ԿարևորՔաղաքական

Արժույթը՝ քաղաքական գործոն․ ինչպես են արժութային «պատերազմով» ազդում գլոբալ երևույթների վրա

Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել միության (ԵՏՄ) արժույթները։ Ռուսական կողմը շեշտում է` «միջազգային առևտրի ճարտարապետության փոփոխությունը» և «մատակարարման շղթաների գլոբալ վերակառուցումը» պայմաններ են ստեղծում ազգային արժույթներով հաշվարկների հետագա ավելացման համար՝ որպես ազգային տնտեսությունների տնտեսական ինքնիշխանության ապահովման գործոն։

Ե՞րբ և ո՞ր իրավիճակներում միասնական արժույթը կարող է արժևորվել, և ո՞ր իրավիճակում կարող է մարտահրավեր դառնալ միասնական շուկայի անդամ մյուս կողմի համար․ հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանի հետ։

Համաշխարհային տնտեսությունը դոլարիզացված է, աշխարհում գործարքների գրեթե 70 տոկոսը իրականացվում է ամերիկյան դոլարով։ Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները փորձում են պայքարել այս երևույթի դեմ` ասում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանը։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի` դոլարիզացիայի հետևանքով ազգային արժույթի նկատմամբ անվստահություն է ստեղծվում, բարդություններ են առաջանում արտաքին տնտեսական հարաբերություններում։ «Եթե երկրին հաջողվում է ստեղծել ուժեղ տնտեսություն, ուժեղ արժույթ, բնականաբար այդ երկիրը վարում է ուժեղ քաղաքականություն և քաղաքական իր վեկտորները պարտադրում է յուրաքանչյուր հարթակում»,–նշում  է փորձագետը։

«Երկրները միայնակ զարգանալ չեն կարող։ ԵԱՏՄ–ում որոշակի առաջընթաց կա, սակայն խոսել միասնական արժույթի մասին վաղ է։ Միայն հայկական դրամով առևտրի դեպքում էլ մեզ համար միջազգային շուկաները կմնան անհասանելի, ԵԱՏՄ հարթակում 4-5 երկրի հետ առևտուրը բավարար չէ, խնդիրը նաև դիվերսիֆիկացման մեջ է»,- ասում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը։  

Ջուլիետա Թադևոսյանը շեշտում է` մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որի հետ առևտրաշրջանառությունը ապրանքահումքային է։ Այս երկրում գնողունակության անկում է գրանցվում, շուկայում առկա են բավական լուրջ խնդիրներ։ Այս իրավիճակը հուշում է, որ միայն մեկ տնտեսությունից կախված լինելը և մեկ-երկու արտադրատեսակներով բավարարվելը կարող է ռիսկերի առաջ կանգնեցնել։

«Միայն ռուսական շուկայի վրա կենտրոնանալն ու միայն ռուբլուն վստահելը իրատեսական  չէ։ Ռուսաստանի տնտեսական անկումը շարունակվում է, տեխնոլոգիական կորուստները նույնպես լուրջ մարտահրավեր են, եթե նույնիսկ ազգային արժույթները միասնական այդ հարթակում կիրառելի լինեն։ Միասնական արժույթը կարող է օգտակար լինել, եթե հիմնված է տնտեսական ակտիվ զարգացումների վրա` բարձր արտադրողականություն, տնտեսական աճ ապահովող գեներացվող ճյուղեր` արդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, գիտատար ճյուղեր․ այս հենքի Բացի դրանից՝ միջազգային տնտեսական հարաբերություններում կիրառվող գործիքները քաղաքականացված են, ուստի մեզ մնում է ներդաշնակեցնել տնտեսական և քաղաքական գործոնները, որպեսզի քաղաքականության մեջ մեկ քայլ անելուց հետո տնտեսության մեջ հինգ քայլ հետ չանենք»,- ասում է փորձագետը։ 

Back to top button