ԿարևորՔաղաքական

9 շահ՝ մեկ կետում․ Սյունիքում հատվում են խոշոր երկրների քաղաքական «կամուրջները»

Սյունիքի մարզը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում․ առնվազն 9 երկրի, այդ թվում՝ ուժային կենտրոնների տարբեր հետաքրքրությունները հատվում են հենց այդ խաչմերուկում։ Թե 44–օրյա պատերազմի օրերին, թե դրանից հետո Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը Հայաստանի հարավային մարզ խիստ հաճախացել են․ դրանք կամ հաջորդում են կոնկրետ իրադարձությունների, կամ նախորդում․ ամեն դեպքում փորձագետներն այս այցերին  քաղաքական ենթատեքստեր են վերագրում։ Հատկապես, որ կան դեպքեր, երբ միջազգային շփումներում, որոնց անգամ Հայաստանը չի մասնակցել, քննարկվում է Սյունիքի մարզի հարցը, անգամ «կամիր գծեր» են նախանշվում։

Տարածաշրջանի 4 երկիր՝ Հայաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, աշխարհի 2 խոշոր երկիր՝ Չինաստան և Հնդկաստան, աշխարհի ուժային կենտրոններ՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան և ԵՄ․ բոլորի շահերն այս փուլում ուղիղ եւ անուղղակի կերպով այսօր «խաչմերուկվում են» Սյունիքի մարզում։ Քաղաքական կամուրջները պատահական չեն անցկացվում հենց այս մարզով․ փորձագետներն այս երկրների քայլերի հաջորդականությանն ու ակտիվացմանը կոնկրետ իմաստ են վերագրում։

Առնվազն 4 գործնական և երևացող քայլ տարբեր երկրների կողմից արդեն ձեռնարկվել է՝ ընդգծելով Սյունիքի կարևորությունը։

Առաջին, եթե կարելի է ասել, դիվանագիտական քայլն արեց Իրանը։ Օգոստոսի 11–ին Սյունիքի Կապան քաղաքում նշանակվեց հյուպատոս։ Իրանի կառավարությունը որոշումն ընդունել էր դեռ 2021-ի դեկտեմբերին։ Հայկական Սյունիքի հարցում Իրանը սկբունքայիններից է՝ այս տարի մի քանի անգամ բարձրաստիճան հանդիպումներում ընդգծել են՝ չեն հանդուրժի հայ–իրանական սահմանի կարգավիճակի որևէ փոփոխություն։ Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով՝  ընդհանուր համատեքստում Իրանը կարևորում է, որ Հյուսիս–Հարավում ինքն էլ տնտեսապես ներկայացված լինի։ Իսկ Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է նախ Սյունիքի սահմանի անվտանգության կարևորությունը.   

«Միշտ շեշտել ենք, որ Իրանի համար Իրան–Հայաստան սահմանը «կամիր գիծ» է։ Դա չի կարող միայն սահմանագիծ լինել, Սյունիքի անվտանգությունն է կարևոր։ Հետևաբար, Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա–Ռուսաստան հարաբերություններում ինչ գործընթաց էլ լինի, չի նշանակում, որ Իրանի համար մտահոգիչ չէ, թե ինչ սպառնալիքներ կարող են լինել Սյունիքի հանդեպ, որը կարող է խանգարել հայ–իրանական սահմանին, ինչն անչափ կարևոր է Իրանի համար։ Իրանը միշտ էլ մտահոգ եղել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի  հարաբերությունները կարող են ընթանալ ի վնաս Իրանի»։

Գործնական քայլեր Սյունիքում արել է նաև ՌԴ-ն՝ սահմանային մոդուլային մի քանի նոր հենակետ է տեղադրել այնտեղ, ըստ վերլուծությունների՝ փորձելով ամրապնդվել այնտեղ և ստանձնել ենթադրյալ ճանապարհի անվտանգությունը։

Մեր տարածաշրջանի լուրջ «խաղացողներից» է Չինաստանը, որն օրերս շախմատային նոր քայլ արեց։ Հայաստանում Չինաստանի դեսպանն օրեր առաջ առաջին անգամ այցելեց Սյունիք։ Երկօրյա այցին հայտարարեց՝ Սյունիքը ՀՀ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Խոսեց մարզի հարուստ ռեսուրսների և բարենպաստ աշխարհագրական դիրքի մասին։ «Հայ–չինական բարեկամական հարաբերություններում մարզը, բնականաբար, կունենա առանցքային դեր»,– հայտարարեց Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ շեշտելով էլ ավելի սերտ համագործակցության խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը։

