ԿարևորՔաղաքական

Հայ-ադրբեջանական բանակցություններ. Բրյուսել-Մոսկվա՝ 4։2

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են արդեն 6-րդ անգամ։ Բոլոր հանդիպումների նախաձեռնությունը Մոսկվայինն է կամ  Բրյուսելինը։

Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպումը թվով 4-րդն է։ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի դեկտեմբերին էր, երկրորդը, երրորդը և չորրորդը այս տարվա ապրիլին, մայիսին և օգոստոսին։  

Հայաստանի վարչապետը հանդիպումից մեկ օր առաջ է մեկնել Բրյուսել, իսկ մինչ այդ ԵԽ նախագահ Շառլ Միշելը կողմերի հետ հեռախոսազրույցներ է ունեցել։

Բրյուսելյան հանդիպմանը  նախորդել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների և Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպումը Մոսկվայում։

Ոչ հանդիպումներից առաջ, ոչ էլ հանդիպումներից հետո բարձրաստիճան բանակցային օրակարգը չի հրապարկվում։ Ինչպես հայտնի չէ, թե ինչ են խոսել ու պայմանավորվել նախօրեին փոխվարչապետեր Գրիգորյանն ու Մուստաֆաևը Մոսկվայում, այնպես էլ հայտնի չէ, թե ինչ օրակարգով և ակնկալիքներով են Բրյուսել մեկնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ Փաշինյանն ու Ալիևը։

Փոխվարչապետերի մոսկովյան հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք ևս մեկ անգամ հանդիպելու են։ Չհաստատված, բայց արդեն շրջանառվող  տեղեկությունների համաձայն՝ հնարավոր հաջորդ հանդիպումը կարող է կազմակերպվել Բրյուսելում, Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այս հանդիպման նրբությունները և միջնորդների պահվածքը հուշում են, որ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել հատկապես սահմանազատման և սահմանագծման հարցում։

Այդպիսի տպավորություն է ստացել «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Եզրակացությունների համար հիմք է դարձել որոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվելու են նաև եվրոպական փորձագետները․նրանց բազմազանությունը կողմերին զրկում է  պարտադրանքի լեզվով խոսելու հնարավորությունից՝ կարծում է Խուրշուդյանը։  

«Ադրբեջանը վճարելու էր քեշով՝ նավթային դոլարներով, իսկ Հայաստանը վճարելու էր տարածքներով այդ դելիմիտացիայի ընթացքում։ Հիմա դա արդեն հնարավոր չի լինելու, որովհետև ե եվրոպական փորձագետների ներկայությունն ինչ-որ առումով միջազգային իրավունքի ներկայացուցիչների, արբիտրների ներկայություն է ապահովելու, որը Ռուսաստանին հնարավորություն չի տալու ասելու՝ այսօր էլ ուրիշ քարտեզ են գտել։ Ասում է, չէ՞,  իր մոտ են բոլոր քարտեզները, ոչ մեկին չի տա։ Ու մի օր էլ կարող է ասել նոր քարտեզ են գտել, որտեղ հայկական տարածքները, պարզվում է, ադրբեջանական են։ Դա արդեն տեղի չի ունենալու, և այդ ճնշման լծակը Ռուսաստանի ձեռքից խլվում է եվրոպական միջնորդության շնորհիվ»։  

Թեև մինչ այժմ մշտապես նշվել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանի և Արևմուտքի նախաձեռնությունները ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են, բայց պաշտոնական Մոսկվայի կոշտ  արձագանքը փոփոխություններին այլ բան է հուշում։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան է բարձրաձայնել.

«ԵՄ ակտիվացումը Հարավային Կովկասում պաշտոնական Մոսկվան կապում է աշխարհաքաղաքական ամբիցիաների հետ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրական ցանկություն, ըստ Մոսկվայի, Արևմուտքը չունի։ Զախարովան անգամ օգտագործել է «պսևդոնախաձեռնություն» ձևակերպումը՝ բնորոշելու ԵՄ ջանքերը։ Մեղադրում է այդ կողմին մյուս միջնորդների հաջողություններին տիրանալու մտադրության մեջ և պնդում, թե Եվրամիության Բրյուսելը կորցրել է բանակցելու ձիրքը»։  

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորումը կապում է առաջին հերթին գերտերությունների՝ միմյանց միջև հարաբերությունների հստակեցմամբ։

Լուծումը պետք է լինի համապարփակ։ Այսինքն՝ պետք է լինի ինչ-որ մի կետ, որտեղ գերտերությունները համաձայնության կգան, ինչը կտարածվի նաև այլ տարածաշրջանների վրա։ Այս աշխարհաքաղաքական հակամարտության մեջ անհրաժեշտ է տեղավորել մեր շահերը և փորձել որևէ բան ստանալ դրանից, քանի դեռ այդ հնարավորությունը կա։

Այս պահին այդ հնարավորությունը տեսնո՞ւմ եք։

Իհարկե, այս պահին այդ հնարավորությունը կա։ ՄԽ համանախագահ է նշանակվում, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվում են Շուշի գործուղել իրենց դեսպաններին, Ֆրանսիայի արտգործնախարարությունը պատասխանում է Ադրբեջանի այդ «ոգևորությանը»։ Այսինքն, որոշակի գործընթաց կա և ակնհայտ է, որ պետք է փորձել աշխատել և օգտվել»։

Թե ինչ ծրագրերով և նպատակներով է Հայաստանը ներկայանում այս անգամ Բրյուսելում, պաշտոնական Երևանը չի հստակեցնում։

Մոսկվայում և Բրյուսելում իրար հաջորդող հանդիպումների տեսանելի հատվածը ձեռքսեղմումներն են ու ավանդական հայտարարությունները կայունության ու խաղաղության ամրապնդման մասին։ Հանդիպումների չերևացող կողմը օրակարգերն են, որոնք չեն բացահայտվում անգամ հանդիպումներից հետո։ Իսկ քողարկված հատվածում միջնորդների շահերն են, որոնք արտացոլվում են  հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Մինչ Հայաստանի պաշտենական աղբյուրները օրակարգային մանրամասներ չեն հայտնում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Բրյուսելում օգոստոսի 31-ի հանդիպմանը կքննարկվի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։

Այս հայտարարությունը Հայաստանում չեն մեկնաբանում, այդ մտադրությանը տեղյակ չէ նաև Ռուսաստանը՝ ասում է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«ԵՄ նախաձեռնությամբ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար  աշխատանքային խմբի ձևավորման ծրագրերի մասին որևէ տեղեկություն մեզ չի փոխանցվել մեր հայկական և ադրբեջանցի գործընկերներից»։

Զախարովան պնդել է, որ Մոսկվան կողմերի հետ շարունակում է աշխատել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ։

Հայ վերլուծաբաններն, իրենց հերթին, ենթադրում են, որ ԵՄ միջնորդական ջանքերի ակտիվացումը վկայում է զարգացումների հնարավոր նոր ուղղության մասին։ Ըստ էության՝ համարվում է, որ ԵՄ-ն այս հարցում համաձայնեցված է գործում ԱՄՆ-ի հետ։

Ուշագրավ է, որ փոխվարչապետերի օգոստոսի 30-ի մոսկովյան հանդիպումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին ինտենսիվացնելու դիվանագիտական ներգրավվածությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդաթ Պատելը։

Back to top button