Մասնագիտություն

Գործիք, որն ամբողջովին փոխեց երաժշտական աշխարհն ու մշակույթը․ «Մասնագիտություն»

Արվեստին ծառայելը մասնագիտություն չէ, այլ կենսակերպ, և այդ անծայրածիր ու խորհրդավոր աշխարհում մասնագիտություն փնտրելը չափազանց դժվար է ու պարտավորեցնող:

Դաշնակահար. անչափ յուրահատուկ մասնագիտություն, որի ընտրության ամենակարևոր նախապայմանը թերևս ստեղծագործական տաղանդն է, ակադեմիական կրթությունը, անմնացորդ նվիրումն ու սերը մարդկության համընդհանուր լեզվի՝ երաժշտության հանդեպ:

Իտալական ծագում ունեցող երաժշտական գործիք է դաշնամուրը, հայտնագործվել է 1700-ական թվականներին՝ Բարտոլոմեո Քրիստոքորիի կողմից: Երաժշտական մշակույթն ամբողջովին փոխվեց դաշնամուրի ի հայտ գալուց հետո: 19-րդ դարում ստեղծվեցին բավականին շատ երաժշտական ստեղծագործություններ դաշնամուրի կատարման համար, բոլոր մեծ երգահանները երաժշտություն էին գրում դաշնամուրի համար, գործիքի լայնատարած օգտագործման հետ միասին սկսեցին հայտնվել նաև դաշնակահար վիրտուոզներ։

Դաշնամուրի հայտնագործումը շրջադարձային էր, այն անջնջելի հետք թողեց համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ դառնալով ամենակարևոր, ամենատարածված և ամենապահանջված երաժշտական գործիքներից մեկն աշխարհում, որը հնչում է ամենուրեք։ Դաշնամուր նվագելը երկար տարիների փորձ, աշխատասիրություն և նվիրում պահանջող գործունեություն է, իսկ մանկությունն այն ժամանակահատվածն է, երբ պետք է սկսել այս գործիքին տիրապետել։

Երաժշտական տաղանդ, մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, աշխատասիրություն, անսպառ էներգիա, ռիթմի հրաշալի զգացողություն, յուրաքանչյուր ստեղծագործության խորն ընկալում, վերլուծություն և սեփական մեկնաբանում, կամքի ուժ, գիտելիքների մեծ պաշար արվեստի բնագավառում, փայլուն հիշողություն, համբերություն, համառություն. ահա դաշնակահարի հաջողության հասնելու բանաձևը։ Զրույց դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ:

Back to top button