ԿարևորՀասարակություն

Առօրյայի ուղեծրից դուրս, գիշերվա քողի տակ․ աստղալուսանկարչության դպրոց STARMUS VI-ում

Դարանակալել տեսախցիկով՝ երկնային «իրադարձությունները» լուսաբանելու համար

Կյանքի «օրակարգից» դուրս նրանք աշխատում են գիշերը, քնում՝ առավոտյան։ Մթության մեջ դարանակալում են  տեսախցիկներով ու ոտքի տակ նայելու փոխարեն՝ երկնքին նայում։ Անգիր գիտեն՝ որ ժամին երկինքն ինչ երանգով է ներկվելու։ Նրանք աստղալուսանկարիչներ են,  Հարդագողի ճամփորդներ, որ շեղվել են առօրյայի ուղեծրից։ Նրանցից մեկը՝ Լոս-Անջելեսում ապրող, հայազգի Օշին Զաքարյանը, գրեթե երկու տասնամյակ ճամփորդում է երկրի վրա՝ երկնային «իրադարձությունները» լուսաբանելու համար։ Նկարել սովորել է ինքնուրույն, սկսել 10 դոլարանոց լուսանկարչական ապարատով։ Ամսագրերը միշտ մերժում էին տպագրել նրա անորակ նկարները, սակայն դա Օշինին հուսախաբ չէր անում։  Այսօր արդեն նրա լուսանկարները ամերիկյան  ամենահայտնի աստղագիտական ​​ամսագրերում են: Մասնակիցներին ներկայացնում է  աստղալուսանկարչության հիմունքները՝ թվային հայելային ֆոտոխցիկով (DSLR)։

«Դասընթացի ընթացքում  շատ պարզ լեզվով բացատրելու եմ, թե ինչպես կարող են զբաղվել այս հետաքրքիր մասնագիտությամբ։ Սկսելու համար շատ թանկարժեք սարքավորումներ պետք չեն, թվային ապարատով ևս կարող են նկարել։ Հատկապես Հայաստանի նման պարզ երկինք ունեցող երկրում, որտեղ ընդամենը կես ժամ քաղաքից հեռանալով՝ կարող եք աստղերը պարզ տեսնել»։

Մարսից իջածները․ եռոտանին՝ ուսին, կարմիր աչքը՝ ճակատին

Երբ եղանակը բարենպաստ է լուսանկարչության համար, Զաքարյանին հազվադեպ են նկատում քաղաքում: Տարբեր մշակույթների կոթողները միևնույն աստղային երկնքի տակ պատկերելու հանդեպ նրա կիրքը բազում արկածների է բերել: Պատմում է՝ Իրանի հեռավոր գյուղերից մեկում իրենց խմբին «Մարսից իջածի» տեղ էին դրել։ Այդ կերպարով ընկալվելուն մեծապես նպաստել էին եռոտանիները՝ արշավախմբի  անդամների ուսերին և կարմիր լույսը՝ սաղավարտների վրա։ Գյուղացիները ոստիկանություն էին ահազանգել պարզելու, թե ովքեր են գյուղում հատնված անձինք։ Երկնքում սպասվող «միջոցառումները» աստղալուսանկարների առանցքային մասն են։ Միջոցառում ասելով այս դեպքում պետք է հասկանալ Արևի և Լուսնի խավարումները, ասուպային հոսքը և աստղային անձրևը։

«Աստղալուսանկարիչները հազվագյուտ նկար ստանալու համար պետք է տարբեր երկրներում ճամփորդեն, մանավանդ Արևի կամ Լուսնի խավարումների համար, քանի որ դրանք բոլոր երկրներից չեն երևում, և նկարելու համար պետք է ճամփորդել»։  

Զաքարյանը World at Night (TWAN) միջազգային լուսանկարչական նախագծի անդամներից է դրա  մեկնարկից  ի վեր՝ 2007-ից։  Նրա աշխատանքները ցուցադրվել են Իրանում և եվրոպական որոշ երկրներում։ Զաքարյանը հատկապես սիրում է լուսանկարել միայնակ ծառեր, որոնք կանգնած են իրենց վերևում պտտվող աստղերի արահետների միջև: Ծառի ճյուղերը պատկերացնում է ինչպես մարդու ձեռքեր, որոնք ձգվում են վեր՝ աստղերին դիպչելու համար, մինչդեռ ծառաբունը միացնում է երկինքն ու երկիրը:

