ԿարևորՀասարակություն

Նախասեպտեմբերյան ստուգում՝ նախակրթարաններում ու դպրոցներում․ կրթությունը պետք է ապահով լինի

Մինչ երեխաներն ու ծնողները պատաստվում էին սեպտեմբերի մեկին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ուսումնական հաստատություններն էլ պատրաստվում էին աշակերտներին պատշաճ դիմավորելուն։ Իսկ այն ներառում է ոչ միայն կրթական ծրագրերին ու դասապրոցեսին վերաբերող աշխատանքներ, այլև երեխաների անվտանգությունն ապահովող միջոցառումներ։ Ո՞ր նորմերին պետք է համապաստասխանեն դպրոցներն ու մանկապարտեզները, ի՞նչ ստուգումներ են իրականացվում և ինչպե՞ս են պաշտպանված, օրինակ, մանկապարտեզները հրդեհների ռիսկերից։

Դասասենյակը՝ աշակերտների քանակին համապատասխան, նստարանները՝ արևի ճառագայթներից հեռու, բուժկետը՝ առանձին մուտքով, խաղահրապարակն էլ՝ առանց վտանգավոր դետալների․ սա դպրոցներին ու մանկապարտեզներին ներկայացվող պահանջների մի փոքր հատվածն է։ Նորմերի պահպանման մակարդակը ստուգում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Սակայն Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Նաթելա Պողոսյանն ասում է, որ ստուգումներ անցկացվում են ոչ բոլոր կրթական հաստատություններում․

«Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 31-ը տեսչական մարմնի կայքում տեղադրվում են հաջորդ տարվա համար պլանավորվող տնտեսվարող սուբյեկտների ստուգումները։ Նախասեպտեմբերմեկյան ստուգում, որպես այդպիսին, օրենքը չի պարտադրում։ Եթե տվյալ տարում տվյալ տնտեսվարող սուբյեկտը հայնտվել է ստուգումների պլանային ցանկում, կստուգվի»։

Դպրոցներին ներկայացվող պահանջները կարելի է դասակարգել 3 խմբի՝ տարածքին ներկայացվող պահանջներ, գույքին ներկայացվող պահանջներ և ուսումնական գործընթացին ներկայացվող պահանջներ։ Առաջին խմբին է պատկանում, օրինակ, բուժկետի ճիշտ տեղակայումը, առանձին մուտքի առկայությունը, դասարանի տարածքի համապատասխանումը աշակերտների քանակին և այլն։

«Եթե գույքի մասին ասենք, հաստատությունում սովորողների համար տեղադրված և՛ նստարանների, և՛ սեղանների չափերը պետք է համապատասխանեն աշակերտների հասակին, ինչը նորմը սահմանում է։ Հաճախ բուժկետերը ապահովված չեն լինում, օրինակ, լվացարաններով, տաք և սառը ջրով, ինչը էլի նորմը սահմանում է»։

Ուսումնական գործընթացի մասին պահանջներն էլ վերաբերում են, օրինակ, դժվար առարկաները երկրորդից չորրորդ դասաժամերին անցկացնելուն։ Մանկապարտեզների համար ևս կան պահանջներ։ Օրինակ՝ բակում յուրաքանչյուր խմբի համար պետք է լինի ստվերածածկ հատված՝ արևի ուղիղ ճառագայթներից կամ տեղումներից պաշտպանվելու համար, խաղահրապարակներում սարքավորումները պետք է լինեն երեխաների հասակներին համապատասխան, չունենան սուր դետալներ։

Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը կարգադրագիր- հանձնարարական է ներկայացնում։

«Տրվում է ժամկետ, որ հանձնարարականը իրականացվի, և հետո նորից հանձնարականի հիման վրա ստուգում է իրականացվում հավաստիանալու համար՝ արդյոք տնտեսվարողը  կատարել է տվյալ հանձնարարականը։ Չկատարելու դեպքում հաստատությունը ենթարկվում է վարչական պատասխանատվության»։

Առաջին ստուգման ժամանակ խախտում հայտնաբերելիս տուգանքի չափը կազմում է 40-120 000 դրամ, կրկնաստուգման ժամանակ խախտման առկայության դեպքում՝  80- 150 000 դրամ։ Խախտումը շտկելու ընթացքում դասապրոցեսսը չի խաթարվելու․ ստուգող մարմինը տնտեսվարող գործունեությանը խանգարելու իրավունք չունի։

Այս ոլորտի խախտումները գուցե մասշտաբային խնդիր չառաջացնեն երեխաների համար՝ արագ կանխարգելելու շնորհիվ։ Սակայն իրավիճակն ավելի լուրջ է, երբ խոսում ենք հաստատությունների հրդեհային անվտանգության մասին։ Այս ոլորտում Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրած խախտումները մտահոգիչ են։ Պատմում է տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը․

«2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ մարզերում շուրջ 512 նախակրթական հաստատությունում  իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություններ և արդյունքում պարզվել է, որ նախակրթարանների ընդհանուր քանակից  մոտ 7.5 տոկոսը շահագործվում է առանց խախտումների, իսկ մնացած բոլոր դեպքերում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ»։

Խախտումների մի խումբ գերակշռող է ստուգված գրեթե բոլոր նախակրթական հաստատություններում, օրինակ՝ չի եղել հրդեհի մասին ազդարարող ձայնային ինքնաշխատ համակարգ, մանկապարտեզները ապահովված չեն եղել կրակմարիչներով, կամ փայտյա տանիքները մշակված չեն եղել հրակայուն լուծույթներով։

«Քանի որ դրանք ոչ թե ստուգումներ, այլ հրդեհատեխնիկական հետազոտություններ են եղել, և քանի որ նախակրթական հաստատությունները էդպիսի բյուջե չունեին, որ տեսչական մարմինը գնար տուգանքի ճանապարհով, նախընտրել ենք տնօրեններին ներկայացնել իրենց մոտ արձանագրված խնդիրները, նաև լիազոր մարմնին՝ մարզպետարաններին ու Երևանի քաղաքապետարանին ներկայացրել ենք, թե որ մանկապարտեզում ինչ խնդիր ենք արձանագրել, ու նաև դրանց լուծման տարբերակներ է առաջարկվել, որ քաղաքապետարանը իր միջոցներով, մանկապարտեզի միջոցներով ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, դրանց շտկումը ապահովելու համար»։

Ասում է՝ մանկապարտեզն այդ գումարը տուգանք վճարելու փոխարեն կրակմարիչ գնելու վրա կարող է ծախսել։ Սակայն հաստատությունները ոչ թե հսկող աչքի ճնշմամբ, այլ սեփական նախաձեռնողականությամբ պետք է ապահովեն հրդեհային անվտանգությունը։

Այս ամենից զատ ծնողներն այլ մտահոգություն ևս ունեն։ Մասնավորապես՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը հանրապետության մի շարք բնակավայրերում և Երևանում հասնելու է 40 աստիճանի։ Օդորակիչներ չունեցող և մինչև 35-40 աշակերտ ունեցող դասասենյակներում 5-6 ժամ անցկացնելը երեխաների համար դժվար է լինելու։

Back to top button