ԿարևորՀասարակություն

Թուրք-ադրբեջանական հակահայ պրոպագանդայի «սերիալային» կողմը․ երբ կեղծ սցենարի հեղինակը պետությունն է

Ադրբեջանի մշակույթի նախարարության «Հայրենական Ղարաբաղյան պատերազմ» անվանումով 8 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմի նկարահանման  մրցույթի հաղթողը թուրքական ընկերություն է: Կինոնկարի ստեղծման համար կվճարվի մոտ 1 մլն դոլար:  

Թուրք-ադրբեջանական տանդեմը նաև ֆիլմարտադրության միջոցով է փորձում աշխարհին պարտադրել սեփական «հաղթանակի» պատմությունը`վերջին իրադարձությունների մասին համատեղ սերիալներ նկարահանելով՝ ասում է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը։ 

Ադրբեջանցի զինվորին հերոսացնելու, հայկական տարածքները զավթելու, դաժան սպանությունների տեսարանների եւ հայատյաց քարոզի պակաս այդ ֆիլմերում չկա: Ընդ որում՝ դրանց հիմնական «սցենարիստ-ռեժիսորները» Թուրքիայում և Ադրբեջանում իշխող էլիտան են։

2018 թվականին նկարահանված թուրքական սերիալներից մեկում, որտեղ թուրքական կինոարտադրող ընկերությունը ներկայացնում է 19-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունների աղավաղված սեփական տարբերակը, թուրք-ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից Լաչինի տարածքի բռնազավթման տեսարանն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նույնիսկ թուրքական սերիալները շատ արագ վերաշարադրվում էին` կադրում հերոսացնելով ադրբեջանցի զավթիչներին` ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Ըստ Նաիրա Պողոսյանի` թուրք-ադրբեջանական տանդեմը նաև ֆիլմարտադրության միջոցով է փորձում աշխարհին պարտադրել սեփական «հաղթանակի» պատմությունը`վերջին իրադարձությունների մասին համատեղ սերիալներ նկարահանելու միջոցով։  ««Մեկ ազգ երկու պետություն» նշանաբանով առաջնորդվող երկու պետությունների առաջնորդները պատրաստվում են իրենց արյունոտ ձեռքերը լվանալ մի քանի հարյուր միլիոնանոց լսարանի առաջ։ Ուղղորդված մոտեցմամբ և պետական աջակցությամբ նկարահանվող թուրքական սերիալները իշխող էլիտայի կողմից ամենախիստ գրաքննության են ենթարկվում։ Անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանին չգոհացնելու դեպքում այս կամ այն կինոնովելի նկարահանումները  կարող են ընդհատվել։ Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընտանիքի անդամների հետ երբեմն այցելում է որևէ պատմական սերիալի նկարահանման տաղավար, շփվում դերասանների հետ, ծանոթանում իրավիճակին։ Էրդողանը նույնիսկ սերիալներից մեկում հնչած երաժշտությունն օգտագործել է իր նախընտրական քարոզարշավների ընթացքում»,- ասում է թուրքագետ-բանասերը։

Անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ թուրքական սերիալների ակտիվ ցուցադրումից հետո հասարակական լայն շերտերի վերաբերմունքը տարբեր մայրցամաքներում կտրուկ փոխվում է, դրանք նույնիսկ թուրքական քաղաքականության նվաճողական քաղաքականության դեմ պայքարող երկրներում հասարակությունների վրա մեծ ազդեցություն են ունենում։ Հունաստանի նման երկրում հանրության մի հատվածի վերաբերմունքը հաճախ հակասում է պատմական ճշմարտությանը։  

ԱՄՆ-ից հետո աշխարհում հեռուստասերիալների երկրորդ ամենամեծ արտահանողը Թուրքիան է։ 140 երկրում 650 միլիոնից ավելի լսարան ունեցող թուրքական սերիալային քարոզչամեքենան պատկերում և ցուցադրում է կյանքի «թուրքական շքեղությունը»: Անկարայի կողմից կիրառվող «փափուկ ուժ»-ը շուտով իր վերատադրությունը կունենա նաև Բաքվում.մոտ ապագայում սերիալային սցենարների թիրախում 44-օրյա պատերազմն է և թուրք-ադրբեջանական տանդեմի նվաճողական խաղը տարածաշրջանում։  

Back to top button