ԿարևորՔաղաքական

Բացվող տարածաշրջանի փակվող ճանապարհները Հայաստանի շուրջ օղակը դեռ սեղմված է

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում այս անգամ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքի տիրույթում է։ Այս թեմայով Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը կհանդիպեն երկրորդ անգամ։ Առաջին հանդիպումը 3 ամիս առաջ էր՝ Հայաստան–Ադրբեջան սահմանի Երասխի հատվածում։ Սա նախորդած բրյուսելյան հանդիպման արդյունքներից մեկն էր․ մայիսի 22–ի Փաշինյան–Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց երկու կողմն էլ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Երկու կողմից էլ աշխատանքները ղեկավարում են այն փոխվարչապետերը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ–ադրբեջանա–ռուսական հանձնաժողովներովի հարցերով են զբաղվում։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, որոնք ղեկավարում են տարածաշրջանի երթևեկության ապաշրջափակման և սահմանազատման աշխատանքները, հանդիպում են ուղիղ այն օրը, երբ սահմանված ժամկետից շուտ՝ Ադրբեջանի պահանջով դադարում է երթևեկությունը Հայաստանը Արցախին կապող Բերձորի ճանապարհով։

Եթե թարմացնենք հիշողությունը, ապա մեկ տարի առաջ էլ՝ օգոստոսի 25–26-ին, ադրբեջանական կողմը փակեց Շուռնուխից Կապան հատվածը, հաջորդիվ՝ Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան հատվածը։ Ահա փակվող ճանապարհների այսպիսի պայմաններում և մթնոլորտում են քննարկվում տարածաշրջանի ապաշրջափակման և սահմանազատման հարցերը, որոնք դեռ խութեր և վտանգներ են պարունակում՝ ըստ քարտեզագետ-քարտեզաբան, ԳԱԱ պատվավոր դոկտոր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոս Ռուբեն Գալիչյանի․

«Բացի մի քանի կետերից՝ մյուս տեղերում ադրբեջանցիներն առաջ են եկել հայկական տարածքի մեջ՝ լինի Սև լիճը, Շորժայի շրջանը և այլ տարածքներ։ Սոթքից Հայաստան մտնող ճանապարհ կա, որը փակ է, Երասխից Նախիջևան ճանապարհը, որը գոյություն ունի, դա էլ փակ է։ Իսկ Գորիսից Կապան գնացող ճանապարհը, որ Քարվաճառի մասին էին խոսում, դա Էյվազլու ադրբեջանական գյուղի մոտ է, որը 1930 թվականի քարտեզով Հայաստանի տարածքը մտնում է Ադրբեջան, 20 կմ անցնում, վերադառնում մտնում է Հայաստան, և նորից մինչև Շուռնուխ մի քանի տեղում այդ սահմանը հատվում է՝ 100 մ, 200 մ մտնում Ադրբեջան, հետ ենք գալիս։ Ինչպես է լուծվելու այդ ճանապարհը՝ տարբեր խնդիրներ կան»։

Մասնագետի պնդմամբ՝ եթե Ադրբեջանն իրեն հռչակում է 1918-ի առաջին հանրապետության իրավահաջորդ, ապա չի կարող հավակնել Սովետական Հայաստանի տարածքից իրեն տրված անկլավներին, պետք է վերադարձնի Կարմիր Քուրդիստանի ստեղծման համար 1920–30–ականներին Հայաստանից վերցված 1500 քառակուսի կիլոմետր տարածքից։ Որոշ հարցեր այդ դեպքում կարող են առաջանալ նաև Նախիջևանի հետ կապված՝ ասում է։ Այստեղ պատերազմում հաղթողի կամ պարտվողի դիրքերից խոսելը ճիշտ չէ։

«Երբ մենք խոսում ենք բանակցությունների մասին, պարտվողների ու շահողների միջև տարբերություն պետք է չլինի։ Պետք է ըստ միջազգային օրենքների առաջ շարժվենք։ Իսկ միջազգային օրենքն ասում է՝ սահմանագծում ու սահմանազատում անելու համար պետք է ուշադիր լինել՝ գյուղացուն չկտրել իր արոտավայրից, իր ապրուստից և այլն։ Այդ ամենը խորհրդային տարիներին կատարվել է, ինչն ամբողջովին մարդու իրավունքների խախտում էր։ Այդ ամենը պետք է աչքի առաջ ունենալ և վերականգնել»։

