Մասնագիտություն

Մետաղագործությունը` ստեղծագործ վարպետների ստեղծագործ մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ նկատել են մետաղների բացառիկ հատկութունները և դրանց օգտագործումը մարդկության պատմության մեջ դարձավ խոշոր նվաճում։ Իրենց իդեալական հատկությունների շնորհիվ մետաղները ծառայեցին մարդուն, իսկ գեղարվեստական մշակման և փորագրման արդյունքում ժողովրդական արհեստների վարպետների հմուտ ձեռքերում վերածվեցին արվեստի գործերի։ Գեղարվեստական փորագրությունը գրաֆիկական արվեստի տեսակ է։

Աշխատանքային հատուկ գործիքներ, հմտություններ, տեխնիկական աշխատատար գործընթաց և անսպառ երևակայություն, որոնց արդյունքում ստեղծված ինքնատիպ գրությունները, պատկերներն ու զարդանախշերը յուրաքանչյուր մետաղական առարկայի բացառիկ տեսք և հատուկ արժեք են հաղորդում։

Մետաղը փորագրելու եղանակները շատ են: Եթե հնում այն հնարավոր էր իրականացնել միայն սեփական ձեռքերի և հատուկ աշխատաքային գործիքների օգնությամբ, ապա այժմ մետաղի վրա փորագրությունը լինում է նաև էլեկտրամեխանիկական, լազերային։

Հայկական լեռնաշխարհն անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մետաղի իր հանքերով, և մետաղի գեղարվեստական մշակումը Հայաստանում զարգացած ու տարածված է եղել, դրա վառ ապացույցն են պահպանված, ինչպես նաև պեղումների արդյունքներում հայտնաբերված դեկորատիվ-կիրառական այդօրինակ բացառիկ ստեղծագործությունները, նաև ձեռագիր մատյաններում, ժողովրդական բանահյուսության մեջ բազմաթիվ հիշատակությունները։

Հայ ժողովուրդը, ունենալով կիրառական արվեստի բազմադարյա ավանդույթներ և մետաղագործ փայլուն վարպետներ, ձևավորելով դեկորատիվ-կիրառական արվեստի ուրույն դպրոց, դարերի ընթացքում մեր մշակութային գանձարանը հարստացնելով բարձրարվեստ ստեղծագործություններով, այսօր էլ նոր շունչ ու կիրառական նոր նշանակություն է տալիս այս յուրահատուկ արվեստին։

Զրույց մետաղի գեղարվեստական փորագրող, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի գեղանկարչության և քանդակագործության արտադրական ուսուցման վարպետ Սերոբ Բայրամյանի հետ:

Back to top button