ԿարևորՀասարակություն

Բերձորում ենթակառուցվածքների տեղափոխումն ընթացքի մեջ է․ Արցախի ՏԿԵ նախարարություն

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունը կդադարեցվի սեպտեմբերի մեկից։ Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ մինչեւ օգոստոսի 31-ը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը կապահովեն ռուս խաղաղապահները։ Մինչ Կոռնիձորով նոր մայրուղու կառուցումը տեղաշարժը կիրականացվի 4.7 կմ-անոց ժամանակավոր ճանապարհով, որն անցնում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։ Ինչպես է լուծվելու ենթակառուցվածքների՝ գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ինտերնետի տեղափոխման  հարցը։  Արցախի ՏԿԵ նախարարությունից «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են, որ այդ  աշխատանքներն ընթանում են։

Արցախի անվտանգության խորհրդի նիստում որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Արցախից Հայաստան կապն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։

Անվտանգության խորհրդի նիստին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Հարությունյանը նշել է, որ երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող  մոտ 4,7 կմ հատվածի ասֆալտապատումն ավարտվել է:

Հաշվի առնելով առկա մտահոգությունները՝ Արցախի ՆԳ նախարարությունը  օրվա ընթացքում  երկու անգամ` կեսօրին և երեկոյան, թարմացնում  է Բերձորի գործող միջանցքին վերաբերող տեղեկատվությունը։ Գերատեսչությունը վստահեցնում է՝ Բերձորով քաղաքացիների անվտանգ տեղաշարժը շարունակում են ապահովել ռուս խաղաղապահները։

Իսկ ի ՞նչ փուլում է Բերձորից կոմունիկացիաների տեղափոխումը։  

Արցախը սնուցող ենթակառուցվածքները ճանապարհի գործող հատվածից նոր երթուղի տեղափոխելու համար աշխատանքները սկսվել են՝ տեղեկացնում են Արցախի ՏԿԵ նախարարությունից: Որքա՞ն կտևի այս գործընթացը, դեռ պարզ չէ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ասում է Արցախի ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Այս պահի դրությամբ կարող եմ հստակ նշել, որ կապի խնդիրը վերջնական լուծված է։ Էլեկտրաէներգիայի խնդիրը լուծման ընթացքի մեջ է։ Գազամատակարարման հարցում կառավարությունը ուղիներ է փնտրում, որպեսզի գազամատակարարումն ավելի անվտանգ իրականացվի Արցախում։ Մտածում են ավելի օպտիմալ տարբերակներ կիրառել, գազամատակարարումն ավելի արդյունավետ ու անվտանգ իրականացնելու համար, որպեսզի ավելի վստահ լինենք, որ մեր հսկողության տակ է եւ ամեն անգամ անակնկալի չգանք։

Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի հարցը լուծելու առումով մեծ աշխատանք է արվում այս պահին, դա փաստ է, սակայն չեմ կարող հստակեցնել թե ինչ չափով է գործն արվել եւ թե ինչքան է մնացել այն ավարտին հասցնելու համար»։

Ավելի վաղ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն էր վստահեցրել, որ էլեկտրագծերի կառուցման աշխատանքները շարունակվում են, իսկ գազի հարցում այլ լուծումներ է պետք գտնել: «Մինչև դրանք գտնելը  գազատարը կանցնի այն հատվածով, որով այժմ է անցնում»,- ասել էր նախարարը՝ հիշեցնելով այս տարվա մարտին Արցախում գրանցված  գազային ճգնաժամի մասին։

Հայկ Խանումյանի խոսքով՝ հաշվի են առնվում հավանական ելքերը։ «Թշնամին բավականին մոտ է մեր բնակավայրերին, մեր ենթակառուցվածքներին, մեր ճանապարհներին, մտավախություն միշտ էլ կա։ Բայց, այնուամենայնիվ, որոշակի սցենարներին պատրաստվելու գործ արվել է»,– ասել էր նախարար Խանումյանը։ Նախարարության մամուլի խոսնակը եւս «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մտավախություններ էր հայտնել։

«Ադրբեջանական կողմի մասին չենք կարող 100%-ոց վստահություն տալ, քանի որ չգիտենք՝ ինչ են մտածում, ինչ են անելու։ Մենք մեր կողմից այնպիսի աշխատանքներ են կատարում, որպեսզի նրանցից ոչ թե ավելի քիչ, այլ ընդհանրապես կախվածություն չունենանք, որ ինքներս կարողանանք կառավարել մեր ենթակառուցվածքները»։

Իսկ առայժմ  Արցախի Հանրապետությունը սնուցող ենթակառուցվածքները կշարունակեն գործել՝ համաձայն ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների։

«Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ կերաշխավորեն Ադրբեջանի վերահսկողության ներքո ենթակառուցվածքների անխափան աշխատանքը», – Հանրային ռադիոյի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին Արցախի նախագահի աշխատակազմից։

Միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը Արցախի գազամատակարարման հարցում ռիսկեր է տեսնում․

«Եթե կոմունիկացիաները մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ամբողջ կոմունիկացիան անցնում է Լաչինի միջանցքով, ապա առանց կասկածի կարող ենք շեշտել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է կապերը խզելու համար։ Խոսքը նաեւ գազամատակարարման մասին է, քանի որ նախկինում էլ հնարավորության դեպքում պայթեցնում էին, հիմա կարող են փակել․․․ Եթե սա մնում է Լաչինի միջանցքով, ապա Ադրբեջանը լրջագույն ռիսկեր կառաջացնի»։ 

Գազատար խողովակների տեղափոխումն, ըստ էության, մեկնարկելու է միջանցքի նոր երթուղու պատրաստ լինելուց հետո միայն: Թե ենթակառուցվածքները որքան անխափան կգործեն Ադրբեջանի վերահսկողությամբ, կարող ենք դատողություններ անել՝ հիշելով նախադեպերը: Ներկայում գործող ենթակառուցվածքների մի մասը Շուշիի հատվածում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքով , և այս ընթացքում ադրբեջանցիները բազմաթիվ խնդիրներ են հարուցել թե գազի, թե էլեկտրականության մատակարարման հարցերում։

Back to top button