ԿարևորՀասարակություն

Քլորացված ջուրը վաճառել են աղբյուրի ջրի անվան տակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ջրերի շուկայում։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 9 արտադրողների շշալցրած ջրերը ԵԱՏՄ կանոնակարգով չեն համապատասխանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներին առաջադրվող պահանջներին, այսիքն՝ դրանք ոչ միայն աղբյուրի ծագում չունեն, այլև մշակված են քլորով։ Ընկերությունները տուգանվել են ու նախազգուշացվել։

«Վեոլիա ջուր» ընկերությունից ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Եթե աղբյուրի ջուր է, ապա այն շշալցվելիս չպետք է քլորացվի՝ ասում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։ Այս ոլորտում հանձնաժողովը  ուսումնասիրություններ է իրականացրել ու պարզել, որ «Աղբյուր ջուր» և «Բնական խմելու ջուր» մակնշումները  այնքան էլ չեն համապատասխանում  իրականությանը։

 «Հանձնաժողովը  որդեգրել է  մոտեցում՝ ոչ թե թիրախավորված սուբյեկտների դեմ վարույթներ իրականացնելու, այլ  կոնկրետ հարցերով խնդիրները կարգավորելու։  Մենք դիտարկեցինք բոլոր սուբյեկտներին, որոնք արտադրում էին տվյալ մակնշմամբ ջուր։ Արդյունքում  հարուցվեց 12 վարույթ, որոնցից 3-ը կարճվեցին։ Մնացած 9-ի դեպքում կայացվեց պատասխանատվության որոշում։ Բացահայտված փաստերով 12 արտադրողների նկատմամբ հարուցված վարույթներով 6 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է տուգանք։ Ամենամեծ տուգանքը եղել է մոտ 4 մլն դրամ, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ ընդհանուր 300 հազար դրամի կարգի»,-ասաց Մարկոսյանը։

Մարկոսյանն ասում է, որ տնտեսվարողները փորձել են քլորացումից հետո ապաքլորանցնել իրենց արտադրանքը, բայց հանձնաժողովի դիտարկմամբ այն չի կարող համարվել աղբյուրի ջուր, այն արդեն մշակված ջուր է։

«Արձանագրվել է գրառման և բովանդակության անհամապատսխանություն»,-ասում է հանձնաժողովի անդամը։

Տարօրինակ ոչինչ չկա, որ հանձնաժողովը խախտումներ է արձանագրում, բայց սա բացառիկ դեպք է՝ ասում ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

«Իսկապես այս դեպքը բացառիկ էր նրանով, որ մարդիկ գնում են շշալցված ջուր են ձեռք բերում,որպեսզի ավելի անվտանգ, ավելի  որակյալ  ջուր խմեն,որը չի պարունակում քլոր։ Սա ունի ինչպես տնտեսական այնպես էլ հանրային առողաջապահական խնդիր»։

Պիպոյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհն ունի հետագծելության  համակարգ, որով   կարելի է պարզել  ցանկացած ապրանքի ծագումը։ Այս խնդիրը ոչ թե մրցակացության պաշտպանության հաձնաժողով,այլ համապատասխան  մարմիններըն են լուծում և իրազեկում հանձնաժողվին։

«Այստեղ շատ կարևոր մի խնդիր կա,որ նմանատիպ բացահայտումներից հետո պետք է հասկանալ ի՞նչու է հանձնաժողովը  դա բացահայտում։ Ակնհայտ է,որ այդ ապրանքը բազմաթիվ փուլեր անցնելով այդ թվում համապատասխանության գնահատման եկել հասել է իրացման  ցանց։ Դրանից  հետո պետությունը քաղաքականություն մշակող մարմինը պետք է հասկանա ինչպես է եղել,որ այդ ապրանքը այդքան փուլ անցնելուց հետո նմանատիպ խախտումներով շուկայում է հայտնվել ու երկար ժամանակահատվածում ապրանքը իրացվել»։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վստահեցնում է՝ այն  ընկերությունները, որոնք խախտումներ են թույլ տվել, միջոցները են ձեռնակել խախտման հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Back to top button