ԿարևորՀասարակություն

Բերձորից, Ներքին Սուսից և Աղավնոյից հուշարձանների տարհանումն ավարտվել է

Առաջնորդվելով Արցախի Հանրապետության կառավարության 2019թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա ԱՀ ԿԳՄՍ նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ), տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ այս պահին հուշարձանների տարհանման գործընթացն ավարտված է։

Տեղափոխվել է, ընդհանուր թվով, մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10․000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում։

Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում նույնպես տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի (որտեղ գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր), սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարի (գտնվում էր Բերձորի հուշահամալիրում, Վազգեն Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ և ցանկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում)։

Տարհանված մյուս հուշարձանների մասով կան տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկություն կա խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու բակում։ Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Տարհանված հուշարձանների ճակատագրին վերաբերող առաջարկները կքննարկվեն լիազոր մասնագիտական շրջանակում և համապատասխան որոշումներ կընդունվեն։

Back to top button