Սփյուռքի ձայնը

Խնդիրներով, սակայն գործուն. Սփյուռքի հայ դպրոցները. «Սփյուռքի ձայնը

Սփյուռքում հայկական դպրոցները գործում են, շատերը գոյատևում են, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք հատուկ են տվյալ երկրին, տարածաշրջանին ու հայ համայնքի գործելաոճին։ Որոշ երկրներում պետական որոշակի քաղաքականության արդյունքում հայկական դպրոցները փակվում են կամ ստանում այլ կարգավիճակ։ Այսօր սեպտեմբերի 1-ն է, Հայաստանում ուսումնական տարվա սկիզբը և սա նաև առիթ է խոսելու սփյուռքի դպրոցների խնդիրների մասին։

ՀՀ-ում կազմակերպված համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովին Սփյուռքի, ՀՀ-ի և Արցախ մոտ 100 դպրոցների և հայ համայնքների ներկայացուցիչներն իրենց անհանգստացնող խնդիրների մասին բարձրաձայնելու, լուծումներ գտնելու, առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն ունեցան։

Ռոզա Զոհրաբյանը Վրաստանի «Եղիա Մարգարե» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին է։ Նա դեմ է այլ բանախոսների այն պնդմանը, որ սփյուռքի հայկական դպրոցների մեկ խմբում չպետք է սովորեն հայերենին տիրապետող և չտիրապետող երեխաները, հակառակը, կարծում է որ նրանք միմյանց հետ պետք է սովորեն։

Դոնի Ռոստովի «Սուրբ Խաչ» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Արմինե Ղազարյանն էլ իրենց տարածաշրջանի դպրոցների առանձնահատկությունները ներկայացնելով նշեց, որ ռուսախոս հայ երեխաներին, իսկ նրանց թիվը գերազանցում է հայախոսներին, պետք է օգնել՝ տիրապետելու բանավոր հայերենը։ Նա առաջարկեց ստեղծել ավելի արդյունավետ միջոց կամ մեթոդ՝ հայերենի բանավոր խոսքը սփյուռքում զարգացնելու համար։

Կրասնոդարի երկրամասի Հովհ․ Թումանյանի անվան հայկական մշակույթի լուսավորչական կենտրոնի դպրոցի տնօրեն Երազիկ Կարապետյանն էլ նշեց, որ ստեղծված որոշ ձեռնարկներ օգնում են բանավոր խոսքի զարգացմանը, սակայն առանձնացրեց կրթության ոլորտում սփյուռքի համար տարվող աշխատանքային խմբերի արհեստավարժության պակասն ու առաջարկեց համայնքներն ապահովել բանիմաց մասնագետներով։

Սփյուռքի կրթօջախների ներկայացուցիչների հարցադրումներին ի պատասխան՝ Հայաստանից «Էդիտ Պրինտ» հրատարակչության վերապատրաստման ծրագրերի մասնագետ, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի փորձագետ Թամարա Թովմասյանը նշեց, որ պարբերաբար հետաքրքիր ձեռնարկներ ստեղծվում են, դրանք հարմարեցվում և ներկայացվում են Սփյուռքի դպրոցներին՝ հայ երեխաների հետ աշխատանքը ավելի մատչելի դարձնելու համար։ Ավելացրեց նաև, որ խոսքից բուն գործին անցնելու համար, այնուամենայնիվ, պետք է փորձառու մասնագետներից կազմված խմբեր ստեղծվեն։

Կրթօջախների ներկայացուցիչների տեսակետները խորհրդաժողովից խորհրդաժողով լսվում ու քննարկվում է։ Արդյո՞ք դրա արդյունքում խնդիրները պակասում են, արդյո՞ք մշակված մեթոդներն ու առաջարկները ընդգրկվում են ձեռնարկներում, ՀՀ ԿԳՄՍ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը նշում է, որ խնդիրները շատ են, դրանք հատկապես այս հանդիպումից հետո քննարկվելու են։

Back to top button