Գործնական քայլ օգոստոսին արեց նաև Հայաստանը։ Վարչապետ Փաշինյանը պաշտոնապես հրապարակեց մի քանի ուղղություն Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ ապահովելու համար՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերից մեկն իրականացնելու համար։ Առանցքային ասելիքը կրկին ներառում էր մեր երկրի հարավային դարպասը․

«Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապը ապահովել։ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և, իհարկե, երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք, պատրաստ ենք և կապահովենք։ Բայց միայն Ղազախ–Իջևան հատվածով չէ, Ղազախ–Բերդ, Վարդենիսի հատվածում մենք դա կարող ենք ապահովել, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք»։

Նաեւ նոր մաքսային կետեր տեղադրվեցին մի քանի վայրում։ Այս ամենը նոր քննադատության առիթ տվեց, բայց քաղաքական վերլուծաբաններից Դավիթ Ստեփանյանտը պաշտոնական Երեւանի առաջարկի մեջ այլ քողարկված նպատակ է բացահայտում․

«Փորձում է «զանգեզուրյան միջանցքը» օրակարգից հանել։ Կարծում եմ, այդ նախաձեռնության հիմքը և հիմնաքարը դա է։ Այսինքն՝ իրագործել պահանջը, որը դրվել է այդ տխրահռչակ թղթում (2020 թ․նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարություն – խմբ․) և «զանգեզուրյան միջանցքի» մասին խոսակցությունները, որպեսզի վերջանան»։

Քաղաքական դաշտից «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը որոշ չափով կիսում է կարծիքը ու կարծում՝ Սյունիքի մասով Հայաստանի դիրքորոշումների միջոցով աշխարհին քաղաքական մեսիջներ են ուղղվում․

«Մենք կանգնած ենք ճակատագրական խնդրի լուծման առաջ։ Պատահական չէր Փաշինյանի կողմից կառավարության նիստում 3 կետերով ՀՀ սահմանից հնարավորություն տալ ադրբեջանցիներին ելումուտի առումով։ Սա որոշ առումով «զանգեզուրյան միջանցքի» չեզոքացնելուն ուղղված մի քայլ է։ հայտարարության մոտիվացիան հենց նա է, որ մենք իսկապես մեսիջ ուղարկենք միջազգային հանրությանը»։

Միջազգային հանրությունն իր հերթին վերջին քայլերով ակնհայտ ցույց է տալիս իր հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։ Բոլոր կողմերի շահերն ու հետաքրքրությունները հատկապես Սյունիքում Հայաստանի իշխող կուսակցությունում՝ «Քաղաքացիական պայմանագրում» գիտակցում են։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բազմիցս շեշտել է ՀՀ բալանսավորված և զգուշավոր քաղաքականությունը։ Սխալներն այս փուլում առաջին հերթին զգալի կլինեն հենց Սյունիքում։ Հայաստանում հավատարմագրված տարբեր դեսպանների այցերը հատկապես այդ մարզ, ըստ Եղոյանի՝ հստակ քաղաքական շեշտադրում ունեն․ խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է․

«Այնտեղ ավելի գլոբալ կոնտեքստի հետ մենք գործ ունենք ու քանի որ իրենց հայտարարությունները (Ադրբեջան, Թուրքիա – խմբ․) վերաբերում են Հայաստանի սուվերեն տարածքին, այո, դեսպանների այցելությունները այնտեղ նաև միտված են ցույց տալ, որ այստեղ այլ իրավիճակ է, որ Սյունիքի վերաբերյալ հնարավոր չէ խոսել նույն տոնայնությամբ, ինչպես խոսում են Արցախի վերաբերյալ, որովհետև ամեն դեպքում Սյունիքը Հայաստանի սուվերեն տարածքն է, բացի այդ հասկանում ենք, որ Սյունիքը նաև, չափազանցություն չլինի, բայց ունի աշխարհաքաղաքական, ռազմավարական բալանսի համար էական նշանակություն։ Հասկանում ենք՝ որովհետև դա ճանապարհ է։ Բնականաբար, այդտեղ կան և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր, ինչպես բոլոր շահերի բախման դեպքում։ Մեր խնդիրն է թույլ չտալ, որ այդտեղ շահերի էսկալացիոն բախում տեղի ունենա»։

Հենց հայկական Սյունիքն է դարձել այն կենտրոններից մեկը, որտեղ նոր  հարաբերություններ են ձեւավորվում ու խմորվում։ Եղոյանի դիտարկմամբ՝  Հայաստանի անելիքն է ճիշտ դիրքավորվել։  

Back to top button