ԿարևորՀասարակություն

Թիֆլիսի հայկական աշխարհագրությունը

Թբիլիսիում հայկական «հետք» փնտրողների համար հին քաղաքի բոլոր թաղամասերն ընդգրկող, 140 հասցեներով առաջին քարտեզն է լույս տեսել «Հին Թիֆլիսի հայկական հետքերով» գրքույկով։

Այն Թիֆլիս քաղաքի կայացման ու զարգացման մեջ հայերի ակտիվ դերակատարության, նրանց թողած ճարտարապետական, մշակութային, նյութական արժեքների մասին է, կից քարտեզում էլ հանգամանորեն ներկայացված է այդ կառույցների տեղադրությունը հասցեներով:

Իր տեսակի մեջ եզակի ուղեցույցը կազմել է իրավաբան Էդուարդ Բաբայանը՝ Վրաստանի մայրաքաղաքում մեկշաբաթյա շրջագայությունից տպավորված։

Կովկասի Փարիզը․ այս քաղաքը շարունակում է գերել մինչ օրս պահպանված մոդեռն ոճի հարյուրավոր շենքերով։ Ու այստեղ դեռ կարելի է բացահայտել ար-նուվո ոճով, ինչպես նաև քաղաքին հատուկ փայտե պատշգամբներով եզակի նորանոր, խայտաբղետ տների մեջ թաքնված շինություններ։

Էդուրադ Բաբայանը Վրաստանի մայրաքաղաքում մեկշաբաթյա շրջագայության ավարտին ներկայացրել է հայկական «հետքերով» հավաքած ցուցակ, որն ընդգրկում է հին Թիֆլիսն իր բոլոր թաղամասերով։ 

Ասում է՝ հայ մեծահարուստները մրցակցության մեջ են եղել միմյանց հետ առավել գեղեցիկ, արտասովոր ու տպավորիչ տներ կառուցելու համար։ Հենց նրանց ֆինանսական միջոցների և համաշխարհային ճարտարապետական միտումների նկատմամբ հետաքրքրությունների շնորհիվ էլ ծնվել է կովկասյան մոդեռն երևույթը՝ Թիֆլիսի եվրոպական տեսքը։

Եվ այս մեծամասշտաբ վերափոխումները հիմնականում հայ նշանավոր բարեգործների՝ Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Ադամյանցի, Ալեքսանդր Մելիք-Ղազարյանցի, Եսայի Փիթոյանի, Գաբրիել Թամամշյանի և շատ այլոց  խոշոր ֆինանսավորումների շնորհիվ․

«Ես հավաքել եմ այն կարևորները, որոնք այս ուղեցույց-գրքույկում տեղ պիտի ունենային, այսինքն, երբ ասվում է, որ սա Մանթաշովի առևտրական տան շենքն է, մի քանի բառով ներկայացվում է, թե ինչ այլ բարեգործություններ է արել այս մարդը։ Գիրքը հայկական հետքի մասին է, բայց ամենամեծ արժեքը կից քարտեզն է, որում մանրամասներով և նկարներով տրված են հայկական հետքերով շենքերը․․․»։ 

Հեղինակը հիշեցնում է, որ հանգամանքների բերումով հայերը նախընտրել են Հավլաբար և Սոլոլակ թաղամասերը, որոնց միջև գտնվող հատվածից էլ՝ Մեյդանի հրապարակից, ձգվել է առևտրական ու արհեստագործական ամենախոշոր կենտրոնը՝ Արամյանսկի բազարը։ Ուղեցույցում երթուղին սկսվում է Մեյդանից, որտեղից էլ սկիզբ է առել քաղաքի պատմությունը.

«Գիրքը կազմել եմ՝ սկսելով Մեյդանից, Աբխազա փողոցով մինչև նախկին Երևանյան հրապարակ՝ կենտրոնական Ազատության հրապարակ, այնուհետև Սոլոլակի՝ Դադիանի-Ասաթիանի, Ամաղլեբա՝ Թումանյանի տուն, Մաճաբելի, Կիկոձե, Լերմոնտով-Չոնքաձե, Ռուսթավելի պողոտա․․․ հետո Քուռ գետի ձախ ափ՝ Աղմաշենեբելի, Ուձնաձե և այլն։ Կազմել եմ այս երթուղին, բայց  ուղեցույցն ունեցողը կարող է ընտրել սեփականը, թե քաղաքի որ հատվածից սկսել»։

Բաբայանը գիրքը կազմել է՝ օգտվելով Թիֆլիսը շարունակ ուսումնասիրողների, քաղաքի պատմության ու ճարտարապետության գիտակների՝ Սերգեյ Մամուլովի, Սարգիս Դարչինյանի, Աիդա Բաբաջանյանցի, Լևոն Չիդիլյանի ուսումնասիրություններից։ Չիդիլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ նման ուղեցույցի կարիք կար.

«Այս պահի դրությամբ մենք նմանատիպ գիրք չունենք․ հատկապես հետաքրքիր ուղեցույց է հայերի համար, ովքեր Թիֆլիս գալով փորձում են գտնել իրենց հոգեհարազատ հայկականը։ Այս գիրքը և քարտեզը հնավորություն են տալիս տեսնել ողջ քաղաքը, պատկերացում կազմել Թիֆլիս քաղաքում հայերի երբեմնի ստեղծած հզոր մշակույթի մասին»։

«Հայկական» Թիֆլիսը, սակայն սրանով և բազում այլ աշխատություններով դեռևս վերջնականապես ուսումնասիրված չէ, արխիվներում օրուգիշեր անցկացրած թիֆլիսագետները նույնիսկ կանգնել են հարցի առաջ՝ թե ինչքան քիչ բան գիտեն հայկական առընչությունների մասին։

Գրքույկի հեղինակի ընկերը՝ երգիչ  Էդվարդ Դարբինյանը, ով նաև ուղեցույցը ստեղծելու գաղափարակիցն է, ասում է.

«Ցարական կառավարությունն ուզում էր Թիֆլիսը կենտրոն դարձնել, և պետք է ըմբռնենք, որ ազգն էր, որ ավելի կենսունակ, ավելի ճարտար ու ավելի ստեղծագործ գտնվեց՝ հասկանալու, թե ինչու մենք այստեղ տեղ ունենք, ունեցել ենք և պիտի ունենանք վերստին»։

Գրքում մեջբերելով փաստը, որ վերջին ութ դարերի ընթացքում՝ մինչև 1917 թվականը, բոլոր նշանակված կամ ընտրված քաղաքագլուխները եղել են հայեր՝ 47-ից 45-ը, հեղինակը նշում է․

«Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ հայերի սնապարծությունը բորբոքեմ, կամ վիրավորեմ վրացիների ինքնասիրությունը, պարզապես ուզում եմ շեշտել փաստը, որը հիմք է ծառայել, որ վրացիները թագավորից սկսած լավ են ընդունել հայերին, տվել են այն միջավայրը, որում մերոնք իրենց կարողությունները բացահայտել են։ Հենց սա հիմք է ծառայել երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամության համար ու սրանից հետո ևս շարունակելու է ծառայել․․․»։

Back to top button