

Կոմպոզիտոր և դաշնակահար Սարգիս Ատամյանը 2019 թ. իր մասնակցությունը բերեց Հանրային ռադիոյի «Կոմիտաս-150. հետգրություն» եռասկավառակ ալբոմի թողարկմանը։
Երաժիշտը տեղափոխվել է Հայաստան Սիրիայից և հավատարիմ մնալով մասնագիտությանը՝ ստեղծագործական գործունեություն է ծավալում և՛ որպես մենակատար-ստեղծագործող, և՛ որպես «Նուռ» համույթի հիմնադիր։
«Վերջերս սկսեցի համագործակցել կինոարտադրողների հետ, հատկապես անիմացիոն կինոյի ոլորտում, ինչպես նաև երաժշտություն եմ գրել մի շարք վավերագրական ֆիլմերի համար։ Կարելի է ասել, որ ծավալում եմ իմ գործունեությունը չորս ուղղություններով՝ որպես մենակատար-դաշնակահար, որպես կինոյի համար երաժշտություն գրող կոմպոզիտոր, որպես գործիքավորող և կատարող «Նուռ» համույթում և չորրորդը՝ ստուդիական նախագիծ, որի շրջանակներում փորձում եմ ստեղծել երաժշտական պատկերներ՝ ռոմանտիկ երաժշտության ժանրում»,-ասում է կոմպոզիտորը։
Սարգիս Ատամյանը հետևում է համացանցային մրցութային ընթացքներին և վերջերս մասնակցել է «Նետֆլիքս» ընկերության հայտարարած կոմպոզիտորական մրցույթին՝ ստեղծելով առաջադրված շարժապատկերին իր երաժշտական տեսլականի վարկածը։
Մրցույթի ամփոփումը կլինի նոյեմբերին։ Երաժշտի համար մեծ ներշնչանքի աղբյուր է մասնակցությունը համաշխարհային նախագծերին, ինչպես նաև՝ մշտական անդրադարձը հայկական երաժշտությանը։
Նա շարունակում է իր մշակումները՝ ցուցաբերելով ուրույն մոտեցում, օգտագործելով Կոմիտասի և Հայրիկ Մուրադյանի ձայնագրությունները իր մշակումների և կոմպոզիցիաների մեջ։
Սարգիս Ատամյանը ակտիվ բեմական և հյուրախաղային գործունեություն է ծավալում, ստեղծագործում սեփական ստուդիայում և նախապատրաստում նոր ալբոմների թողարկում։
Հաղորդման ընթացքում հնչում են Սարգիս Ատամյանի բազմաոճ ստեղծագործությունները։