ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն դարձավ 96 տարեկան. եկեք պատմեմ` ինչ է լինելու ռադիոյում 10-15 տարի հետո

Շնորհավոր: Ռադիոյի տարեդարձին ընդունված է խոսել անցյալից: Խոսել հիմնադրման պատմության, ձայների ու դեմքերի մասին, ամփոփել ձեռքբերումներն ու նվաճումները: Անցած տարի՝ 95-ամյակին, մենք այդպես էլ արեցինք: Այս անգամ եկեք ապագայի մասին խոսենք: Եկեք պատմեմ՝ ինչ է լինելու 10-15 տարի հետո:  

Արթնանում եք: Դիպչում հեռախոսի հոլոգրաֆիկ ինտերֆեյսին, որ զարթուցիչն անջատվի ու միանա ռադիոն: Մինչ տրորում եք աչքերը, մեր սերվերը գեներացնում է Ձեր տեսած վերջին երազի սաունդթրեքը: 

Երբ միացնում էիք ռադիոն, հպման ժամանակ սարքը ձեռքի վրայից հասցրել է ընթերցել սրտի աշխատանքի, շնչառության, ճնշման, նյութափոխանակության և անգամ հորմոնալ ֆոնի տվյալ պահի առանձնահատկությունները: Մեզ հայտնի չէ երազի սյուժեն, իրադարձությունների վայրն ու կոնտեքստը, բայց մենք հաստատ գիտենք՝ ինչ էիք Դուք անում երազում՝ վազում էիք, թե գնումներ անում, մոլորվել էիք, թե հայտվել ինչ-որ հետաքրքիր վայրում, լողում էիք ծովում, թե ճախրում ամպերի մեջ: 

Բոլոր գործողություններն ու հույզերը ունեն կենսաքիմիական մարկերներ: Երազում եք անում տվյալ բանը, թե իրականում, մարկերները նույնն են: Մարսի գրունտի հետազոտությունների ժամանակ օգտագործվող հնարքը, երբ «մարսագնացը» լազերային ճառագայթն ուղղում է նմուշի վրա և արտացոլման միջոցով որոշում բաղադրությունը, մենք ադապտացրել ենք մեր ռադիոական կարիքների համար:  

Ձեր ձեռքը դիպավ սարքի թաչսքրինին: Մենք ամեն ինչ գիտենք: 

Ռադիոյի «բոտը» հասկացել է, որ երազը լավն էր, արկածային, փոքր-ինչ ռոմանտիկ, և վստահ է, որ կուզեիք, որ այն ավելի երկար տևեր: Մենք չենք կարող երկարացնել երազը, մանավանդ, երբ արդեն զարթնել եք: Բայց վստահաբար կարող ենք երկարացնել երազի զգացողությունը, մանավանդ, եթե անրջում եք, ու գիտակցությունը դեռ լիարժեքորեն չի միացել: 

«Բոտը» Ձեզ վաղուց է ուսումնասիրում: Մանրամասնորեն ֆիքսել է երաժշտական Ձեր նախընտրությունները, հաշվարկել հույզերի Ձեր դիապազոնը, ապա հատուկ ալգորիթմով միացրել երկու դատաբազաներն իրար: Մենք Ձեզանից լավ գիտենք` Ձեր սիրտը որ պահին ինչ երաժշտություն է ուզում, և «Բոտը» հեշտությամբ գեներացնում է մեղեդին, որն առավելագույնս արտահայտում է երազում ապրած Ձեր հույզերը:

Անկեղծ ասած, դա (պլյուս-մինուս) հենց այն երաժշտությունն է, որ երազի տպավորության տակ Դուք ինքներդ կգրեիք, եթե նոտա իմանայիք:   

Դեռ պառկած եք: Թրեքը սկսում է հնչել: Դա այնքան Ձերն է, այնքան է տեսած երազի մասին, որ Ձեզ սկսում է թվալ, թե երազն իսկապես այդ երաժշտության տակ եք տեսել: Գեներացված մեղեդին ասոցիատիվ թելն է, որը թույլ չի տալիս, որ երազը ցնդի, ինչպես լինում է սովորաբար: Ընդհակառակը, այն ստիպում է Ձեզ արթնանալու առաջին իսկ վայրկյաններին հիշել մոռացված դրվագներն ու դետալները: 

Արթնանալուն զուգահեռ երազները սովորաբար տարալուծվում են ծխելիս արձակված ծխե շրջանակների կամ սրտիկների նման: Կար, կար… իսկ հիմա չկա… Կա՞ր արդյոք: Իսկ ի՞նչ էր, եթե կար: 

