հոր, որից մեկը՝ Գեղակերտ համայնքում:

Back to top button