ԿարևորՏնտեսական

Փամբակ խոշորացված համայնքում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ շարունակվում են պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքները։ Հընթացս ամփոփվում են նաև արդյունքները։

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն այս անգամ հանդիպել են Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։

Այցի ընթացքում նրանք եղել են Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ:

Վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը բնակիչների հետ զրուցել են պետական աջակցությամբ 2021֊2023 թ.թ. իրականացվող ծրագրերի արդյունավետության, կարևորության մասին, անդրադարձել նաև ոլորտային խնդիրներին։

Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը գյուղատնտեսական աջակցության ծրագրերի շահառուներից է: Նա 3 միլիոն դրամ վարկ է վերցրել՝ 0 տոկոս տոկոսադրույքով, այս միջոցներից նախ՝ 460 մետր խողովակ է գնել, ջրավազան և ոռոգման ցանց կառուցել, ապա՝ ազնվամորու «պոլկա» տեսակի 8 տնկի է բերել Ռուսաստանից:

2 տարվա ընթացքում 8 տնկիներից 800 հազարանոց տնկարան է ստացել: Բիզնեսն ընտանեկան է, ընտանիքով մշակում են, ընտանիքով կազմակերպում հավաքչությունն ու իրացումը: Բերքատվությունը շատ բարձր է, պտուղը՝ խոշոր, համային և որակական հատկանիշները՝ ևս, ցրտադիմացկուն են, տարվա ընթացքում 2 անգամ բերք են հավաքում և այն մեծ պահանջարկ ունի:

— Մեր վերցրած վարկն ամբողջությամբ ծառայել է նպատակին, մի քանի ամսվա մեջ ամեն ինչ արագ կազմակերպեցինք, և այգին կարճ ժամանակամիջոցում սկսեց փակել վարկը: Ազնվամորու մշակությունը շատ եկամտաբեր է: Այս պետական ծրագիրը բավականին մեծ աջակցություն է գյուղացուն,- ասում է Ս. Վարդումյանը:

Որպես վարչական ղեկավար՝ նա տեղեկացրեց նաև, որ ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Վահագնիում: Մոտ 30 տարի գյուղի չմշակված վարելահողերում գյուղացիները վերջին տարիներին սկսել են ցորեն, կարտոֆիլ ցանել: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ բնավայրում մշակվող հողտարածքներն ավելացել են 71 հա֊ով։

Գյուղացիական աջակցության ծրագրերից օգտվել է նաև Վահագնիի բնակիչ Արկադի Քոչինյանը: Սուբսիդավորվող վարկատեսակով, 5 տոկոս տոկոսադրույքով, 3 միլիոն դրամ վարկ է վերցրել, 8000 քառ մ տարածքում ազնվամորու տնկարան է հիմնել: Գնել է ազնվամորու 10.000 թուփ, կաթիլային ոռոգման համակարգ կառուցել, իսկ այս տարի Ավստրիայի զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի միջոցով հակակարտային ցանց է տեղադրել:

Նրա խոսքերով՝ այգեգործության ոլորտում հնարավոր է հաջողության հասնել, երբ պետությունը օգնում է, իսկ գյուղատնտեսն իր աշխատանքը ճիշտ է կազմակերպում:

Վահագնիի գյուղատնտեսները մարզպետարանի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնեցին կառավարությանը կարևոր ծրագրեր ներդնելու համար:

Ա. Թումանյանը և Ա. Շահվերդյանը Վահագնիի գյուղատնտեսներին հիշեցրեցին, որ մինչև 2023 թվականը հատապտղանոցների հիմնման համար պետությունը 2 տարբեր ծրագրեր է առաջարկում։ Վարկերը տնտեսվարողներին հասանելի են 2 տոկոս փաստացի տոկոսադրույքով, մինչև 8 տարի ժամկետով, այգեհիմնման դեպքում կտրամադրվի արտոնյալ ժամկետ՝ մինչև 5 տարի: 2-րդ բաղադրիչով պետությունը հատուցում է ծախսերի կեսը՝ վերադարձնելով տնտեսվարողի այգեհիմնման ծախսի 50 տոկոսը: Վարչության պատասխանատուները Վահագնիի գյուղատնտեսներին հիշեցրեցին, որ ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականը և կոչ արեցին օգտվել ընձեռված հնարավորությունից:

Back to top button