ԿարևորՀասարակություն

Մոտ 3 000-ով ավելացած թոշակը կծածկի՞ երկնիշ գնաճը

Հայաստանում սեպտեմբերից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան։ Սա՝ բյուջեի եկամուտների ավելացման հաշվին։ Մինչ կառավարությունում ավելացումը կարեւորում են սոցիալական ապահովության տեսանկյունից, հանրությունը դժգոհում է՝ մի քանի հազար դրամի բարձրացումը չի կարող որեւէ կերպ ծածկել ամեն օր նոր թռիչք արձանագրող գների բարձրացումները։ Իսկ փորձագիտական դաշտում կարծում են, որ  բարձրացումները տնտեսական զարգացումներին ու գնաճին համահունչ չեն,  բայց և ընդգծում են՝ այս դեպքում պետք է առաջնահերթորեն հաշվի առնել ոչ թե ներկա իրավիճակը, այլ ապագայի հնարավորությունը։ Զգուշավորությունը  պայմանավորված է դրսից, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստանի տնտեսություն եկած անհամաչափ շոկերից։

Բազային կենսաթոշակի ավելացում 17, կենսաթոշակի բարձրացում՝ միջինում 7 տոկոսով։ Գործադիրում որոշեցին չսպասել մինչեւ հունվար ու կենսաթոշակներն աշնանը բարձրացնել։ Կառավարության ղեկավարն ընդգծում է՝ տնտեսական ցուցանիշերից գոհ են, մինչև հաջորդ տարեսկիզբ սպասելու կարիք չկա․

«Պետական եկամուտները հարկային եկամուտների մասով գերակատարվել է ավելի քան 70 միլիարդ դրամով, ուստի կենսաթոշակների, նպաստների բարձրացումը, որը նախատեսում էինք 2023 թվականի հունվարի 1-ից, որոշեցինք իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Ուզում ասել նաև, որ մյուս տարվա հուլիսի 1-ի կենսաթոշակի և նպաստի բարձրացումը շարունակում է մնալ ուժի մեջ»։

Սեպտեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակը պետք է ավելանա 3 հազար, զինվորական կենսաթոշակը՝ 2 հազար, նվազագույն կենսաթոշակը՝ 1900 դրամով։ Ակնկալվում է, որ աշխատանքային միջին ամսական կենսաթոշակը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորականը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով: Բարձրացվում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը`  սահմանելով 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ՝ 37000 դրամի փոխարեն։
           
Մինչ կառավարությունում սա համարում են լուրջ փոփոխություն, հանրությունն ու տնտեսագետները փորձում են գնահատել՝  որքանո՞վ սա «կծանրացնի» քաղաքացու գրպանը։
Արդյո՞ք բարձրացումները համահունչ են տնտեսական զարգացումներին ու գնաճին․ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ բյուջեն ավելին է թույլ տալիս, իսկ բարձրացումները պարզապես համարժեք չեն  առաջացած սոցիալական կարիքներին.

«Մենք 2020 թվականին մոտ 20 տոկոս կուտակային գնաճ ունենք։ Հատկապես սննդամթերքի մասով ավելի բարձր է։ Միաժամանակ մենք տարեկան և բարձր տնտեսական ակտիվության, և գնաճի բարձր տեմպերի պայմաններում ունենք նաև բյուջեի եկամուտների բարձր աճ՝ ևս 20 տոկոսը գերազանցող։ Մինչդեռ կենսաթոշակի չափի ավելացումը շատ ավելի համեստ է՝ 7 տոկոսի մասին է խոսքը, հատկապես, եթե նայենք՝ սոցիալական խնդիրները կուտակվել են  2020 թվականից այս կողմ, բայց բարձրացումը նոր է փորձում դա փոխհատուցել։ Այդ տեսանկյունից մի կողմից ընթացիկ հնարավորություններից, մյուս կողմից՝ կարիքներից հետ ընկած է»։

Այս տարի գնաճը թափ է հավաքել ու դեռ կանգ չի առնում՝ մոտենալով երկնիշի։ Հունիսին այն 10․3 տոկոս էր, հուլիսին՝ 9․3։ ԿԲ-ն գնաճի դեմ կոշտ քաղաքականություն է կիրառում՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ այն այս պահին 9․5 տոկոս է։ Չնայած ջանքերին՝ գները գուցե փոքր-ինչ զսպվում են, բայց  նահանջելու մտադրություն չունեն։ Հունիսին 2021-ի հունիսի համեմատ շուրջ 18 տոկոսով թանկացել են ալյուրը, հացը` 20, մակարոնեղենը՝ գրեթե 30 տոկոսով, տավարի միսը` շուրջ 20 տոկոսով, ավելի քան 25 տոկոսով` պանիրը։ ԿԲ-ում կարծում են՝ եթե դրամր չարժևորվեր, գնաճն ավելի բարձր կլիներ․ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը օրինակով է ներկայացնում.

«Եթե վերցնենք հունիսին արձանագրված 10․3 տոկոս գնաճը, ապա մենք կունենայինք մոտավորապես 1 տոկոսով ավելի բարձր գնաճ»։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է՝ բյուջեի ընթացիկ ծախսերը՝ կենսաթոշակի ու աշխատավարձի բարձրացումները․ երկարաժամկետ պարտավորություններ են։ Դրանք չեն կարող մի տարի բարձրանալ, հաջորդ տարիներին իջնել։ Եթե տնտեսական այս բումից հետո զարգացումները դանդաղեն, ապա խնդրներն ակնհայտ են լինելու։ Ուստի քաղաքականությունը պետք է հաշվարկված ու հացասարակշռված լինի։
Տնտեսագետները նկատում են՝ ավելացող հարկերի մեջ  զգալի մաս ունեն գնաճից ու անուղղակի հարկերից եկող բյուջետային եկամուտները։ Մեծ հաշվով, իհարկե, հարկերը սրանից ավելանում են, բայց մարդկանց գրպանն «անցնցում» չի մնում։ Իսկ եթե  ռուս-ուկրաինական պատերազմի բերումով փոքր-ինչ ակտիվացած տնտեսական  ցուցանիշերն էլ կարճաժամկետ լինեն, հետեւանքներն անպայման կտեսնենք։

«Ներկայիս իրավիճակը չպետք է դիտարկել որպես երկարաժամկետ երաշխավորված բյուջեի ավելացման հնարավորություն։ Հրապարակվել է ՏԱՑ-ը՝ 19․4 տոկոսով հուլիսի տնտեսական ակտիվությունը բարձրացել է՝ այն դեպքում, երբ ունենք 10 տոկոսին մոտ գնաճ։ Ընդհանուր անվանական արտահայտությամբ՝ մեր տնտեսությունը 30 տոկոսով ավելացել է։ Բայց այստեղ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը շատ մեծ է»։

Եթե կշեռքի մի նժարին թանկացումներն են ու սոցիալական խնդիրները, ապա մյուս նժարին ավելացող սոցիալական հատկացումները չեն հասցնի բալանսի բերել մարդկանց սոցիալական վիճակը։ Ամեն դեպքում Հայաստանի տնտեսությունը, չնայած ներկայիս ակտիվ ցուցանիշերին, բազմաթիվ անհամաչափ շոկերի ռիսկի առաջ է։ Արհեստական էֆեկտով երկիր եկած ակտիվությունը կարող է շատ արագ էլ սպառվել, ու եթե սոցիալական մեծ ծախսեր արվեն ու անհամարժեք հաշվարկներ, ապա տնտեսությունը ներքին շոկերից չի խուսափի։

Back to top button