ԿարևորՀասարակություն

Միջազգային մեխանիզմները՝ անկատար, երկարաժամկետ խաղաղությունը՝ վերացական․ բռնի անհետացումների զոհերի միջազգային օր

44-օրյա պատերազմի հետևանքով, ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. տվյալների, 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում։ Նրանց գտնվելու վայրերն անհայտ են, գերեվարման հանգամանքները՝ տարբեր, ճակատագրերն՝ անորոշ։  Սրանք այն դեպքերն են, երբ առկա են գերեվարումը փաստող տեսանյութեր  կամ լուսանկարներ, բայց այդ անձինք չեն ստացել գերու կարգավիճակ, և նրանց վերաբերյալ այլեւս տեղեկություններ չկան։ Պատերազմից երկու տարի անց Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է պահանջել գերիների, անհետ կորածների և բռնի անհետացածների վերադարձ՝ հղում անելով 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Ադրբեջանը  շարունակում է «շրջանցել» այդ պահանջը՝ հաշվի չառնելով միջազգային կառույցների ընդունած որոշումները։

Ադրբեջանի կողմից ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերն ու պահման վայրերը թաքցնելու քաղաքականությունը մարդկության հանդեպ հանցագործությունների ապացույցներ  են: Դրանք փաստում են  նաև մարդու իրավունքների բազմակի և շարունակական խախտումները։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան․

«Ցավալիորեն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, և մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը»:

ՄԻՊ–ի ուղերձում նաև նշվում է, որբռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմները արդյունավետության պակաս ունեն։ Միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար պետությունները պետք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրենսդրությամբ։

Բաքուն պաշտոնապես հաստատում է 38 հայ ռազմագերու և քաղաքացիական անձանց առկայությունը։ Մինչդեռ հայ իրավապաշտպանների տվյալներով՝ Բաքվի ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։ Միջազգային արձագանքման ի՞նչ մեխանիզմների է դիմել Հայաստանը և ի՞նչ փուլում է գործընթացը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ռադիոլուրին» ասում է․

 «Մեր առաջին միջպետական գանգատի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նաև բարձրացրել ենք գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների վերաբերյալ պահանջներ, այսինքն՝ խոսքը թե՛ գերեվարված, թե՛ անհետ կորած կամ բռնի անհետացած անձանց մասին է։ Գերիների՝ Ադրբեջանի կողմից հաստատված թիվը 38 է, բայց ունենք մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք վկայում են այդ անձանց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելու մասին։ Դրանց վերաբերյալ ապացույցները ևս ներկայացված են Եվրոպական դատարանին»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում: Կարմիր խաչը չի հրապարակում այն գերիների թիվը, որոնց տեսակցել է, միայն հաղորդում է, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների հրապարակած ցուցակում ներառված բոլոր անձանց։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան  մի քանի դրվագներով։  Բոլորում  ներառված է գերիների հարցը, դրանցից մեկն ամբողջությամբ վերաբերում  է նրանց արդար դատաքննության իրավունքին։ Եղիշե Կիրակոսյան․

«Այս փուլում նկատի ունենանք, որ գանգատի քննությունը դեռ գրավոր ընթացակարգում է։ Հայաստանն Ադրբեջանի կողմից մեր գանգատի վերաբերյալ առարկություններ է ստացել։ Այժմ պատրաստում ենք մեր առարկությունները․ մինչև սեպտեմբերի 8-ը պետք է ներկայացնենք ՄԻԵԴ։ Դրան կհաջորդեն արդեն գանգատի լսումները մեծ պալատում, բայց արդեն հաջորդ տարի»։

Հայկական կողմի ջանքերով այս տարի փետրվարին՝ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերից մեկում, որը վերաբերում է  բռնի անհետացմանը, հատուկ դրույթ էր նախատեսվել, որ այն դեպքերում, երբ զինվորը գերեվարվում է, բայց չի ստանում ռազմագերու կարգավիճակ, պետք է ամբողջությամբ պաշտպանվի: Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները,  նաև Արդարադատության միջազգային դատարանի ներկայացրած հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ խտրական քաղաքականությունը։ Սա, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, երկարաժամկետ խաղաղությունը վերացական է դարձնում։

«Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը»։

Եվրոպական դատարանի կայացրած վճիռները  նվազագույնը 2 տարվա ընթացքում չկատարարելու դեպքում միջանկյալ միջոց է կիրառվում։ Արցախյան հակամարտությանը վերաբերող  առնվազն  6 վճռով սահմանված պահանջները Ադրբեջանը չի կատարում։ Դրանք բազմաբնույթ են՝ գումարների փոխհատուցումից մինչև Նախարարների կոմիտեին անհատական կամ ընդհանուր միջոցներ կիրառելու ուղղությամբ գործողությունների ծրագրի չներկայացում՝ նկատում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը․

«Երբ վճիռները չկատարելուց երկար ժամանակ է անցնում, հարցը կարող է մտնել Նախարարների կոմիտե և ընդդեմ Ադրբեջանի վարույթ հարուցվել, ոչ թե բուն դիմումների վերաբերյալ, այլ այն հարցի, թե արդյոք Ադրբեջանը կատարում է միջանկյալ միջոցի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը։ Երկու դեպք կա, որ մինչև հիմա արձանագրվել է․ մեկը մեկ ամիս առաջ ընդդեմ Թուրքիայի վճիռ էր կայացվել, մյուսը Ադրբեջանի դեմ՝ երկու տարի առաջ։ Այսինքն, նոր ընթացակարգը կիրառվել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»։

Վճիռների չկատարման վերաբերյալ Հայաստանը պարբերաբար տեղեկություններ է ուղարկում ՄԻԵԴ։ Երբ դրանք որոշակի քանակական շեմ են հատում,  ՄԻԵԴ-ը կարող է քաղաքական սանկցիաներ ենթադրող որոշումներ կայացնել։ Դրանք արդեն պետք է քննարկվեն ու ընդունվեն  ԵԽԽՎ նիստում , որտեղ որոշումները առավել հաճախ քաղաքական նախասիրություններով, քան իրավական  հիմնավորումներով են կայացվում։

Back to top button