ԿարևորՀասարակություն

Լուսնի «օկուպացիա» կամ հարցեր երկնքին․ Չինաստանի տիեզերական ծրագիրն ու ԱՄՆ-ի մտահոգությունները

Չինաստանը աշխարհում  երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, որը մարդ է ուղարկել տիեզերք և տիեզերակայան կառուցել։ Պեկինի տիեզերական ծրագիրը սկսվել է 1950-ական թվականներին, 1988 թ.-ին ստեղծվել է Ավիատիեզերական արդյունաբերության նախարարությունը, որը մի քանի տարի անց բաժանվել է երկու գերատեսչությունների՝ Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչության (CNSA) և Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի(CASC): Այսօր Չինաստանի նպատակն է տիեզերագնացներ ուղարկել Լուսին։ 

Չինացի առաջին տիեզերագնացը՝ Յանգ Լիվեյը, տիեզերք էր ուղարկվել Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչության (CNSA) կողմից:  Թռիչքը կարճ էր՝ ընդամենը 21 ժամ, բայց այն Չինաստանին շնորհեց երրորդ երկրի տիտղոսը, որը երբևէ մարդ է «գործուղել» տիեզերք, որն ապահով վերադարձել է Երկիր: Յանգ Լիվեյը պատմել է, որ Երկրից 30-40 կմ բարձրության վրա տիեզերանավը սկսել է տատանվել։10 հց-ից ցածր հաճախականությամբ տատանումները կարող են  վնասել մարդու ներքին օրգանները։

«Ես կարծում էի, որ հիմա կմեռնեմ։ Դիմացի՛ր, մի քիչ էլ՝ հրամայեցի ինքս ինձ։ Տատանումները տևել են 26 վայրկյան։ Դրանց ավարտից հետո ինձ վերածնված զգացի»։

Այսօր Չինաստանը նպատակ ունի տիեզերագնացներ ուղարկել Լուսին: Չինացի տիեզերագնացները չեն կարող աշխատել Միջազգային տիեզերական կայանում, քանի որ ԱՄՆ օրենքները ՆԱՍԱ տիեզերական գործակալությանն արգելել են տվյալներ փոխանակել Պեկինի հետ։ Չինաստանն ունի սեփական ազգային տիեզերական կայանը։ 2021 թ ապրիլի 29-ին Չինաստանը ուղեծիր է դուրս բերել կայանի հիմնական մոդուլը՝ «Տիանգոնգը»։ Կողմերը հաճախ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում՝ Լուսնի վրա բազա ստեղծելու առիթով։ ՆԱՍԱ-ի տնօրեն Բիլ Նելսոնը մեղադրել է Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությանն այն հարցում, թե լուսնային բազան պատրաստվում են ռազմականի վերածել։

«Մենք պետք է շատ անհանգստանանք, որ Չինաստանը կարող է վայրէջք կատարել Լուսնի վրա և ասել՝ հիմա այն մերն է, իսկ դուք հեռու մնացեք»։

Նելսոնին պատասխանել է Չինաստանի ԱԳՆ Չժաո Լիդզյանը՝ մեղադրելով Պեկինի ծրագրերը կանխամտածված զրպարտելու մեջ։

«Սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՍԱ-ի ղեկավարը բացահայտ ստում է և զրպարտում  Չինաստանին։ Վերջին տարիներին Միացյալ Նահանգները բացահայտորեն տիեզերքը սահմանել է որպես պատերազմական գործողությունների գոտի»:

2019թ․-ից Լուսին հասնելու հարցում ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը Չինաստանն է։ Բանն այն է, որ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմում տիեզերանավ վայրեջք կատարելու առաքելության հեղինակներն ամերիկացիները չէին։ Թեև դա տեխնիկական առումով ձեռքբերում և առաջընթաց չէր համարվում, այդուհանդերձ, չինացիներին հաջողվել էր Լուսինի վրա քայլ անել ամերիկացիներից առաջ։ Չինաստանի Լուսնային ծրագրի մեկնարկը 2007-ին տվել է «Չանյէ-1» կոչվող արհեստական արբանյակը, որը կրում է Չինաստանում Լուսնի ատվածուհու անունը։ 2020-ին  «Չանյէ-5»-ը երկիր է վերադարձել՝ իր հետ 1731 գրամ լուսնային գրունտ բերելով։ 2021-ին Չինաստանը և Ռուսաստանը որոշել են  համատեղ ստեղծել  Միջազգային գիտական լուսնային կայան։ Հայտարարության մեջ նշված էր․

«Միջազգային գիտական լուսնային կայանը բաց է բոլոր միջազգային գործընկերների համար, որոնք հետաքրքրված են կայանի նախագծման, մշակման, իրականացման և շահագործման համագործակցությամբ՝ ի շահ ողջ մարդկության»:

2019-ին Չինաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել, որով նախատեսում են համատեղ ծրագրով Լուսին փորձնական թռիչք իրականացնել։ Ծրագրով նախատեսում է ռուսական «Լունա-26» արբանյակի և չինական «Չանյե-7»  վայրէջքային ապարատի համատեղ շահագործումը Լուսնի ուղեծրում։ Նպատակը ջրային սառույց գտնելն է։  Ջրի հայտնաբերումը հնարավորություն կտա Չինաստանին Լուսնի վրա սեփական բազա ստեղծել՝ հիմնական անձնակազմով։ Չինաստանի պաշտոնական փաստաթղթերում այս նախագծի իրականացումը ենթադրվում է 2027թ-ին։

Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների պետական ​​կորպորացիան (CASC) այս ամիս հայտնել է, որ ներկայում մշակման փուլում գտնվող նոր սերնդի կառավարվող հրթիռը հնարավորություն կունենա մինչև 2030թ-ը տիեզերագնացներ ուղարկել Լուսին։ Լուսանային ծրագրին զուգահեռ Չինաստանը ջանքեր չի խնայում նաև կարմիր մոլորակ՝ Մարս հասնելու համար։ 2020թ-ին «Չանչժեն — 5» հրթիռակրով արձակվել է «Թյանվեն — 1» տիեզերասարքը։  «Թյանվենը» չինարենից թարգմանվում է որպես «հարցեր երկնքին»։ Սարքն  անվանումը ստացել է Չինաստանի «Մարտնչող Թագավորությունների» դարաշրջանի առաջին քնարերգու Ցյույ Յուանի համանուն ստեղծագործությունից։

Back to top button