ԿարևորՔաղաքական

Կանխատեսումներ՝ «բանալի բառերով»․ ի՞նչ սպասել Երևան-Բաքու վերջին հանդիպումից

«Քննարկումը ծավալուն էր ու հեշտ չէր»․ օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի տված բնորոշումն է,  մինչ քաղաքագետները վերջին քննարկման մասին խիստ սուղ պաշտոնական հաղորդագրությունների տողերի ու կադրերի արանքներից փորձում են եզրահանգումներ կորզել։ Գործադիրի ղեկավարը կրկին շեշտում է պաշտոնական Երևանի մոտեցումը՝ խաղաղության օրակարգ։ Բայց դրան հասնելու լուծումները քննարկումներից  հետո էլ դեռ ակնառու չեն՝ ասում է։  

«Այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն, և մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,-շեշտում է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպումից այլ մանրամասներ կներկայացվեն, երբ առաջարկները «հասունացած» լինեն՝ ասում է վարչապետը։ Նախորդիվ տրված պաշտոնական հաղորդագրությունն էլ  առանձնակի մանրամասներ չի հաղորդում․Բրյուսելյան 4-րդ՝ 4 ժամից ավելի տևած բարդ քննարկման մասին ասելիքը «բանալի-բառերի» տեքստով է՝

գերիների ազատ արձակում և անհետ կորածների ճակատագրի պարզաբանում, սահմանազատում և սահմանային անվտանգություն,  ապաշրջափակում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Ի՞նչ է որոշվել այս մասով՝ պարզ չէ։ Պարզ է միայն, որ մեկ ամսվա ընթացքում նորից կհանդիպեմ արտգործնախարարները, հետո նորից՝ երկու երկրների ղեկավարները՝ ավելի առարկայական բանակցելու։

Ի՞նչ սկզբունքների հիմքով են կողմերը բանակցում հանուն խաղաղության՝ սա քաղաքագետների օրվա հարցն է։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նկատում է՝  

«Հանդիպումից հետո Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ադրբեջանական կողմի հաջողությունն են, քանի որ, ըստ նրանց, այդ քննարկումները շարունակվելու են իրենց ներկայացրած 5 սկզբունքների շուրջ։ Հայկական կողմն այս մասով առայժմ մեկնաբանություն չի արել՝ արդյո՞ք ուժի մեջ են մնում այն սկզբունքները, որոնք Հայաստանն առաջ էր քաշել ադրբեջանական կողմի սկզբունքներին համաձայնելուց հետո»։

Օգոստոսի 31-ի բրուսելյան հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների արդեն հինգերորդ դեմառդեմ հանդիպումն է, որից չորսը տեղի են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը նկատում է՝ որ բանակցություններն ու հանդիպումները շարունակական են,  դա արդեն դրական միտում է տարածաշրջանում կայունության հասնելու համար․երկխոսությունները նվազեցնում են ռազմական բախումների հավանականությունը՝ կարծում է։

«Հայկական կողմը հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ շեշտում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցություններ վարելու, իսկ սա շատ կոնկրետ մեսիջ է, որ, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, չեն լինի նաև կոնկրետ քայլեր՝ քննարկված մյուս բոլոր հարցերի շուրջ, եթե նույնիսկ ինչ-որ հարցեր արդեն քննարկվել են և պատրաստ են որոշակի հանգուցալուծման»,- ասում է Օլեսյա Վարդանյանը։

Իր հերթին բանակցությունները դրական ու արդյունավետ է համարել հանդիպման գլխավոր միջնորդ՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը ու հայտնել, որ   մանրամասն քննարկել են հումանիտար հարցեր, այդ թվում՝ ականազերծում, ձերբակալվածների և անհետ կորած անձանց ճակատագրեր։ Ընդ որում՝ հայ գերիների ազատ արձակման կարևորությունը Միշելը հատուկ է շեշտադրել։

Բանակցությունների ամենաշոշափելի արդյունքը կլիներ Բաքվից հայ գերիների վերադարձը հայրենիք, սակայն դա մինչ այսօր տեղի չի ունեցել, չնայած գերիների հարցը եղել ու մնում է հայկական կողմի բանակցային առաջնահերթությունը՝ նկատում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Գերիների հարցը «կարմիր թելի» պես անցնում է հայկական կողմի բոլոր հանդիպումներով ու օրակարգերով, թեև Բաքուն ամեն կերպ շրջանցում է մարդասիրական իր պարտականության կատարումը, որի տակ սեփական ստորագրությունն է։ Այս ընթացքում Արցախի ՄԻՊ-ն էլ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին է ուղարկել 2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին հերթական զեկույցը։

Ամեն նման բարձրաստիճան հանդիպումից հայկական կողմը, հայ հասարակությունը հատկապես հումանիտար հարցերի լուծման ակնկալիքներ ունի,  սակայն շոշափելի արդյունքներ այդպես էլ չկան՝ նկատում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Փոխարենը շարունակում են շատ ու իրարամերժ մնալ մոտեցումները նաև քաղաքական հարցերի շուրջ։

«Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը Բաքուն պաշտոնապես փակված է համարում, հայկական կողմը փակված չի համարում։ Նման հակասությունները շատ են նաև կոմունիկացիաների հաստատման, սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ»,– նկատում է փորձագետը։

Ինչ կարժենա խաղաղությունը կողմերին, և Բաքու-Երևան 5+6 առաջարկներից որո՞նք ակնկալվող խաղաղության պայմանագրի հիմք կդառնան․ փորձագետներն իրենք էլ դեռ փորձագիտական կարծիք չունեն․վաղ է շատ, որքան էլ Բաքուն  հաղթողի դիրքերից խոսի։ Ակնկալում են, որ եզրահանգումները փոքր-ինչ կորոշակիանան Փաշինյան-Ալիև նոյեմբերյան հանդիպումից հետո, որին կնախորդի արտգործնախարարների քննարկումը։

Կարդացեք նաև
Close
Back to top button