ԿարևորՀասարակություն

Մյուս գյուղերի համեմատ մեր գյուղը շահավետ վիճակում է. Երվանդաշատում խնդիրները պակասել են

Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ համայնքում վերջին տարիներին նվազել են խնդիրները. սուբվենցիոն ծրագրերի և այլ ներդրումների շնորհիվ փոխվել է  կյանքի որակը: Կառուցվում են գյուղամիջյան ճանապարհները, տեղադրվում արևային ֆոտովոլտային կայան, փողոցները լուսավորված են, իսկ 2020թ-ին մշակույթի տան երկրորդ հարկը վերակառուցվել է մանկապարտեզի, որի շինարարությունն արդեն 2 տարի ավարտվել է, բայց  դեռ չի գործում՝ արտոնագիր չունենալու պատճառով: Գյուղում մասնագիտական չափորոշիչներին համապատասխանող կադրեր չկան։

Սահմանամերձ Երվանդաշատը սակավաթիվ համայնքներից է, որտեղ գյուղացիները չեն բողոքում, ապրում ու արարում են՝ հող մշակելով, թեպետ գյուղում խնդիրներ դեռ կան՝ չունեն բնական գազ ու տրանսպորտ: Տրանսպորտի խնդիրը պետք է լուծվեր այս տարեկզբին՝ միասնական երթուղիների մրցույթի միջոցով: Մրցուրյթները կայացել են, բայց արդյունքներն ամիսներ շարունակ դեռ վիճարկվում են դատարաններում: Իսկ բնական գազ ունենալու երազանքն առկախված է: Գազի մասին հիշեցնում են  Վանանդից Երվանդաշատ ճամփեզրերի հենասյուները: Այդուհանդերձ, բնակիչները դժգոհ չեն.

«Եթե մեր համայնքը համեմատենք մյուս համայնքների հետ, մենք շահավետ վիճակում ենք. 24 ժամ խմելու ջուր ունենք, գիշերային լուսավորություն ունենք: Ի տարբերություն մյուս համայնքների՝ մեր փողոցներն ամբողջ գիշեր լուսավորված են մինչև առավոտ: Գազն էլ ,որ լինի, բայց դե գիտենք, թե ինչու չեն քաշում, որովհետև սպառողն է քիչ: Այնպես որ, մենք շահեկան վիճակում ենք, բողոքելու տեղ չունենք»:

Գազի խնդրով զբաղվում է Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը։ Ասում է՝ ծախսը շատ է, միայն սուբվենցիայով հարցը չի լուծվի, ներդրողներ են անհրաժեշտ: Իսկ Բաղրամյան համայնքի հողերի մեծ մասը խոշոր հողատերերինն է: Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը պատրաստվում է հարցը քննակել նրանց հետ.

«Նախատեսել ենք մեծ հողատերերի հետ հանդիպում, որպեսզի հասկանանք, թե իրենք ինչքան են պատրաստ ներդրում անելու, որովհետև գազատարը նրանց հողերի միջով է անցնելու, և իրենք նույնպես կօգտվեն գազից: Հետո կնայենք մեր հնարավորություններին, կառավարության աջակցությանը,  ինչպես նաև անհատ ներդրողների կամ դոնոր կազմակերպություների ֆինանասական օգնությանը, այլապես՝ միայն համայնքի բյուջեով չենք կարող գազիֆիկացնել»:

Սահմանամերձ համայնքներ գազ հասցնելը թանկ արժե՝ երեք միլիարդ դրամից ավելի: Եռակողմ համաձայնությամբ գործն ավարտին կհասցնեն: Համագործակցության նման փորձ ունեն ՝ Բաղրամյան համայնքի  Լեռնագոգ գյուղում 4.5 կմ երկարությամբ ոռոգման ջրատար է կառուցվել:

Այս տարի Երվանդաշատում սուբվենցիոն ծրագրերով կշարունակեն ասֆալտապատել կենտրոնական՝ Ազատության  փողոցի շարունակությունն ու Սահմանապահների փողոցը: Պայմանագրի արժեքը 30.5 մլն դրամ է, որի 40 տոկոսը վճարելու է համայնքը:

«Ճանապարհ չունենք, գյուղամիջի մի մասը  սարքել են: 50 տարի չկար, լավ է, որ անցած տարվանից ճանապարհը կառուցեցին: Հիմա հուշարձանից վերև  դեպի Արմավիր գնացող ճանապարհն էլ որ սարքեն, ժողովրդին այդքան դժվարություն չի լինի: Եկել եք ու  տեսել, որ ճանապարհ չկա»:

Վարորդի նշածը Մ5 Երևան-Արմավիր-Թուրքիայի պետական սահման միջպետական  ճանապարհն է, որտեղ անբարեկարգությունները հարթվում են  փոսալցումների միջոցով: Գյուղամիջյան ճանապարհները կառուցում է  «Ճանշինվարպետ» ՍՊԸ-ը: Գլխավոր ճարտարագետ Աշոտ Սահակյան.

«Հիմնանորոգվում են Ազատության և Սահմանապահների փողոցների հատվածները՝ խճային հիմքի նախապատրաստում, ձյութի տարածում և ասֆալտապատում: Երկար ժամկետ են տվել, բայց մենք շատ արագ կավարտենք»:

Սահմանամերձ համայնքում  սուբվենցիայով նախատեսվում է մշակույթի տան տանիքին կառուցել 25 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան՝ ավելի քան 16 մլն դրամ պայմանագրային արժեքով: Մշակույթի տան 2-րդ հարկը 2020թ. ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի:  Շինարարությունն արդեն 2 տարի ավարտվել է, բայց չի գործում: Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ Հովնան Ավետիսյանը նշում է, որ կադրերի պատճառով մանկապարտեզին արտոնագիր չի տրվում՝ մասնագետները չեն համապատասխանում չափորոշիչներին:  

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, հետևելով սուբվենցիոն աշխատանքներին, գյուղացիներին վստահեցնում է, որ գյուղում կյանքի որակն աստիճանաբար բարելավվելու է։

«Լավատեսությամբ զինված՝ բոլորս պետք է մեջք- մեջքի տանք, խնդիրները լուծելով՝ գնանք առաջ, իսկ ընթացիկ խնդիրներին էլ պետք է դիմակայենք: Պետք է հասկանանք, որ դրանք ժամանակավոր են և լուծման միտումներ ունեն, այսինքն՝ անհույս վիճակ չէ»:

Մարզպետի խոսքով՝ տարեցտարի պակասելու են այն խնդիրները, որոնց լուծումը տարիներ առաջ թվում էր անհաղթահարելի: Երվանդաշատում անցած տարի Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքի 10 տոկոս ներդրմամբ վերականգնվել է  ներտնտեսային ոռոգման ցանցը, բայց «Ջրաղացի առու» կոչվող հանդամասում դեռ ոռոգման խնդիր կա:  

Back to top button