15 րոպեն քիչ է

Հայկական ոգով Վիլյամը, որ դարձավ համաշխարհային Սարոյան․ «15 րոպեն քիչ է»

-Ես շատ երջանիկ մարդ եմ,- ասում է Ռուբեն Մաթեոսյանը,- որովհետև իրեն անձամբ եմ ճանաչել, եղել այն տանը, որտեղ ծնվել է նա։
-Ես էլ եմ անձամբ ճանաչել,- շտապում է ավելացնել Մարտին Վարդազարյանը։

«Թեև անգլերեն եմ գրում, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ». սրանք այն ամենահայտնի խոսքերն են, որոնցով շատերն են ճանաչում ամերիկահայ գրողին։

1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։

1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո։

Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։

Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել իր ճանաչումից էլ մեծ հայկական ոգով ամերիկյան գրողի՝ Վիլյամ Սարոյանի մասին։

Back to top button