

Սա պատմություն է միջազգային ճանաչում ստացած հայ առաջին ջութակահարուհու ընտանիքի մասին։ Մանկությունից աղջկա կյանքը լի էր պոեզիայի և արվեստի նկատմամբ սիրով, իսկ երաժշտությունը կախարդում էր նրան։ Աստվածային շնորհի հետ նրան էին փոխանցվել նաև ծնողների երաժշտական ունակությունները։
Անահիտ Ցիցիկյանի հայրը՝ Միքայելը, որը ծնվել էր Թիֆլիսում և 1909 թվականին ավարտել Թիֆլիսի գիմնազիան, լավ էր երգում։ Գրագետ և բանիմաց, բազմաթիվ երկրներով շրջագայած և տարբեր լեզուներ իմացող մարդուն 1920-1921 թվականներին գործուղել էին Թուրքիա՝ գաղտնի հետազոտությունների։ Արևմտյան Հայաստանում, հատկապես, նա պետք է ուսումնասիրեր տեղի հայության վիճակը, անց կացներ մարդահամար, հերքելու` Օսմանյան կառավարության կողմից տրված կեղծ տեղեկատվությունները։
Լեզուների փայլուն իմացությունը օգնում է նրան չբացահայտել սեփական անձն ու կրկին վերադառնալ Լենինգրադ։ Այստեղ նա ամուսնանում է Հերսիլիայի հետ։ Նրանք ծանոթացել էին Երևանում, երբ Միքայելն աշխատանքային հարցերով այնտեղ էր մեկնել։ Այդպես, նրանց ամուսնությունից, 1926 թվականի օգոստոսի 26-ին ծնվում է Անահիտը։
Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Անահիտը 15 տարեկան էր։ Լենինգրադից նրանք մոր հետ մեկնում են Երևան, իսկ Միքայելը մնում է քաղաքում՝ թիկունքում աշխատելու համար։
Նա զոհվում է քաղաքի պաշարման ժամանակ, իսկ Անահիտին այդպես էլ չի կարողանում գտնել հոր գերեզմանը։




Մայրը՝ Հերսիլիա Մալխասյանց-Ցիցիկյանն արմատներով երևանցի էր։ Չնայած նա Երևանից գնացել էր Մոսկվա՝ բժշկական ինստիտուտում սովորելու, մեկ է երաժշտության հանդեպ սերը շատ մեծ էր։ Եվ հենց այդ սերն էր «պատճառը», որ Հերսիլիան սովորում է նաև նվագել՝ հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբոր՝ Լևոնի մոտ։
Սրան զուգահեռ նա դառնում է հայտնի ակնաբույժ, արժանանում վաստակավոր բժշկի կոչման, դառնում ակնաբուժական կլինիկայի համահիմնադիրներից մեկը։
Իսկ Անահիտը վեց տարեկանից, երբ ապրում էին Լենինգրադում, սկսում է ջութակ նվագել։ Այստեղ նա աշակերտում է շատ տաղանդավոր երաժիշտների՝ Գրիգորի Գինզբուրգին և Լև Ցեյտլինին։ Անահիտ Ցիցիկյանի դուստրը՝ Նունե Շամախյանն է պատմում։
1946-1950-ական թվականներն էին, երբ Անահիտը մտավ Երևանի պետական կոնսերվատորիա և անսահման ուրախություն ապրեց. նրան ուղղորդեցին պրոֆեսոր Կարպ Դոնբաևի դասարան։ 4 տարի այստեղ սովորելուց հետո նա ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան, որտեղ նրա ղեկավարն էր Կոնստանտին Մաստրասը։ Հենց այստեղ էլ սկսվեց Անահիտի համերգային լայնածավալ գործունեությունը։ Նա 1961 թվականին դարձավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրա նվագացանկում մեծ տեղ զբաղեցրին ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նա այդ ստեղծագործություններից շատերի համահեղինակն է։
Այդ համերգներին հաճախ էր իր ընկերների հետ ներկա գտնվում մի շատ հետաքրքիր արտաքինով երիտասարդ, որն աչք չէր կտրում տաղանդավոր ջութակահարուհուց և ամենևին, հաշվի չառնելով նրա խիստ զբաղվածությունը, գրեթե ամեն օր սկսում է սիրահետել աղջկան։ Այդ երիտասարդն ինժեներ Վիլեն Շամախյանն էր։
Նրանք ամուսնանում են, ունենում են երկու աղջիկ՝ Նունեն և Անին, որոնք երկուսն էլ դառնում են շնորհալի երաժիշտներ։ Նունեն «Անահիտ Ցիցիկյան» հիմնադրամի նախագահն է, նաև կազմակերպում է հանրահայտ ջութակահարուհուն նվիրված համերգներ ու միջոցառումներ։ Նրա շնորհիվ երիտասարդները շատ բան են իմանում Անահիտ Ցիցիկյանի կատարումների ու կատարողական արվեստի մասին։ Նունեն պատմում է, որ մայրը շատ մեղմ էր, միշտ ցածր էր խոսում, հանգիստ, ինչպես այս ազնվագույն գործիքի գրեթե բոլոր երկրպագուները։
Իր գործունեության ընթացքում Անահիտ Ցիցիկյանն ունեցել է 1000-ից ավել համերգներ, 60 ֆոնդային ձայնագրություններ, հեղինակ է շուրջ 300 հոդվածների ու զեկուցումների։
Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանն է պատմում։ Անի Հովսեփյանը՝ Ցիցիկյանի մյուս դուստրը, ապրում է ԱՄՆ-ում։ Նա դաշնակահարուհի է, երգեհոնահարուհի և զբաղվում է նաև երաժշտագիտությամբ։ Հենց դաշնակահարուհին է պատմում իր աշխատանքային գործունեության մասին։
Այս ընտանիքում տաղանդավոր ջութակահարուհու՝ Անահիտ Ցիցիկյանի արվեստը շարունակում է թոռը՝ ջութակահար Հայկ Հովսեփյանը, որն ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Իր գործունեության ընթացքում միշտ հիշել է տատի խոսքը. «Դու ունես երաժշտական ճաշակ, վարպետություն, միայն շատ աշխատել է պետք»։
Հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն Անահիտ Ցիցիկյանի մասին ասել է. «Անահիտ Ցիցիկյանի արվեստից ճառագում է գունեղ ազգային կոլորիտ՝ ժամանակակից երաժշտական արվեստին հատուկ ընդգծված ժողովրդական հնչերանգով»։