Երաժշտական եռանկյունի

Հայկական քանոնի հաղթանակը․ «Երաժշտական եռանկյունի»

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը պատանեկությունից ընտրել է քանոնը և հավատարիմ մնալով այդ ընտրությանը՝ համաշխարհային ճանաչման է հասել՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցույթների։ Քանոնը արևելյան նվագարան է, որը մեծ տարածում է ստացել նաև հայկական գործիքային երաժշտության մեջ և ներկայանում է որպես նվագակցային և մենանվագային գործիք։

«Անշուշտ, քանոնը առավելապես կիրառվում է ժողովրդական և աշուղական երաժշտության մեջ, բայց վերջին տասնամյակների ընթացքում զարգացում է ապրել քանոնի համար գրված կոմպոզիտորական երաժշտությունը, ինչպես նաև իմ նվագացանկում ընդգրկված հոգևոր երաժշտության փոխադրումները»,- ասում է Մարիաննա Գևորգյանը։

Քանոնահարուհին հաճախ հանդես է գալիս որպես մենակատար ազգային երաժշտության համերգային տարբեր նախագծերում, բայց հիմնական աշխատանքի ոլորտը «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլն է, որի ղեկավար Սեդրակ Երկանյանը ստեղծում է ծրագրեր՝ հատուկ քանոնի և նվագախմբի համար։ Քանոնահարուհին կարևորում է այդ հանգամանքը, քանի որ քանոնը ներկայանում է բարձր ակադեմիական բեմից, ինչը նոր բնույթ է հաղորդում հայկական երաժշտությանը։

Քովիդյան երկու տարիների ընթացքում Մարիաննան մասնակցել է բազմաթիվ համացանցային նախագծերի, նաև նախաձեռնել է միջազգային համագործակցություն մեդիա ոլորտում՝ հիմնվելով հայկական երաժշտական նյութի վրա։ Այդ ժամանակահատվածում նա հաղթող է ճանաչվել միջազգային ֆոլկլորային կատարողների խոշորագույն՝ GLOBAL CULTURAL INITIATIVE WORLD FOLK VISION մրցույթում՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում՝ 115 երկրի 3950 մասնակիցների մեջ արժանանալով Գրան պրիի։

Հաղորդման ընթացքում հնչում են Մարիաննա Գևորգյանի բազմաթիվ համերգային և ստուդիական ձայնագրություններ։

Back to top button