Ռադիոյի «բոտը» հակառակ գործընթաց է առաջացնում: Սաունդթրեքը լսելիս` արթնանալուն զուգահեռ երազի զգացողությունը ոչ թե ցնդում է, այլ` թանձրանում: Այս առավոտ այն աստիճանի, որ արթուն ժամանակ երազն ավելի ուժեղ եք զգում, քան երբ քնած էիք:

Մենք չգիտնեք` ինչի մասին էր Ձեր այսօրվա երազը: Բայց գիտենք, որ երազում Դուք բացարձակապես երջանիկ էիք: Եվ ուրախ ենք, որ կարողացանք բացարձակ երջանկության այդ զգացողությունը գոնե մի քանի րոպեով Ձեր երազից Ձեր ննջարան տեղափոխել:

«Երազի պրոլոնգացիան» Հանրային ռադիոընկերության առաջարկած լրացուցիչ կարգավորումներից է, որն ընտրել է մեր ռադիոլսողների ավելի քան երկու երրորդը: 

Նախաճաշ, առաջին սուրճ: Լուրերը լսելու ժամանակն է: Բայց մենք գիտենք, որ լուրջ բաներ լսելու համար դուք դատարկ փորով բավականաչափ կենտրոնանալ չեք կարողանում ու, ամենայն հավանականությամբ, ռադիոն ուղղակի կանջատեք:  «Բոտը» երկարացնում է երաժշտությունը, ավելացնում մի քանի ֆրազա ու միացնում լուրերը` կուլ տված հինգերորդ գդալից հետո:

… Բարի առավոտ, Հանրային ռադիոյի եթերում «Ռադիոլուրն» է:   

Մենք գիտենք, որ Դուք մարզիկ եք՝ զբաղվում եք մենամարտային ձևերով, և Ձեզ համար լուրերը սկսում են ոչ թե քաղաքականությունից, այլ մարզական նորություններից: Ընդ որում, եթե ինչ-որ կարևոր բան կա MMA-ի աշխարհում, առաջինը Դուք կլսեք ռեպորտաժ հենց այդ մասին: 

Իսկ այսօր, և միայն այսօր, մեր հավատարիմ ունկնդիրը լինելու համար հատուկ բոնուս՝ լրատվական թողարկումը հնչելու է Քոնոր Մաք Գրեգորի ձայնով: 

Դուք կուլ եք տալիս 6-րդ գդալը և արնախում իռլանդացին ոսկեղենիկ հայերենով պատմում է Ձեզ սկզբից մարզական, ապա մնացած բոլոր նորությունները: 

Օրեր առաջ Դուք ակտիվացրել էիք ռադիոյի «Փոքր հայրենիք» ֆունկցիան: Մենք գիտենք, որ Դուք արմատներով Գեղարքունիքից եք: Ու լուրերի թողարկման կեսից Քոնոր Մաք Գրեգորը գրական արևելահայերենից անցնում է «զռռ քյավառա բարբառի»:

Կանոնիկ քյավառերենի վրայից գեներացված օպցիոնալ նորատուսյան երանգները հնչողությանը լրացուցիչ փայլ ու հմայք են հաղորդում:

«Փոքր հայրենիք»-ը Հանրային ռադիոյի առաջարկած լրացուցիչ կարգավորումներից է՝ ուղղված ավանդական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը, որի շրջանակներում ռադիոյի «բոտն» ամեն անգամ մի նոր հնարք է գտնում` հիշեցնելու Ձեզ, թե ով եք Դուք, որտեղից եք եկել և ուր եք գնում:   

Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ միտք առաջացրեց Ձեզ մոտ Մաք Գրեգորի ձայնի ու հայրենի Ձեր բարբառի պայթյունավտանգ եթերային այս միքսը, բայց «բոտի» հաշվարկով, Ձեր տրամադրությունն այսօր ամբողջ օրը սովորականից բարձր է լինելու: 

Եթե մենք Հանրային ռադիոն չլինեինք, այլ ապրեինք գովազդով, հաստատ արժեր Ձեզ այսօր մոլախաղերի կազմակերպիչներին վաճառել: Հաշվի առնելով օրվա բարձր տոնուսն ու սպորտային Ձեր ազարտը` մոլախաղերի և վիճակախաղերի գովազդը Ձեզ վրա այսօր իդեալական կաշխատեր:  

Բայց մենք Հանրային ռադիոն ենք և այդպիսի բաներ չենք անում: Ձեր այսօրվա դրայվը մենք կօգտագործենք ի շահ Ձեզ, ոչ թե գովազդատուների:  

Նստում եք մեքենան, որ գործի գնաք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Queen-ի We Are The Champions-ը, որը կտևի ոչ թե 3 րոպե 30 վայրկյան, ինչպես ժամանակին ձայնագրվել է, այլ մոտ 14 րոպե, որովհետև «բոտի» հաշվարկով այսօր Ձեր ճանապարհն այդքան է տևելու: 

