ԿարևորՍպորտ

«ՀՀ վարչապետի  գավաթ» սիրողական  խճուղավազքի   մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը:

Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ անձը հաստատող փաստաթղթով:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

  • 1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ),
  • 2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ (10 կմ),
  • 3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ (10 կմ),
  • աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով (10 կմ):

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում  1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվելու են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով:

Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ  տարիքային  խմբերի  ու  առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Մրցաշարին կարող եք հայտագրվել ինչպես օնլայն՝ փաստաթղթերն ուղարկելով [email protected]  էլեկտրոնային հասցեին, այնպես էլ առձեռն՝ դրանք ներկայացնելով  ՀՀ ԿԳՄՍ  նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝  մինչև  2022  թվականի սեպտեմբերի   15-ը   ներառյալ։

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08 համարին երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցներին (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ) մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավելու դեպքում, կտրվեն հավաստագրեր, մեդալներ, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցներին նաև հուշանվերներ:

Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերի շրջանակում նախատեսվում են նաև ուղիղ եթերի, շարժական բեմի և լեդ էկրանի ապահովում: Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Back to top button