ԿարևորՀասարակություն

Աղավնոյից և Բերձորից տեղահանված դպրոցականների ուստարին Սյունիքում է սկսվել

Սեպտեմբերի 1-ին Սյունիքի դպրոցներ հաճախեցին նաև Աղավնոյից ու Բերձորից տեղափոխված դպրոցականներ։ Սյունիքի մարզպետարանից «Ռադիոլուրին» տեղեկացրին՝ հստակ թիվ դեռ չեն կարող նշել, պատկերը պարզ կլինի մինչև սեպտեմբերի 10-ը։

Նիկոլայ Բադասյանը քրոջ հետ այս սեպտեմբերի 1-ից սովորելու է Տեղ համայնքի դպրոցում։ Նրանց ընտանիքը Աղավնոյից օրերս է տեղափոխվել Տեղ ու դեռ ապրում է բարեկամների տանը։ 9-րդ դասարանում է Նիկոլայը․ իր երկու համադասարանցիներն էլ են նույն դպրոցը հաճախելու, մյուս 7-ից տեղեկություն չունի դեռ։ Ստեփանակերտի «Թումո» էր հաճախում․ շաբաթական երեք անգամ ավտոբուսներով տանում ու բերում էին։

Գորիսում «Թումո» չկա, որոշել է «ԱրՄաթ» հաճախել, եթե ստացվի։ Գարեգին Նժդեհի նկարով վերնաշապիկ է հագել ու կարդում է գրառումը՝ մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ։ Զինվորական է ուզում դառնալ․  հարցնում եմ՝ որտե՞ղ կցանկանա ծառայել։

«Դե  էս երկրից ուրիշ տեղ գնալ չկա։ Ուրիշների համար չեմ ծառայի, մեր երկրի համար կծառայեմ»։

Արցախն ու Աղավնոն երբեք չի մոռանա՝ չի կարող։ Ասում է՝ մի օր կգնա։ Աղավնոյի ու Աղավնոյի դպրոցի հետ կապված շատ զգացողություններ ունի․ դրանք դեռ ներկայի պես են, հուշ չեն դարձել։

Նիկոլայ Բադասյան․«Անընդհատ որ դպրոցից դպրոց ես տեղափոխվում, հին ընկերներիդ մոռանում ես։ Բացի դրանից՝ հետո Աղավնոյի դպրոցում շատ պատմություն կա, ամեն բան իմ մեջ տպավորված ա»։

Բերձորից տեղափոխված Աղասի Հակոբյանի դուստրը՝ Անին, Քարահունջի դպրոցն է հաճախելու։ Աղջնակի հետ Գորիս են գնացել, բոլոր անհրաժեշտ պարագաները գնել, Նախօրեին Քարահունջի դպրոցի տնօրենի հետ զրույցում երկմտում էր՝ երեխային դպրոց տանի, թե դեռ ոչ․ Գորիսում աշխատանք է գտել, մտադիր է տուն գտնել ու այնտեղ տեղափոխվել։ Գուցե երեխային դպրոցից դպրոց տեղափոխելու նոր հարցեր ծագեն ու աղջնակի համար՝ նոր դժվարություններ։

 -Ե՞րբ եք որոշել տեղափոխվել։

 -Դե  ժամանակ կա հլա, մինչև տուն գտնեմ։

 -Դե էդ դեպքում երեխային բերեք դպրոց, սեպտեմբերի 1-ը մի անգամ է լինում։ Պարագաներ ունե՞ք։

 -Հա առել եմ բոլորը, միայն նկարն ա պակասում։

Ոչինչ, բերեք, ընթացքում փաստաղթերը կդասավորենք, երբ ուզեք կհանեք երեխային։

Անին Քարահունջի առաջին դասարանցիների թիվը համալրեց մեկով․ դպրոցը սեպտեմբերի 1-ին 9 առաջին դասարանցի ունեցավ։ Դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ուսման կեսից հանգամանքների բերումով դպրոցը կիսատ թողած ու տեղափոխված աշակերտների հետ աշխատելու փորձ ունեն, կփորձեն ամեն ինչ անել, որ նրանք հեշտ ինտեգրվեն նոր պայմաններին, հոգեբանական նոր խնդիրների չբախվեն։

Արմեն Մկրտչյան․ «Մի ընտանիք էլ կար․ տղան 9-րդ դասարանն ավարտեց այս տարի, քոլեջ է ընդունվել, նորմալ՝ ջերմոցային տնտեսություն է հիմնել, թռչնաբուծությամբ է զբաղվում։ Էդ տղան շրջապատի հետ համակերպվեց, նորմալ էր ամեն ինչ»։

Սյունիքի մարզպետարանում դեռ չեն կարող ասել, թե Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված 21 ընտանիքից քանի երեխա են դպրոցահասակ։ Այս պահին հաշվառումը շարունակվում է։ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Հասմիկ Մնացականյան․

«Թվի հետ կապված տեղեկություն կարող ենք ավելի ուշ տրամադրել, սակայն կասեմ, որ տեղահանված-տեղափոխված երեխաները կրթական համակարգում մեր ուշադրության կենտրոնում են։ Մարզպետարանի կողմից հանձնարարվել է դպրոցներին՝ Բերձորից եկած երեխաներին ընդունել՝ անկախ փաստաթղթերի առկայությունից կամ ամբողջականությունիվ։ Իսկ տվյալները դպրոցները մեզ կտրամադրեն սեպտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո էլ հստակ կիմանանք, թե քանի երեխա է տեղափոխվել Բերձորից»։

Սյունիքի մարզի դպրոցներին նաևմարզպետարանից հրահանգվել է ի մի բերել տեղահանված դպրոցականների կարիքները, որպեսզի աջակցեն, դպրոցական պարագաներ չունենալու դեպքում տրամադրեն։

Back to top button