ԿարևորՀասարակություն

Սուբվենցիոն ծրագրեր. որա՞կ, թե՞ արագություն. Լոռիում մտահոգ են

Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրերի ցանկն ու աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ կրթամշակութային օջախներից մինչև բակերի ասֆալտապատում, խաղահրապարակների կառուցում ու վերելակների նորոգում: Դրանց որակը,  սակայն, վերջին շրջանում մտահոգիչ է դարձել թե՛  հանրության, թե՛  Լոռու մարզի իշխանությունների համար: Կա հստակ հանձնարարական՝ անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվի:

Վանաձորում սուբվենցիոն ծրագրերի ընթացքը դեռ 2021-ից հարթ չէ տարբեր հանգամանքներով, նաև՝ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված: 107 ծրագրից 20-ը տեղափոխվել են 2022 թվական: Մեծ մասը մոտ են ավարտին,  կան և խախտումներ, որոնք վերացնելու ժամկետը հոկտեմբերն է՝ ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Դավիթ Մանուչարյանը: 2022-ի համար հաստատված մոտ 9 տասնյակ ծրագրերը կիրականացվեն 15 համայնքում՝ 9.3 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով։

«Մոտ 9 միլիարդի ծրագրեր են 2022-ին. ասֆալտապատում և տուֆով սալարկումներ գյուղական համայնքներում, խմելու ջրագծերի, ոռոգման համակարգի ծրագրեր, համայնքների լուսավորության, գազիֆիկացում, մանկապարտեզների հիմնանորոգում և կառուցում, էներգախնայող լուսավորություն»:

Համայնքների խոշորացման արդյունքում այժմ ավելի շատ համայնքային խնդիրներ են լուծվում՝ ասում է Գևորգ Քոթանջյանը: Նրա ղեկավարած «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է մարզում սուբվենցիաների ընթացքն ու պարզել՝ ոչ բոլոր դեպքերում է հանրային միջոցներով որակյալ գործ արվում: Թերացողներ միշտ են լինում, բայց որևէ պատժամիջոց չի կիրառվում: Օրինակները շատ են՝ սկսած Վանաձորի բակերի ասֆալտապատումից։

«Անցած տարվա ասֆալտն ամբողջը քանդվել է, խոսքը Վանաձորում բակային ասֆալտապատման մասին է, չնայած ունեն 3 տարվա երաշխիք ու որևէ աշխատանք չի տարվում՝ շինարարին պարտավորեցնելու աշխատանքները նորից կատարել և որակով:  Օրինակ՝ Արջուտ համայնքի տուֆով սալարկումն իրականացվել է, բայց արդեն ճանապարհը քանդվում է: Իհարկե, Արջուտի համայնքապետարանը նշում է, որ խնդիրը Վանաձորի աղբատար մեքենաներից է առաջացել, որոնք բեռնված գնում են ու ճանապարհը քանդում, բայց փաստն այն է, որ այդ ճանապարհը նույնիսկ 1 տարի չի դիմանում»:

Ո՞րն է որակի չափանիշը մարզպետարանի համար՝ հարցնում է Գևորգ Քոթանջյանը,  միայն ժամանակի մեջ տեղավորվե՞լը՝ ի հաշիվ որակի: Շատ են դեպքերը, երբ կառավարության հաստատած այս կամ այն ծրագիրը կյանքի չի կոչվել, ինչպես օրինակ՝ Մ6-Աթան ճանապարհի հիմնանորոգումը, որ պետք է ավարտվեր այս տարեվերջին, բայց դեռ ոչինչ չի արվել:

Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանն այլ դժգոհություն ունի.Վանաձորի տարբեր հատվածներում դիտահորերը կամ բաց են, քանի որ դրանց կափարիչները շատ են գողանում, կամ էլ ճանապարհաշինական նորմերի կոպիտ խախտումով են կառուցված։ Վերջերս հիմնանորոգված Աղայան փողոցում դրանք ասֆալտի մակերեսից անհամաչափ բարձր են՝ պատկան կառույցների ուշադրությունն է հրավիրում սուբվենցիայով արված աշխատանքի ոչ պատշաճ որակին:

«Կուզեի պատկան մարմինները և վերահսկող կազմակերպությունը հետևի և պահանջի մրցույթը հաղթած ընկերությունից վերացնի թերությունները»:

Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային այգու հիմնանորոգումը ևս սուբվենցիոն է։ «Այգին, ինչ հիշում եմ, բոլոր կողմերից բաց էր, հիմա ո՞նց եղավ, որ որոշեցին ցանկապատել»,- ասում է քաղաքացիներից մեկը: Թերացումներից Վանաձորի համայնքապետարանում տեղյակ են: Համայնքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը վստահեցնում է՝ թերի աշխատանքները չեն ընդունում ու չեն վճարում: Աղայան փողոցի կատարողական ակտը դեռ ընդունված չէ: Շտկումներն ավարտված չեն, ասֆալտի փորձաքննություն էլ չի արվել, ուստի կառուցապատողին ոչինչ չեն վճարել: Իսկ այգին, Աբովյանի պարզաբանմամբ, պարզապես սահմանազատել են.

«Ողջ այգին է ցանկապատվել: Մուտքեր թողնված են: Լողավազանի տարածքը, որպես կրթական օբյեկտ, պետք է իր հստակ սահմաններն ու ցանկապատն ունենա: Աղայան փողոցը 90 %-ով արված է, մնում են մանր շտկումներ, մայթերի թեքահարթակների, դիտահորերի շտկումներ: Աղայան փողոցի պահով միայն դիտահորերի բարձրության խնդիրը չի, դիտահորերի կափարիչները սխալ չափերի են տեղադրել, ինչը խնդիր է առաջացրել ուժեղ սելավների ժամանակ: Շինարարին զգուշացրել ենք, որ փոխի»։

Որոշ դեպքերում սուբվենցիոն ծրագրերի մրցույթում հաղթողները հրաժարվել են իրենց պարտավորություններից ու խզել պայմանագրերը՝ ասում է Դավիթ Մանուչարյանը: Այդպիսիք, իհարկե, զրկվում են հետագայում ՀՀ տարածքում որևէ մրցույթի մասնակցելու հնարավորությունից, բայց ծրագրերն էլ են տուժում:
Սուբվենցիոն ծրագրերի որակը քննարկվել էր նաև Լոռու մարզխորհրդի նիստում: Մարզպետը հստակ ընդգծել էր՝ անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվի: Սուբվենցիոն ծրագրերով որակ ապահովելու կարևորությանն է անդրադարձել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ առաջարկելով անբարեխիղճ շինարարներին պատժել, պայմանագիրը դադարեցնել և «սև ցուցակ» գցել:

Վանաձորում սուբվենցիոն ծրագրերն արգելակվեցին նաև 2022-ին ավագանու նիստեր չգումարվելու պատճառով: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը 2 անգամ նիստ հրավիրեց ՝ սուբվենցիոն ծրագրերի լուրջ փաթեթն օրակարգում, բայց արժանացավ ընդդիմադիրների բոյկոտին: Այս ամենի ֆոնին վանաձորցիների համար, մխիթարականը, թերևս, Կարեն Դեմիրճյան 4,5 կմ փողոցի հիմնանորոգման լուրն է: Շուրջ 1 մլրդ. դրամ արժեքով նախագիծը հաստատվել է, մրցույթը՝ հայտարարվել: Մնում է հուսալ, որ այն ևս չի արժանանա Մ6-Աթան ճանապարհի ճակատագրին:

Կարդացեք նաև
Close
Back to top button