ԿարևորՀասարակություն

Ինչ անել, եթե արտասահմանյան անծանոթ համարից զանգ եք ստանում

Ինչ անել, եթե արտասահմանյան անծանոթ համարից զանգ եք ստանում։ Ամենաճիշտը չպատասխանելն է, ամենակարևորը՝ հետ չզանգելը՝ զգուշացնում են մասնագետները՝ արձագանքելով անծանոթ համարներից ստացվող  զանգերի վերաբերյալ վերջին շրջանում հաճախակի դարձած ահազանգերին։ Նրանց կարծիքով՝  զանգերի նպատակն,  ամենայն հավանականությամբ, գումար կորզելն է։ Իսկ արդյո՞ք հնարավոր է պարզել, թե որ երկրից է զանգը և ի՞նչ նպատակ ունի․ հարցերն Արմինե Գևորգյանը մասնագետներին է ուղղել։

Մամուլում վերջերս հրապարակումներ եղան, որ հայաստանյան բջջային օպերատորներից մեկի բջջային քարտերը հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Ընկերությունը հերքեց  տեղեկությունը՝ այն  կեղծ ու շինծու որակելով։

Այդուհանդերձ, արտասահմանյան անծանոթ համարներից զանգերի մասին ահազանգերը վերջին շրջանում ավելացել են։ Ովքե՞ր են զանգում այդ համարներից, ինչո՞ւ և հնարավո՞ր է, օրինակ,  պարզել, թե որտեղից է զանգը՝  Կոնգոյի՞ց, թե՞ Ադրբեջանից։ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան․

«Եթե մարդիկ կասկածում են, որ ադրբեջանցիների ձեռքում հայտնվել են հայկական SIM քարտեր, այդ դեպքում երբեք չես իմանա, թե զանգը որտեղից է։ Իրականում ադրբեջանցիները շատ հեշտ կարող են հայկական համարներ ունենալ, որովհետև Իրանից կամ Վրաստանից  տուրիստներն այստեղից կարող են  համարներ գնել, փոխանցել նրանց․ դժվար գործ չի։ Նույն կերպ մեր հատուկ ծառայությունները կարող են ունենալ ադրբեջանական քարտեր ու բավական է մի ռուսաւտանցու խնդրել, որ Բաքվից համար գնի ու փոխանցի։ Եթե հայկական SIM քարտ կա ձեռքը ու ինքը զանգում է քեզ, դու ի՞նչ  իմանաս, որ զանգողը Մախմուդն է»։

ՏՏ անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը նկատում է՝ եթե ամեն ինչ ճիշտ է  արված, ընդհանրապես հնարավոր չէ  իմանալ, թե որ երկրից է զանգը։ Վերջերս բաժանորդներից շատերը  զանգեր են ստանում  Պակիստանից, Մոզամբիկից, Մեծ Բրիտանիայից ու  Ադրբեջանից։

«Էնքան տարբեր են ու ինչ-որ օրինաչափություն չկա, որ ասեմ՝ այսպես  կարող ենք ճանաչել, որ ադրբեջանական է ու դրանով կապահովագրենք մեզ։ Ավելի ճիշտ է ամեն դեպք դիտարկել առանձին»։

Մասնագետներն ասում են, որ այս խնդիրները  կարող են լուծել բջջային օպերատորների  համապատասխան ստորաբաժանումները։  Սամվել Մարտիրոսյանը հուշում է քայլերի հերթականությունը՝ ցանկալի է  այդ համարներից ստացված զանգերին չպատասխանել, եթե պատասխանել եք, երկար զրույցի չբռնվել, եթե բռնվել եք,  խոսակցություններին լուրջ չվերաբերվել, և ամենակարևորը՝ հետ  չզանգել ։ Մասնագետն ասում է ՝ երևույթը նոր չէ․

«Իրականում զանգում են գիշերվա ժամերին, որպեսզի մարդկանց թվա, թե կարևոր զանգ է, որ  հետ զանգի։ Իսկ եթե դու հեռախոսը վերցնում ես այդ պահին, ապա ոչինչ չես լսում, ուղղակի քեզանից մեծ գումար է գանձում»։

Կանխավճարային քարտատերերը կորցնում են հաշվին առկա գումարը, հետվճարային քարտեր օգտագործողներն ավելի մեծ վնաս են կրում։

Հիշեցնենք՝ 44 –օրյա պատերազմի օրերին  ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներից խաթարվել էր Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջվել նշված սերվերների պահուստային պատճենները, ինչի հետևանքով դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։

Back to top button