ԿարևորՀասարակություն

Սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է։

Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան շահառուներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել ծրագրից։ Նախորդ տարի Հայաստանից ու Արցախից ծրագրին մասնակցել է 7400 անձ, այս տարի նախարարությունը ևս 800 դիմում է ակնկալում։

44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում հոգեկան առողջական խնդիրներ ձեռք բերած անձինք շատ չեն, բայց հոգեկան առողջության այսօր էլ կենտրոններում բուժվողներ դեռ կան՝ «Ռադիոլուրին» ասում է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։  Նրանց թվում  և՛ գերությունից վերադարձածներ են, և՛պատերազմի մասնակիցներ։ Ամիսներ առաջ ավարտել են պատերազմի հետ առնչություն ունեցած անձանց հոգեբանական աջակցություն տրամադրելու պետական  ծրագիրը, որն իրականացնում էին Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ։ Ծրագրի շրջանակում աշխատել են պատերազմի՝ ավելի քան 1500 մասնակցի և նրանց ընտանիքի անդամների հետ։ Արդյունքները դրական են՝ ասում է ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

«Շատ դեպքեր կան, որ տղաները հաղթահարել են իրավիճակը։ Հոգեբանի կարևորագույն առաքելությունը նաև այն է, որ երկարատև հետևանքի դեպքում դա կարող է նաև հոգեբույժի խնդիր դառնալ։ Իսկ եթե մենք կանխարգելում ենք, ապա հոգեբանը կարող է իրենց ետ պահել բարդացումներից»։  

Պատերազմը չի շրջանցում որևէ մեկին՝ ասում է մասնագետը։ Այն անդրադառնում է  ինչպես մեծահասակների , այնպես էլ երեխաների վրա։ Առավել շատ և ուղղակիորեն այն ազդում է պատերազմին մասնակցած կամ դրա հետևանքներն  անմիջականորեն կրած մարդկանց  վրա։ Այս դեպքում երեխաների շուրջ 20, իսկ մեծահասակների շուրջ 40 տոկոսի մոտ  որպես կանոն հետտրավմային սթրեսային խանգարումներ են առաջանում։ Նրանք անընդհատ լարված վիճակում են, ագրեսիվ են, կարող են ունենալ նաև ֆիզիոլոգիական ռեակցիաներ՝ շնչարգելում, սրտի աշխատանքի արագացում, քրտնարտադրություն, ինչ-որ բանից խուսափելու ախտանշաններ։

«Ե՛վ գերիները, և՛ պատերազմի մասնակցած զինվորականները կարող են ունենալ հետտրավմային մի շարք հետևանքներ։ Տրավման կարող է ավարտվել ոչ միայն խանգարումով, այլ նաև աճով։ Դեպքերի 60 տոկոսի դեպքում տրավմա ունեցող անձինք կարող են ունենալ հետտրավմային աճ։ Սա նշանակում է, որ կյանքի արժեքը նրանց մոտ ավելի է մեծանում։ Նրանք սկսում են գնահատել ապրելու յուրաքանչյուր օրը, միջանձնային հարաբերությունները բարելավվում են,  տեղի է ունենում  նոր նպատակի գիտակցում, ապրելու մոտիվացիան մեծանում է։ Սրանք հետտրավմային աճի հնարավորություններն են»։

Նախորդ տարվանից Սոցապ նախարարությունը պատերազմի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած և նաև վիրավորում ստացած,  բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող, սակայն հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ չունեցող անձանց համար իրականացնում է սոցիալական աջակցության ծրագիր՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության  և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ 500 000 դրամի չափով։

«Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող լինել շահառու։ Նախարարության բժշկասոցիալական փորձաքննության մասնագետները նաև ստուգում են՝ արդյո՞ք դիմումատուները հնարավորություն ունեն ունենալ 1 կամ 2-րդ խումբ։ Եթե  չի հավակնում, ապա զինծառայողը համարվում է այս ծրագրի շահառու»։

Անցյալ տարի ծրագրից օգտվել են 7400 զինծառայող Հայաստանից ու Արցախից։ Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան շահառուներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել միջոցառումից։ Սոցապը միջոցառման ժամկետը երկարացրել է մինչև այս տարվա հոկտեմբեր։

«Այն քաղաքացիները, որոնք չեն օգտվել միջոցառումից, կարող են ներկայացնել օնլայն դիմում և որոշակի համադրություններ ու համեմատություններ կատարելուց հետո  կստանան միանվագ 500.000 դրամ աջակցություն»։

Ըստ կարգի՝ նշանակված և մահվան հետևանքով չվճարված գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ ծնողին, եթե դիմումը կամ անհրաժեշտ  փաստաթղթղերը  ծառայություն են ներկայացվում մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը։ Այս տարի  նախարարությունն ևս 800 դիմում է ակնկալում։ Պետական բյուջեից արդեն 408 մլն դրամը հատկացվել է։

Back to top button