ԿարևորՀասարակություն

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրեր են կնքվել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում օգոստոսի 30-ին տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ծանոթացնել ուսանողներին արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խթանել և մոտիվացնել բարձր որակի աշխատանք կատարած ուսանողներին շարունակել գիտական ուղին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ստեղծել կամ ամրապնդել միջազգային համագործակցությունները:

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի ասպիրանտ, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Սարգսյանը, շնորհավորելով ծրագրի հաղթողներին, ասել է. «Ուրախալի է, որ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են մեծ քանակությամբ հայտեր: Ստացել ենք 42 հայտ, ծրագրի բյուջեով կարողացել ենք ֆինանսավորել 15 հայտ: Ֆինանսավորված հայտերի մոտ 20 տոկոսը հումանիտար գիտությունների ոլորտից է»:

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Հռիփսիմե Մկրտչյանը, դիմելով ծրագրի հաղթողներին, ասել է. «Եղեք ուշադիր, ուր էլ գնաք, լինելու են նոր հնարավորություններ: Փորձեք ձեզ հետ բերել այդ հնարավորությունները: Ձեր վերադարձից հետո կազմակերպելու ենք սեմինար, և դուք պատմելու եք, թե ինչ եք սովորել արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպություններում»:

Հռիփսիմե Մկրտչյանը նշել է, որ երիտասարդ գիտնականները չպետք է սահմանափակվեն մրցույթներին մասնակցելով: Նրանք կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել խորհրդի կազմում: «Շատ ուրախ կլինենք լսել ձեր առաջարկությունները և տեսնել ձեր հայտերը», — ասել է Հռիփսիմե Մկրտչյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը ներկայացրել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նախապատմությունն ու առաքելությունը: «2011 թ-ին երիտասարդների մեծ խումբ իրականացրեց լայն հանրային արշավ, ինչի արդյունքում ստեղծվեց ԵԳԱԾ-ը, որի շնորհիվ 11 տարի շարունակ երիտասարդ գիտնականներին տրվում է 100 միլիոն դրամի աջակցություն: ԵԳԱԾ-ն օրինակ է նրա, թե ինչպես կարող է համայնքն ինքնակազմակերպվել, նախաձեռնություն առաջ քաշել և, ի վերջո, հասնել արդյունքի:

Ի սկզբանե ԵԳԱԾ-ի գործունեության հիմքում դրված են եղել կարևոր սկզբունքներ: Դրանցից մեկն այն է, ԵԳԱԾ-ի փորձագիտական խորհուրդը գործում է բացարձակ ինքնուրույն: Որևէ միջամտություն իր կայացրած որոշումներին որևիցե տեղից լինել չի կարող, և սա շատ կարևոր է: ԵԳԱԾ-ի գաղափարախոսության հիմքում դրվել է պիլոտային ծրագրերի գաղափարը, այնպիսի ծրագրերի, որոնք առաջին անգամ են իրականացվում: Դրանք մշակույթ ստեղծող պիլոտային ծրագրեր են: Հաջողության դեպքում դրանք տեղափոխվում են ավելի մեծ շրջանակներ: Այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել նման օրինակներ: Հիշեք, դուք այս ծրագրի առաքյալներն եք: Որքանով կհաջողեք դուք, այդքանով կհաջողի ԵԳԱԾ-ը, կհաջողի մեր պետությունը, և այդքանով մենք առաջ կշարժվենք: Մաղթում եմ ձեզ ամենաբարձր բարձունքների նվաճում», — ասել է Արթուր Իշխանյանը:

Back to top button