ԿարևորՀասարակություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արգելանքը 7 օրվա փոխարեն կհանվի 1 օրում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Կոնվերս Բանկ»-ի պիլոտային ծրագրի շրջանակներում գործարկվել է ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 1 շաբաթվա փոխարեն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով. «Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից առկա է եղել արդարացի բողոք, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով` մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի»:

Ըստ աղբյուրի՝ թվային լուծումների շնորհիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս՝ վերջինիս պատասխաններն այսուհետ տրվելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա:

Նշվում է, որ ավտոմատացման նոր ներդրվող համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնք են՝ կատարողական վարույթի շրջանակում ՀԿԱԾ և բանկ հարաբերությունների արագ և արդյունավետ կարգավորումը, առավել պարզեցված վարչարարությունը, քաղաքացիների հաշիվների առավելագույն սեղմ ժամկետում ապաարգելադրումը, ապաարգելադրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականության բացառումը։

«Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր էր մեկնարկել նաև IDBank-ի հետ: Այսպիսով «Կոնվերս Բանկ»-ը երկրորդն է թվայնացման այս շղթայում:

Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Back to top button