ԿարևորՀասարակություն

«Կարեն Վարդանյան» հիմնադրամը խնդրանք ունի ՊԵԿ-ին կարեւոր մրցույթը կարող է խափանվել

 «Կարեն Վարդանյան» հիմնադրամն ակնկալում է մաքսային ծառայության աջակցությունն ու արագ աշխատանքը՝ կարեւոր մրցույթը չտապալելու համար։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Սեպտեմբերի 10-ին ու 11-ին Լեռնապատում տեղի է ունենալու ԱԹՍ-ների «Հավք 2022» մրցույթը, որին մասնակցում է 106 թիմ։ Վարդանյանը բացատրել է՝ կան թիմեր, որոնց կողմից մրցույթին ներկայացվելիք ԱԹՍ-ները վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ դետալները դեռ մաքսային ծառայությունում են, իսկ մաքսազերծման գործընթացը երկարատև է։  
           
«Ուղղակի խնդրանքս է, որ մաքսային ծառայությունն ընդառաջի, ու երեխաներին չզրկենք մրցույթին մասնակցելու հնարավորությունից»,-ընդգծում է Վարդանյանը։ Կիսաեզրափակիչ փուլի վերջին ժամկետը սեպտեմբերի 4-ն է, եթե մինչ այդ հարցերը չլուծվեն, երեխաները չեն կարողանա մասնակցել կիսաեզրափակչին»,-ասում է Վարդանյանը։ 
           
ԱԹՍ-ների «Հավք 2022» մրցույթի նախաձեռնողը «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամն է, որի տնօրենը մանրամասնում է՝ մրցույթին մասնակցելու է շուրջ 106 թիմ, որից 5-ը պրոֆեսիոնալներ են, 15-ը՝ սիրողական, 86-ը՝ դպրոցական թիմեր։ Վերջիններից 66-ն անցել է կիսաեզրափակիչ փուլ։ Երկօրյա մրցույթի ընթացքում 60 թռիչքի հնարավորություն է տրվելու։
           
Այս տարի անվանակարգերում կատարվել են փոփոխություններ՝ «Հեղուկ նյութերի սփռում», «Կրակի հայտնաբերում» և «Բեռների առաքում» անվանակարգերին ավելացել է նաեւ «Իրերի տեղորոշումը»։ Եվ որպեսզի դպրոցական թիմերը կարողանան ավարտին հասցնել իրենց մրցութային ԱԹՍ-ները, պետք է արագացնել անհրաժեշտ դետալների մի մասի մաքսազերծումը․ դրանք այժմ մաքսային ծառայությունում են։ Եթե դրանք արագ չմաքսազերծվեն, դպրոցականները չեն կարողանա մասնակցել կիսաեզրափակիչ փուլին։
           
«15 դպրոցական թիմի անհրաժեշտ սարքավորումները դեռ չեն մաքսազերծվել։ Ես  կխնդրեի մաքսային ծառայությանը՝ ընդառաջել և հնարավորինս արագ կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի չզրկենք երեխաներին մրցույթին մասնակցելու հնարավորությունից»․-ասում է «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button