ԿարևորՀասարակություն

Ինչպես են Սյունիքում տեղավորվել Աղավնոյից ու Բերձորից տեղափոխված ընտանիքները

Սյունիքի մարզի Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանների բնակավայրերում Բերձորից ու Աղվանոյից տեղափոխված 21 ընտանիք է վերաբնակեցվել։ Ոմանք վարձակալած բնակարաններում են ապրում, որոշները՝ դեռ բարեկամների տներում։ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետարանի աշխատանքային խումբն այցելում է այդ ընտանիքներին, հետաքրքրվում նրանց կարիքներով։   

«Հույս ենք ունեցել, որ պիտի մնանք, բացարձակապես չենք մտածել էդքան տարիների ընթացքում էնդեղից դուրս գանք։ Ղեկավարությունը միշտ նենց է ասել, որ մենք պիտի մնանք։ Երեք տուն ենք ունեցել՝ երկու տղաներիս, իմ  ու ամուսնուս՝ առանձին։ Խանութը, տարածքները, ինչ ստեղծել ենք, թողել ենք էնտեղ։ Ինչ էլ բերել ենք՝ սիրտս չի տալիս դասավորեմ»։  

Բերձորի բնակիչ 63-ամյա Աիդա Բալիկյանն է պատմում։ Օրեր առաջ տեղափոխվել են Սյունիքի  Կոռնիձոր գյուղ։ Կահ-կարասին դեռ  չի տեղավորել վարձակալած տան բակում։ 31 տարի առաջ՝ 1991թ-ին էին տեղափոխվել Բերձոր։ Երևանում էին ապրում։ Ասում է՝ ամուսինը պետավտոտեսուչ էր, մեծ որդին՝ հարկային տեսուչ, վատ չէին ապրում, հայրենասիրությունը տարավ Բերձոր։

Աիդա Բալիկյան. «Մենք սովոր ենք ստեղծելու։ Խանութի դիմաց բորդյուրը պոկվել էր, ցեմենտ բերեցինք, որ սարքենք, նույնիսկ վերջին օրով ցեմենտ բերեցինք, որ կպցնենք»։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն է այցելում մարզում Բերձորից ու Աղավնոյից բնակություն հաստատած ընտանիքներին։ Ասում է՝ չկա այդպիսի մի ընտանիք, որ չմտնեն։

Սյունիքի մարզպետի հանձնարարականով աշխատանքային խումբ ենք, որ զգաք, դուք մենակ չենք։

Շնորհակալ ենք Սյունիքի մարզպետին, որ այս նեղ պահին մեզ հետ է, թեկուզ միայն ներկայությամբ ձեր՝ հանում ենք  մի քիչ այս վիճակից։

28-ամյա Սիմոն Բալասանյանն է․ կնոջ ու երկու երեխաների հետ նախ Թաղավարդից Շուշի է տեղափոխվել, Շուշիից՝ Բերձոր, Բերձորից էլ Կոռնիձոր։ Չնայած պիտի օգոստոսի 25-ին տեղափոխվեին, բայց ամսի 21-ին եկան՝ ասացին, որ պիտի գնան։

Սիմոն Բալասանյան․«Սաղ թողել ենք դուրսը։ Ես տնեցիներին ճամփու էի դրել, ես էնդեղ էի, ԿԳԲ-ն վերջին պահին եկավ, ասացին պիտի դուրս գանք, լցվել են ստեղ։ Էնտեղ ունեցել ենք հավեր, խոզեր՝ հղի վիճակում, մնացին ծմակում»։  

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի խոսքով՝ նախապես մարզպետարանի աշխատանքային խումբը հաշվառել էր այն ընտանիքներին, որոնք ցանկություն էին հայտնել վերաբնակեցվել Սյունիքում, նրանց առաջարկվել էր Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանի բնակավայրերում առկա ազատ տները։ Ոմանք նախընտրել են ապրել այդ տներում։ Նարե Ղազարյան․

«Արցախի Բերձոր ու Աղավնո բնակավայրերից ունենք տեղափոխված 21 ընտանիք, տեղավորվել են վարձակալված բնակարաններում, մի մասը՝  բարեկամների տներում։ Նախնական ծանոթանում ենք իրենց կենցաղային պայմաններին, հիմնականում  կենցաղային տեխնիկայի կարիք ունեն, մահճակալների, օրորոցների, բոլոր հարցերը փորձում ենք կարգավորել»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է անակնկալ միանում աշխատանքային խմբին, հետաքրքրվում տեղահանված ընտանիքների հարցերով, հանձնարարում Գորիսի բժշկական կենտրոնին, կրթօջախներին՝ հոգալ անհրաժեշտ կարիքները։ Աշխատանքային մի խումբ էլ արդեն սառնարան, մահճակալ և այլ անհրաժեշտ պարագաներ է տեղափոխում այդ ընտանիքներին։
Սերգեյ Բալասանյանը համոզված է՝ այս անգամ էլ կհաղթահարի դժվարությունները և որոշ ժամանակ անց կվերադառնա Բերձորի իր տունը։ Այլ ելքի մասին «Ռադիոլուրի» զրուցակիցը չի էլ ուզում մտածել։

Սիմոն Բալասանյան․ «Էս էլ ա մեր հողը, էն էլ ա մեր հողը։ Կապ չունի, որ կյանքի բերումով ստացվեց, որ մեզ անակնկալի բերեցին, բայց իրենք իրենց արածի համար փոշմանելու են։ Ու իրանց փոշմանեցնելու ենք։ Ես չանեմ, իմ երեխան չանի, թոռս կանի, ծոռս կանի, էդ օրը գալու է»։

Back to top button