ԿարևորՏնտեսական

Նոր սերնդի ջերմոցային տնտեսություն՝ Սևան համայնքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՌԴ Օմսկի նահանգի գործընկերների հետ աշխատանքային այցով եղել են Սևան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց նոր սերնդի ջերմոցային տնտեսությունում:

«Ջերմոցային տնտեությունը հիմնվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 800 միլիոն դրամ։

Ինչպես նշեց Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը` ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը նման չափերով աջակցում և սուբսիդավորում է նոր հիմնվող տնտեսություններին, ինչպես նաև Օմսկի գյուղատնտեսության և պարենի նախարար Նիկոլայ Վալենտինովիչի ուշադրությունը հրավիրեց օրինակ վերցնելու տեղի գործընկերներից` արտադրության ցիկլի կազմակերպման, խնդիրների լուծման և առաջադիմության առումով:

Տնտեսությունը կառուցվում է 4 հեկտարի վրա, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ: Առաջին երկու հեկտարի վրա կառուցված ջերմոցը կգործարկվի այս տարվա սեպտեմբերից, որտեղ կաճեցվեն ծաղիկներ, իսկ հաջորդ երկու հեկտարի վրա գործողը՝ 2023 թվականի հունվարի 20-ից։

Ջերմատները հագեցած են նորագույն եվրոպական սարքավորումներով և արտադրության բոլոր փուլերը` ջեռուցում, աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք վերահսկվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից:

Արտադրանքը նախատեսվում է արտահանել արտերկիր, հետևաբար ռուսական շուկան լավ հնարավորություն է տնտեսությանը զարկ տալու համար:

Քննարկվեց Գեղարքունիքի մարզը` որպես բարենպաստ տարածաշրջան նման տնտեսությունների հիմնման և համագործակցության համար, որոնց ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերությունը կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել»,- գրել է նա:

Back to top button