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմն այս պահին դեռևս ոչ թե մասնագիտական է, այլ ավելի շատ քաղաքական՝ խնդրահարույց հարցերի լուծումները գտնելու համար։ Հանդիպումների պահը և մթնոլորտը, սակայն, վերլուծաբաններին հուշում են՝ պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ փոխվարչապետերի մոսկովյան հանդիպումից։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում պնդում է՝ անգամ տարբեր պետությունների համընկնող շահերը դեռ չեն կարող բացել մեր տարածաշրջանի փակված երթուղիներն ու ճանապարհները։ Դեռ համաշխարհային խաղացողները պետք է կարողանան համաձայնության և բալասի գալ։

«Կարելի է ասել, որ նման իրավիճակում հանձնաժողովի հանդիպումները չեն կարող առանցքային նշանակություն ունենալ և ինչ որ կարևոր հարցեր լուծել։ Այդ հանդիպումներն ընդամենը գործընթացը չսառեցնելու և ինչ–որ մի բան անելու տպավորություն թողնելու հանդիպումներ են։ Ի վերջո՝ ակնհայտ է, որ կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը և մասնակից այլ կողմերը՝ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ, փորձում են ավելի շատ հնարավորություններ ստեղծել հետագայի համար, քան այս պահին լուծումներ տալ»։

Ապաշրջափակվող տարածաշրջանում Հայաստանի համար փակվող ճանապարհների կողքին եւ դեռ չբացված երթուղիների պայմաններում Հայաստանի ԱԱԾ–ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի՝ ավտոմոբիլային անցակետեր են նախատեսվում  Գեղարքունիքի Սոթք, Արարատի մարզի Երասխ, Սյունիքի Քարահունջ համայնքների մոտ։ Սրանք Հայաստանի առաջարկած այլընտրանքն են ճանապարհներն են, թեև՝ դեռ չգործող։ Կողմերի նման քայլերը քաղաքագետի համար հասկանալի են․

«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, այնպես էլ այլ կողմեր փորձում են հնարավորինս նախապատրաստվել այն ապագային, որը գալու է։ Պատրաստվում են այն իրավիճակին, որը կլինի համաշխարհային քաղաքական դաշտում հավասարակշռություն հաստատելուց հետո։ Պատրաստվում են տարբեր կերպ, իրենց տարբեր հնարավորությո  ւններն օգտագործելով։ Ի վերջո, ոչ ոք չի խոսում այն մասին, որ ուկրաինական պատերազմի կամ ռուս–արևմտյան հակամարտությունից հետո իրավիճակն այնպես է փոխվելու, որ Հայաստանում մաքսակետեր պետք չեն լինելու։ Ընդհակառակը՝ ամենահավանական զարգացումն այնպիսին է, որ այդ մաքսակետերը լինելու են և գործելու են»։

Իսկ մինչ վաղը կգա, այսօր Հայաստանը ոչ թե ապաշրջափակվում է, այլ շրջափակման օղակն  ավելի է սեղմվել՝ հայ–իրանական սահմանը փոքրացել է, շահագործումից հանվող կամ փակվող ճանապարհների այլընտրանքները համարժեք չեն հներին, դեռ վատ վիճակում են։

Բացվող և փակվող ճանապարհներում  կա մեկը, որը ոչ միայն զուտ ճանապարհ է, այլև քաղաքական մեսիջ փոխանցելու միջոց։ Օրերս Բաքուն Շուշի էր հրավիրել Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին։ Բաքու–Շուշի բաց ճանապարհից չօգտվեցին Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները։ Բաքվի արձագանքը սուր էր, իսկ դեսպանների քայլը, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետի կարծիքով, ուներ դիվանագիտական ասելիք․

«Սա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, այնքան էլ ամբողջապես կապված չէ Հայաստանի շահերի հետ։ Դա կապված է Արևմուտք–Ռուսաստան և Արևմուտք– ռուս-թուրքական դաշինք հակասությունների հետ, որտեղ ռուս-թուրքական դաշինքը չի նշանակում, որ Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջապես Արևմուտքի դեմ են։ Թուրքիան «խաղում» է Ռուսաստանի և Արևմուտքի հետ, և այս գործընթացում ԱՄՆ–ն և հավաքական Արևմուտքը ցույց են տալիս, որ տարբեր տարածաշրջաններում, հատկապես այնպիսի կարևոր տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է և դրա մաս կազմող Հարավային Կովկասը, իրենք թույլ չեն տալու, որպեսզի տարածաշրջանային գերտերությունները միմյանց միջև պայմանավորվածություններով հաշվի չառնեն իրենց շահերը»։

Հայաստանի ու Ադրբեջանի համար առանցքային հանդիպումներում, ի դեպ, պահպանվում է յուրօրինակ պարիտետը՝ բանակցային հովանավորների տեսանկյունից։ Փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանն անմիջապես հաջորդելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը։ Այն նշանակված է ամռան վերջին օրը։ Երկու հանդիպումների դեպքում էլ օրակարգերը հայտնի չեն։

Back to top button