Վերնատուն

«Մշակույթների երկխոսություն»–ը 10 տարեկան է․ «Վերնատուն»

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյա հոբելյանը։ Կա՞, արդյոք, իրական մշակութային երկխոսություն Հայաստանի ներսում և սահմաններից դուրս և ինչպե՞ս է այն դրսևորվում։

«10 տարի անց, կարող եմ ասել, որ այո, կարողացել ենք իրականացել այն ամենը, ինչին ձգտել ենք դեռ 2012թվ․-ին։ Բացահայտել կերպարվեստի ու մասնավորապես արվեստի կառավարման ոլորտի բացերը և հաստատել մշակութային երկխոսություն ոչ միայն Հայաստանում գործող կազմակերպությունների ու հաստատությունների, այլև Հայաստանից դուրս գործող կառույցների միջև»,– ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Երևանյան գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Սոնա Հարությունյանը վստահ է, եթե կա ցանկություն և հետևողականություն, կան համախոհներ՝ հնարավոր է իրականացնել, այն գաղափարները, որոնք կարծում ենք, ոչ միայն պետությանը օգտակար կլինի այլ նաև հայրենքին։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ի սկզբանե նպատակ է ունեցել հանրահռչակել ժամանակակից արվեստը՝ մասնավորապես կերպարվեստը։ Խոսելով կազմակերպության կարևոր ձեռքբերումներից Սոնա Հարությունյանն առանձնացնում և կարևորում է՝ արվեստագետների փոխանակման երկարաժամկետ ծրագրերը, Երևանյան գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադրումն ու իրականացումը, Հայաստանում օտարազգի արվեստագետների անհատական ցուցահանդեսները։

Ասում է, երբ 2012 թվականին հիմնադրեցինք կազմակերպությունը Հայաստանում մշակույթի, մասնավորապես՝ կերպարվեստի ոլորտում անկախ գործող հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնք հետամուտ էին կերպարվեստի զարգացմանը, քիչ էին և իրենք փորձել են համալրել այդ սակավաթիվ կազմակերպությունների շարքը։

Այս օրերին Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հոբելյանական ցուցահանդեսը՝ հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրագետ Հերման Նուրդերմերի երևանյան անհատական ցուցահանդեսը։ Սեպտեմբերի 15-ին կբացվի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։

Back to top button