«Աստղալուսանկարիչներն այս գործն անում են, քանի որ շատ գոհացուցիչ  է, երբ գիշերը աչքով չեն կարող տեսնել , բայց նկարներում բոլոր աստղերը երևում են, և դա այդ արտիստին բավականություն է պատճառում»։ 

Մանկական երազանքից՝ լուսնային ընկերություն

Դասընթացի մասնակիցներին աստղադիտակներով ապահովել է Սքոթ Ռոբերտսը, որն աստղադիտակներ արտադրող ամերիկյան ընկերության հիմնադիրն է։ Ասում է՝ միշտ հետևել է Սթարմուսին և «Սթար փարթի»-ին միանալու առաջարկը սիրով է ընդունել։ Սքոթ Ռոբերտսը 1960-ականներից ոգեշնչված այն երեխաներից էր, որոնք երազում էին տիեզերագնաց դառնալ։  Հասցրել է իր մանկության հերոսների հետ անգամ ընկերություն անել։

«Ես փոքր տղա էի՝ հավանաբար 2-3 տարեկան, և շատ հետաքրքրված էի աստղերով, հիանում էի դրանցով։  «Ապոլլոնի» դարաշրջանի ընթացքում, երբ այն վայրէջք կատարեց Լուսնի վրա, ես 9 տարեկան էի, և ամեն րոպե հեռուստատեսությամբ հետևում էի այդ իրադարձությանը։ Լուսին իջած  տղաներից Բազ Օլդրինի հետ ընկերներ ենք»։

Ոսկու փայլից՝ աստղերի լույս․ի՞նչ են ուզում աստղագիտական ամսագրերը

Արևիկ Հակոբյանը  ոսկերչուհի է։ Բելգիայից եկել է հատուկ դասընթացին մասնակցելու համար։  Տարիներ շարունակ   հետաքրքրված է եղել  աստղալուսանկարչությամբ։ Հուսով է՝ դասընթացից հետո իր ձեռքով արված լուսանկար կունենա։

«Ընդհանրապես, արտիստները և աստղագետները շատ ընդհանուր բաներ ունեն․ բոլորս փորձում ենք զարգացնել և ավելի շատ փնտրել մեր հարցերի պատասխանները։ Կարծում եմ՝ դա է մեզ միավորում»։

Astronomy ամսագրի խմբագիր Մայքլ Ի. Բակիչը դասընթացի մասնակիցներին ներկայանում է «Ինչ է ուզում “Astronomy” ամսագիրը» դասախոսությամբ՝ մանրամասնելով, թե ինչ խնդիր է լուծում պարբերականը, ինչ թեմաների է անդրադառնում և ինչպես կարելի է մատուցել տիեզերականն ու երկնայինը մեկ լուսանկարում։

«Դու չես կարող ամեն  ինչ սովորել 4 օրում, բայց սա լավ սկիզբ է։ Մարդիկ, որոնք այսօր սովորեցնելու են աստղալուսանկարչություն, երկար ժամանակ զբաղվել են դրանով։ Հետևաբար, գիտեն, թե ինչ են ուզում մարդիկ լսել»։

Աստղալուսանկարիչները քնելու ու երազ տեսնելու փոխարեն գերադասում են երազել իրական աստղերի տակ։ Տեսախցիկով ֆիքսել մարդկային կյանքի անցողիկության մեջ չտեղավորվող լուսատարիները։

STARMUS VI փառատոնին ընդառաջ Աղվերանում մեկնարկել է Աստղալուսանկարչության դպրոցը, որի մասնակիցները համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների դասախոսություններ կլսեն, նրանց օգնությամբ գործնական հմտություններ ձեռք կբերեն։ Աստղագիտության դպրոցի սաները նախ Մոլորակային պատկերման ներածությունն են ծանոթանալու, ապա տեղանքում աշխատելու գործնական հմտություններ են ստանալու՝ տեղադիրքի ուսումնասիրություն, կոմպոզիցիա և լուսավորություն։ Գիշերային ժամերին նախատեսված են գործնական պարապմունքներ բարձրադիր տեղանքներում, թիրախում՝ աստղազարդ երկինքը։
Back to top button