ԿարևորՀասարակություն

Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 3,366,667.8 հազար դրամ գումարի շրջանակներում, որից 1,133,879.9 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Վերաբաշխումը կատարվում է կապիտալ ծրագրերի իրականացման համար: 2,232,787․9 հազար դրամ գումարի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Արդյունքում՝ կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները  և կապահովվեն գույքով:  Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 14,688.0 հազար դրամ գումար՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավզանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար:  330,901․7 հազար դրամ կհատկացվի մարզական հաստատություններին գույքով ապահովման համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային կհատկացվի  600,540․5 հազար դրամ՝ 2023թ․-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։

41,739.0 հազար դրամ կհատկացվի Էջմիածնի պետական քոլեջի տանիքի նորոգման համար, նախատեսվում է գումար հատկացնել նաև Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարանին և Դիլիջանի արվեստի պետական քոլեջին  անհրաժեշտ գույքով ապահովման համար։ Որոշմամբ գումար է հատկացվում ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայման և դրա տարածքների բարեկարգման համար կազմված գիտանախագծային փաստաթղթերի մշակման ծառայության դիմաց մնացորդային գումարի վճարման և ՆՆՓ-երի փորձաքննության համար։

43,600.0 հազար դրամ կհատկացվի  մի շարք թանգարաններին և Հայաստանի ազգային պատկերասրահին համակարգչային տեխնիկայով ապահովման համար: 59,833.8 հազար դրամ կհատկացվի  Հայաստանի ազգային գրադարանին՝ վարչական մասնաշենքի ջեռուցման համակարգի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նաև ձեռք բերել Հայստանի ազգային գրադարանի համար նոր սերվերային համակարգ:

Որոշմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն և Լենուղի բնակավայրերում «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար։ ՀՀ 2022թ.-ի պետական բյուջեով հատկացվել է գումար նշյալ բնակավայրերում տիպային նախագծային փաստաթղթերի տեղակապման և փորձաքննության համար։

Ներկայումս փաստաթղթերի տեղակապման աշխատանքներն ավարտվել են և փաստաթղթերը ստացել են պարզ քաղաքաշինական և պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններ։ Մսուր-մանկապարտեզների կառուցման մեկնարկը նախատեսված էր 2023թ.-ին։ Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2022թ.-ին և այդ նպատակով յուրաքանչյուրի համար հատկացնել 80,023.2 հազար դրամ գումար։

Նախատեսվում է նաև գումար հատկացնել արտադպրոցական հաստատություններին համակարգչային տեխնիկայիով և «ՀԾ-Հաշվապահ» համակարգով ապահովման համար՝ ընդհանուր 26,940.0 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը հատկացվում է թվով 32 հաստատության՝ համակարգիչ, տպիչ սարք և անխափան սնուցման սարք ձեռք բերելու համար: Գումար կհատկացվի Հայաստանի երգի պետական թատրոնին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, Հայաստանի էստրադային ջազ նվագախումբին՝  անհրաժեշտ գույքով ապահովման համար:

Գումար կհատկացվի՝  Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի ցանկապատման, տարածքի բարեկարգման և գույքով ապահովման համար, Ռյա Թազայի Ա․ Ավդալի անվան միջնակարգ դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրման, ինչպես նաև թվով 8 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների մեկնարկման համար (713,4 մլն ՀՀ դրամ)։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերակառուցվելու են Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92,  թիվ 37, թիվ 136 հիմնական դպրոցների, Փշատավանի, Սարդարապատի միջնակարգ դպրոցների, Արմավիրի թիվ  8 հիմնական դպրոցի, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Լոռու մարզի Ալավերդու համար 12 հիմնական դպրոցի  մարզադահլիճները: Անդրադառանալով դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ երկու օր առաջ այդ թեմայով աշխատանքային քննարկում է անցկացվել:

Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է  մինչև 2026 թվականի համար ծրագրերով նախատեսված աշխատանքների պլանավորում ունենալը, ասենք՝  2023 թ. հունվարի 1-ի դրությամբ քանի դպրոց և քանի մանկապարտեզ պետք է շահագործման հանձնված լինի, 2023 թ. սեպտեմբերի 1-ին և այդպես մինչև 2026թ. «Դա պետք է արվի, որպեսզի մեզ համար 300 դպրոց և 500 մանկապարտեզ ունենալու ճանապարհային քարտեզը հստակ լինի: Մենք այսօրվանից և՛ բյուջետավորման, և՛ մնացած բաղադրիչներով համոզված պետք է լինենք, որ ճիշտ ժամանակացույցով են առաջ շարժվում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև  ֆեդերացիաների հետ  համագործակցությունը՝  առկա խնդիրները նախօրոք լուծելու առումով:

Back to top button