Երաժշտական եռանկյունի

Գրիգոր Հարությունյան. խմբերգային արվեստ․ «Երաժշտական եռանկյունի»

Երգչախմբային արվեստը մշտապես «Երաժշտական եռանկյունու» ուշադրության կենտրոնում է, որովհետև այն հանդիսանում է որպես ազգային երաժշտության կարևորագույն դրսևորում, ընդգրկում է բազմերանգ երգացանկ՝ մանկակական, ժողովրդական, հոգևոր և կոմպոզիտորական:

Հայաստանը հպարտանում է իր Ազգային կապելլայով, «Հովեր» պետական կամերային երգչախմբով, բազմաթիվ եկեղեցական կոլեկտիվներով և հատկապես մանկական երգչախմբերով:

Խմբավար Գրիգոր Հարությունյանը հանդիսանում է որպես երիտասարդ երաժիշտների սերնդի ներկայացուցիչ և իր ողջ ստեղծագործական ուղին նվիրել է երգչախմբային արվեստի դժվարին մասնագիտությանը:

Խմբավարությունը ընտրել է շատ վաղ հասակում, երբ դեռևս երգել է եկեղեցական երգչախմբում, սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի խմբավարական բաժնում, այնուհետև սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը:

«Խմբավարի մասնագիտությունը պահանջում է մշտական կատարելագործում, խմբավարն ամբողջ իր կյանքում սովորում է ո՜չ միայն ավագ սերնդից, այլ նաև շատ հաճախ երգչախմբի անդամներից: Մասնագիտական հմտությունները հղկվում են տարիների ընթացքում, և խմբավարի փորձը կարևորագույն հանգամանք է դառնում այս մասնագիտության մեջ», — ասում է Գրիգոր Հարությունյանը:

Հենց այս մոտեցումը մղում է երիտասարդ երաժշտին խորացնել ուսումը, նա ավարտում է խմբավարական բաժնի մագիստրատուրան և ուսման տարիների ընթացքում արժանանում է Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակի:

Դեռևս կոնսերվատորիայում ուսման տարիներից նա սկսում է իր աշխատանքն Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես երգեհոնահար և ղեկավարում թեմական «Արարատ» երգչախումբը:

2016-ից առ այսօր աշխատում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երգչախմբային ամբիոնում որպես դասախոս, ղեկավարում քոլեջի երգչախումբը:

«Ես տեսնում եմ մեծ անհրաժեշտություն մանկավարժության ոլորտում զարգացնելու երգչախմբային արվեստը և դասավանդում եմ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, ինչպես նաև ղեկավարում դպրոցական երգչախումբը»,- ասում է խմբավարը:

Գրիգոր Հարությունյանի ղեկավարած «Արարատ» երգչախումբը մասնակցում է Հայաստանյան և միջազգային մրցույթներին՝ արժանանալով բաձր գնահատականի: 2016-ին «Վերածնունդ» 8-րդ մրցույթ փառատոնում Գրիգորն արժանացել է լավագույն խմբավար մրցանակի: Նաև ձեռնադրվել է, ստացել է դպրական հոգևոր աստիճան:

Գրիգոր Հարությունյանը երջանիկ է իր մասնագիտության մեջ և չի տարանջատում խմբավարությունը մանկավարժությունից՝ համարելով, որ երգչախմբային արվեստը այն ոլորտն է, որը հարստացնում է և՛ երգչախմբի անդամներին, և՛ ունկնդրին՝ հաղորդակից դարձնելով ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին:

Հաղորդման ընթացքում հնչում են Գրիգոր Հայրապետյանի ղեկավարած երգչախմբերի բազմաթիվ կատարումներ:

Back to top button