ԿարևորՀասարակություն

Մեր ազգային միասնության ու հետագա ձեռքբերումների միակ ճանապարհը կիրթ ու զարգացած սերունդն է. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարի ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրը՝ լիահույս, որ այս լուսավոր տոնը մեր կրթադաստիարակչական, գիտական-մասնագիտական, ինքնակրթության, հայրենաճանաչողության ու աշխարհընկալման բնագավառներում կարևոր մեկնակետ կլինի:

Խորապես համոզված եմ, որ մեր ազգային միասնության ու հետագա ձեռքբերումների միակ ճանապարհը կիրթ ու զարգացած սերունդն է, որ ամեն օր ընտանիքում, կրթական ու մարզամշակութային օջախներում ձևավորում է աշխարհայացք ու կարողություններ: Ուստի, մենք ենք կերտում այսօրվա ու վաղվա գաղափարակրի ներաշխարհը և մենք ենք պատասխանատու մեր վաղվա օրվա համար:

Կառավարությունն այս ոլորտում ունի պատասխանատվության ու առաքելության էական բաժին: Առաջիկայում իրականացվելու են շարունակական աշխատանքներ՝ Արցախի Հանրապետության գիտակրթական ներուժի բացահայտման ու բարելավման, ժամանակակից լուծումների ներդրման ու որակական ցուցանիշների կայուն բարձրացման ուղղությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով սեպտեմբերի 1-ը՝ ուզում եմ երախտիքի խոսքեր հղել վաստակած հանգստի մեկնած մեր ուսուցիչներին, կամք ու եռանդ՝ բոլոր գործող մանկավարժներին, ուսանելու անսպառ ձգտում՝ մեր աշակերտներին»:

Back to top button