Ու որ չձանձրանաք, Ֆրեդի Մերկուրիի փոխարեն երգելու եք Դուք ու Ձեր բանակի ընկերները՝ կրկներգերի ժամանակ անցնելով վրացական երգչախմբային բազմաձայնության: Երգի առաջին մասը կհնչի օրիգինալ նվագակցությամբ, հետո կնվագի Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, հետո` Սայաթ-Նովա աշուղական մեր համույթը, իսկ ամենավերջում` Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլը:  

Ու մինչև տեղ հասնելը Դուք չեք դադարի հիանալ ու զարմանալ, թե որքան հետաքրքիր է հնչում Queen-ի երաժշտությունը հայկական ժողգործիքներով և թե ինչպես է ստացվել, որ նոտա չիմացող-ձայն չունեցողներդ հնչում եք օրիգինալից ոչ պակաս:

«Էռոր»… «Արհեստական բանականության սխալ»: «Բոտն» իր կանխատեսման մեջ սխալվել է: Շատ հազվադեպ, բայց լինում է այդպես: Մատը տանում եք դեպի մեքենայի ընդունիչը ու թեթև հպումով անջատում արհեստական բանականության կարգավորումը: Ձեր սիրտն ուղղակի ռադիո է ուզում, սովորական, անալոգային, լայնահաղորդ, մարդկային ռադիո, որը մենք, իհարկե, պահպանել ենք մեր ամենաբծախնդիր և ամենաարժեքավոր ունկնդիրների համար:

Իսկ հիմա շատ լուրջ: Սա ամենևին էլ կատակ կամ չափազանցություն չէր: Մի օր ռադիոն իսկապես ամեն առանձին ունկնդրի համար առանձին ալիք է սկսելու հեռարձակել։ Ճիշտ ինչպես այսօր սոցցանցը առանձին նյուսֆիդ է ստեղծում առանձին օգտատիրոջ համար։ Ռադիոն, տեղում և վարկյանական վերլուծելուվ նախասիրություններն ու պահի տրամադրությունը, գեներացնելու է բովանդակություն մեկ առանձին ունկնդրի համար։ Ցանկացած բովանդակություն՝ լուրեր, գեղարվեսական հաղորդումներ, երաժշտություն, թատրոն․․․ երազի զգացողություն, ամեն ինչ։ Եվ արդեն այսօր այդ ամենի համար կա անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներմների մեծամասնությունը։ Արհեստական բանականությունը ունկնդրին կդարձնի եթերի լիարժեք համահեղինակ, իսկ եթերը կդարձնի ունկնդրի ձայնային արտացոլանքը։  Իսկ ի՞նչ են անելու ռադիոյի մարդիկ` կհարցնեք Դուք։ Եվ սա իսկապես ամենակարևորն է։ Մի անգամ, երբ մեծ աղջիկս մի չորս տարեկան էր, հերթական անգամ հարցրեցի, թե ինչ է ուզում դառալ, երբ մեծանա։ Ասաց՝ ուզում եմ ռոբոտներ վարժեցնող դառնալ։  

Ռադիոյի մարդիկ ռոբոտ վարժեցնող են դառնալու, բոտերի ուսուցիչ։ Լրագրողները՝ լրագրող-բոտերի, երաժիշտները՝ բոտ-երաժիշտների, հաղորդավարները` ձայնային բոտերի և այդպես շարունակ։  Նրանց վճարելու են մի քսան անգամ ավելի շատ, քան հիմա, որովհետև արդեն այսօր ամենաթանկ մասնագետները նրանք են, ովքեր գեղարվեստական ստեղծարարությունը հաշտեցրել են տեխնոլոգիական նորարարության հետ։  Ռադիոյի մարդիկ ավելի շատ են ազատ ժամանակ ունենալու, որը ներդնելու են այն գաղափարների իրականացման վրա, որոնք արհեստական բանականության նկատմամբ իրական մրցակցային առավելություններ ունեն։ Պոեզիայով են զբաղվելու, փիլիսոփայությամբ ու գիտությամբ։ Թեկուզ տեխնոլոգիական էթիկայով։ Հաճույք են ստանալու իրենց ու շրջակա աշխարհը ավելի լավը դարձնելով։ Մի խոսքով՝ կրճատումներ չեն լինի։ 

Գաղտիք բացեմ։  Արդեն այս տարի շատ մեծ հավանականությամբ Հանրային ռադիոյի հաղորդումներից մեկը կսկսի արտադրվել արհեստական բանականության մասնակցությամբ։ Եվ գուցե հաջորդ տարի 97-ամյակը շնորհավորելիս մարդկանցից զատ մի երկու խոսք էլ գրվի բանական բայց արհեստական մեր գործընկերների համար

Back to top button