ԿարևորՀասարակություն

Երկրի ամենաաշակերտաշատ ընտանիքները. Մելքոնյանները դպրոց են ճանապարհում մի ողջ «դասարան»

Հայաստանում ամենաշատ աշակերտ ունեցող ընտանիքն այսօր դպրոց է ճանապարհել միանգամից 8 երեխայի։ Մելքոնյանների ընտանիքից 6 աղջիկ և 2 տղա հաճախում են Այգավանի` Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի 8 տարբեր դասարաններ։ Ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում կատակում է՝ եթե դպրոցը 12 դասարան ունի, ապա իրենք դրանցից 8-ում՝ ընտանիքից մեկական ներկայացուցիչ։ Ընդ որում, բազմազավակ ընտանիքում նաև առաջին դասարանցի ունեն։ Պատմում են՝ չնայած առավոտյան տանը «խայտառակ» իրարանցում էր, բայց կարողացել են ժամանակին դպրոցական իսկական շարքով, ընտանիքով դպրոց հասնել։

Հանրապետության երկրորդ ամենաաշակերտաշատ ընտանիքից էլ այսօր Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոց են գնացել միաժամանակ 7 երեխա՝ 5 տղա և 2 աղջիկ։ Գրիգորյաններից կրտսերը՝ առաջին, ավագը 12-րդ դասարանում են, աշակերտներ ունեն նաև դպրոցի մյուս 5 դասարաններում։

Երկրի ամենաաշակերտաշատ երրորդ ընտանիքի «պաշտոնական ներկայացուցիչները» դպրոցում հինգն են։ Ընտանիքի հայրը՝ Սուրենը «Ռադիոլուրին» պատմում է՝ այս տարի 5 աշակերտից բացի նաև մեկ ուսանող ունեն արդեն։

Back to top button