Մոռացված ֆիլմերի ստվերները

Էկրանի մեկ օրը, որը նկարահանվեց երկուսուկես ամիս. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Անատոլի Մոկացյանն անցյալ դարի 60-ականների վերջին նկարահանեց հայկական առաջին՝ «Երազողներ»՝ վոկալ-գործիքային անսամբլի մասին պատմող ֆիլմը։

Նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո այն ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց Արվեստի աշխատողների տանը, որից հետո ավելի քան չորս տասնամյակ անգամ ֆիլմի հերոսները չգիտեին, որ այն չի կորել, գոյություն ունի։

Սովետական Միության տարբեր քաղաքներում կային երաժշտական համույթներ, որոնք շատ հաճախ էին ելույթ ունենում և շրջագայում՝ հիմնականում միության տարածքով կամ, այսպես ասած, արտասահմանով՝ սոցիալիստական ճամբարի երկրներով։

1960-ականներին ջազը լայն տարածում ուներ Խորհրդային Հայաստանում։ Հենց այդ ժամանակ էր, որ երիտասարդության շրջանում սկսեցին հայտնվել առանձին խմբեր, որոնց երաժշտությունն արդեն փորձում էր նոր աշխարհի մասին պատմել։

 «Юность», «Կռունկ», «Блики», «Мечтатели», «Առաքյալներ»… շարքը կարելի է շարունակել։ Այսպես էին կոչվում հենց այդ ժամանակ ձևավորված երաժշտական տարբեր ժանրերում հանդես եկող հայկական խմբերը, որոնք երիտասարդության շրջանում տարածված էին։

Այդ խմբերի մեջ լիվերպուլյան քառյակի՝ «Բիթըլզի» հանդեպ մեծագույն սիրով աչքի էր ընկնում «Երազողներ» վոկալ-գործիքային խումբը, որը ստեղծվեց 1965 թվականին։ 

Զավեն Սարգսյան, Հրայր Կոտոյան, Երվանդ Երզնկյան, Սլավա Բունիաթյան և Հակոբ Պետրոսյան. նրանք խմբի հիմնադիրներն էին, այն հինգ նորարար երիտասարդները, որոնք ոչ միայն կրում էին արևմտյան երաժշտության ազդեցությունը, այլև դարձել էին «Բիթըլզի» երգերի տարածողները Հայաստանում և խորհրդային մի քանի այլ երկրներում։  

Սկզբում նրանք ելույթ էին ունենում Պոլիտեխնիկ ինստիտուտի դահլիճում, երգում էին տարբեր միջոցառումների ժամանակ։ Շատերը «Բիթըլզի» երգերն առաջին անգամ լսում էին նրանց կատարմամբ։ Խմբի անդամներից Երվանդ Երզնկյանը, որն այսօր ղեկավարում է Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, ասում է, որ լիվերպուլյան քառյակի երգերը գտնելն ու դրանց բառերը վերծանելն այդ խմբի երկրպագու երաժիշտների համար չափազանց բարդ գործ էր։

Երվանդ Երզնկյան

«Պոլիտեխնիկ ինստիտուտի ընդունելիության քննություների ժամանակ ես ծանոթացա Զավեն Սարգսյանի և Հրայր Կոտոյանի հետ։ Զրույցի ժամանակ նրանք ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ես սիրում եմ «Բիթըլզի» երգերը։ Իմ դրական պատասխանից հետո մենք որոշեցինք քննությունները բարեհաջող հանձնելուց և ինտիտուտ ընդունվելուց հետո մի երաժշտական խումբ ստեղծել։ Այդպես էլ արեցինք»,-ասում է Երվանդ Երզնկյանը։

Դերասան Աշոտ Ադամյանին և Անատոլի Մոկացյանին միավորում էր ոչ միայն  ընկերական, այլև ստեղծագործական երկար տարիների մտերմությունը։ Նա պատմում է, որ «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում բազմաթիվ վավերագրական ֆիլմեր նկարահանած Անատոլի Մոկացյանը Հունգարիայում «Բիթըլզի» մասին պատմող «Help» ֆիլմը դիտելուց հետո «Երազողներ»-ին առաջարկեց մի կարճ ժապավեն էլ նրանց մասին նկարել։ Հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ Ջոն Կիրակոսյանին, որ հայտնի էր իր առաջադեմ հայացքներով, այդ գաղափարը դուր եկավ:

Աշոտ Ադամյան

«Անատոլի Մոկացյանը շատ բաց, ոչ կաղապարված, ազատ մտածող մարդ էր։ Այսինքն մարդ, որը պատրաստ էր գնալ որոշակի փորձարարությունների, և սա էր պատճառը, որ նա որոշեց իր ուժերը փորձել կինոյի այդ ժանրում»,- նշում է Աշոտ Ադամյանը։

1969-ին «Երազողներ» անսամբլի մասին պատմող ֆիլմը պատրաստ էր։ Մաշտոցի պողոտայում գտնվող Արվեստի աշխատողների տանը, որի տեղում այսօր խանութ է, տեղի ունեցավ կինոնկարի առաջին դիտումը։ Ցուցադրությանը հաջորդեց քննադատությունների տարափ։

Ֆիլմի նկարահանման և մոնտաժային աշխատանքների ընթացքում Ջոն Կիրակոսյանն այլ աշխատանքի էր անցել, իսկ նոր ղեկավարությունը ֆիլմի առաջին դիտումից հետո արգելեց այն եթեր թողնել։ «Երազողները պետք է ցանքատարածքներ գնան ու քրտնաջան աշխատեն, ոչ թե մազերը երկարեցնեն և կիթառներով ծընգծընգացնեն». այն օրերի կինոյի պատասխանատուներն այս հիմնավորմամբ արգելեցին կինոնկարը։ Պատճառներից էին նաև Կոմիտասի երգերի մշակումները։ Դրանք խնամքով ու հետաքրքիր ոճով կատարել էին Հրայր Կոտոյանն ու Երվանդ Երզնկյանը, բայց այդ մշակումները որակվեցին որպես «խայտառակություն»։

«Այն ժամանակ խորհդային ղեկավարությունը, մեղմ ասած, չէր երկրպագում «Բիթըլզ» խմբին։ Մեր մազերն էլ մի քիչ՝ շատ չէ, երկար էին և դա էլ նպաստեց, որ ֆիլմը չընդունվի և համալրի դարակային ֆիլմերի շարքը»,-ափսոսանքով նշում է Երվանդ Երզնկյանը։

Լեգենդար «Բիթըլզ» խումբն ու նրա երգերն այսօր էլ շարունակում են համաշխարհային հռչակ վայելել, բայց ի տարբերություն «Բիթլզի» «Երազողներ» խմբի երգերի գոյության մասին այսօր գիտեն քչերը։ Բարեբախտաբար Անատոլի Մոկացյանի նախաձեռնությամբ ժապավենի վրա պահպանվել են այդ խմբի անդամների կատարումները։ 

Այսօր կինոնկարը հասանելի է համացանցում։ Մնում է փնտրել, գտնել և վայելել անցյալ դարի 60-ականների վերջերին ձևավորված «Երազողներ» ռոք խմբի մասին պատմող ֆիլմը։

Back to top button